Ընտրություն՝ հնի ու նորի միջեւ

05/06/2018 09:43
Ընտրություն՝ հնի ու նորի միջեւ

Լուսանկարներն արված են տարբեր տարիների, սակայն գյուղում վիճակը չի փոխվել


Գեղարքունիքի մարզի Վանեւան համայնքում, ինչպես արդեն առիթ ունեցել ենք  ներկայացնելու, առաջիկա կիրակի օրը տեղի է ունենալու համայնքի  ղեկավարի ընտրություն: Գործող գյուղապետ Նորայր Հարությունյանի դեմ պայքարում է նույն գյուղի բնակիչ, ձեռներեցությամբ զբաղվող Էմին Սարգսյանը: Վերջինիս թեկնածությունն առաջադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Фото Հայկական Ժամ-www.hzham.am.

Իսկ գյուղապետը լինելով երկար տարիների ՀՀԿ-ական, վերջին իրադարձություններից հետո դուրս է եկել կուսակցությունից: Ավելին, լրագրողիս հետ զրույցի ընթացքում, մեղադրում էր նախկին հայրենի կուսակցությանը, որ խանգարել է իրեն աշխատել: Տարիների անգործությունը վերագրելով ՀՀԿ-ի խանգարելուն, Ն. Հարությունյանն ասաց.

-Եթե այդ կուսակցությունը երկրում սոցիալական-տնտեսական խնդիրներ չի լուծել, եթե լուծեին մենք էսօրվան կլինեինք:

-Դա գյուղապետերի արդարացումն է՝ թե մեզ ճնշում էին, մենք չէինք աշխատում:

-Մենք ի՞նչ բարոյական իրավունքով կարող էինք դեմ դուրս գալ նրանց, ի վերջո ՏԻՄ օրենք գոյություն ունի:

-Լավ, իսկ գոնե ի՞նչ եք «հասցրել» անել այս տարիների ընթացքում: 

-Գործող գյուղապետի համար դժվար է, բոլորը տեսնում են միայն թերությունները: 92 թվականին դպրոցը փակեցին, դարձրին հոգեբուժարան, ես պայքարել եմ, որ դպրոցը վերաբացվի, տարբեր ատյանների եմ դիմել, որ դպրոցը վերաբացվի, վերանորոգվի: Երեք անգամ վերանորոգվեց դպրոցը, ճիշտ է բյուջեից դուրս գրված գումարների համեմատ քիչ գործ արվեց դպրոցը, ու ես անգամ չեմ ստորագրել այդ արված գործերի ակտը, ինչեւէ, այսօր մենք ունենք դպրոց, որտեղ սովորում են երկու համայնքների՝ Տորֆավան եւ Վանեւան համայնքների աշակերտները: 

-Խմելու ջուրը վանեւանցիների համար առաջնային խնդիր է:

-Մենք ունեինք խմելու ջրի հիմնական ջրագիծ, որը գալիս էր Խաչաղբյուր գյուղից: Եվ Լուսակունք գյուղի բնակիչները, առիթից օգտվելով, որ իրենց գյուղից է գալիս այդ ջուրը, յուրաքանչյուր ընտանիք, ապօրինաբար միացավ այդ ջրագծին: Առգրավվեցին մեր 8 դյույմանոց ջուրը: Հիմա նրանք այդ ջուրը օգտագործում են հողամաս ջրելու, կենցաղի, բաղնիք-զուգարանի համար: Դրա դեմ ոչ մեկ ի վիճակի չէր պայքարել: Շուրջ տաս տարի մենք կողքի բուրավոյից տաչկեքով ու էշերով ջուր ենք կրել: Ես էլ՝ գյուղացիների նման: Դիմել ենք բոլոր ատյանների, բոլոր երկրի նախագահներին, վարչապետներին, պատգամավորներին, հարցի լուծում տեղի չունեցավ: Վերջապես սոցներդրումներ ծրագրով, կարողացավ ջրագիծ անցկացնել, որից օգտվում են Ծովակ, Տորֆավան, Վանեւան համայնքները: Ձեր նշած 3 ժամանոց ջուրը, այդ ծրագրով ենք կարողացել բերել:

-Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ հարեւան համայնքներում 24 ժամյա ջրամատակարարում է իրականացվում, իսկ ձեր գյուղում՝ 3 ժամ:

-Էդ որ ասում են, սուտ են ասում: Ուրեմն Ծովակի մի թաղամաս կա, որ անգամ մեկ ժամ ջուր չի ունենում: Ծրագրի նախագծի, նախահաշվի մեջ հաշվարկային սխալ է տեղի ունեցել: Դրանից տուժում ենք մենք ու Լուսակունքը:

-Ո՞րն է եղել այդ սխալ, որտե՞ղ է թերացել շինարարը:

-Դա չեմ կարող ասել՝ կապտաժի տարողությու՞նն է սխալ հաշվարկով եղել, թե՞ հեռավորությունն են սխալ հաշվել, չեմ կարող ասել: 

-Իսկ նախընտրական ծրագրում չունե՞ք մի կետ, որտեղ նշված կլինի, որ գյուղը շուրջօրյա ջրամատակարարումով ապահովեք:

-Գիտե՞ք, ես շրջել եմ հանրապետության ողջ տարածքով, Նոյեմբերյան քաղաքի նման լավ ու գեղեցիկ քաղաքն անգամ չունի շուրջօրյա ջրամատակարարում, Քարակերտում ցիստերներով են ջուր վաճառում:

-Դե դուք մի համեմատեք այդ համայնքները Վանեւանի հետ՝ աշխարհագրական դիրքերի տարբերություն կա...

-Ես հասկանում եմ ինչ նկատի ունեք, ցավոք, դժբախտաբար մեր համայնքի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ մեր գյուղով ոչ մի ինքնահոս ջուր չի անցնում:

-Համայնքի առաջնային խնդիրներից մեկն էլ մանկապարտեզն է:

-Մեր բյուջեն շատ սուղ է, մենք չենք կարող դրանով ո՛չ համաֆինանսավորմամբ մասնակցել շինարարության, ո՛չ էլ պահել մանկապարտեզ:

-Ձեր դեմ գյուղում բողոքի մեծ ալիք է բարձրացել, մեզ դիմած քաղաքացիները պատմում էին, որ Վանեւանի վերաբնակեցման ժամանակ իրենք եկել են ձեզ հետ գյուղ ու հիմա խոր հիասթափություն են ապրել ու ձեր դեմ դուրս եկել:

-Այո մտահոգում է, իմ դեմ են դուրս եկել մարդիկ, ովքեր իմ բարեկամներն են, ես եմ նրանց պահել, կերակրել: Արդեն երեք անգամ է դնում են ու պարտվում:

-Բայց քիչ տարբերությամբ եք հաղթել...

-Սա ֆուտբոլ է՝ եւ 1:0-ն է հաղթանակ, եւ 4:5-ը:

-Տեղացիները դժգոհում են գյուղի հողերը սեփականացնելու, հողի նշանակությունը փոխելու եւ անօրինական վաճառքի մեջ:

-Չկա նման բան, սաղ հողերն իրենց տեղում են:


Թեկնածու Էմին Սարգսյանն իր ծրագրերի մասին խոսելով ներկայացրեց իր նախընտրական այցեքարտը, որտեղ գյուղի զարգացման ծրագրեր է ներկայցրել: Սակայն հողերի հարցը կարեւորելով, թեկնածուն նշեց.


-Նախատեսում եմ մանրամասն ծանոթանալ հողերի հաշվեկշռին, կատարել բոլոր հողերի գույքագրում: Հաշվի առնելով Վանեւան համայնքի ազգաբնակչության պահանջը՝ հատկապես կկատարվի սեփականաշնորհված եւ վարձակալական հողամասերի բաշխման
եւ տնօրինման հասցեականության ճշտում: Նախատեսում եմ նաեւ դիմել կառավարությանը՝ վերանայելու Վանեւան համայնքի
վարելահողերի կարգերը:


Հ.Գ. Ի տարբերություն համայնքապետի, վանեւանցիների համար, նրա երկարամյա գործունեությունն այդքան էլ դրական լույսով չի արտացոլվում,  տեղեկացանք նաեւ, որ գյուղից մեր դուրս գալուց հետո Վանեւանում բողոքի ակցիա է իրականացվել: Նախ գյուղի կենտրոնում, ապա՝ գյուղապետի  տան բակում հավաքված մարդիկ պահանջել են Ն. Հարությունյանին դուրս գալ ու պատասխանել իրենց հարցերին, բայց նա այդպես էլ դուրս չի եկել, նրա փոխարեն բնակիչների հետ հանդիպել է գյուղապետի որդին՝ ասելով, որ հայրը պատրաստ չէ, ու նրան պետք էր նախօրոք զգուշացնեին սպասվող հավաքի համար:


Աննա Գրիգորյան