«Բանկը տոկոսների տեղը տատին կտանի՞...»

04/06/2018 20:41
«Բանկը տոկոսների տեղը տատին կտանի՞...»

Ղարաբաղյան պատերազմի զոհված ազատամարտիկ՝ Արթուր Բաղդասարյանի ընտանիքը մինչեւ այսօր ապրում է հպարտ՝ իր հերոս զավակի անունով։


Սոցիալական խնդիրների մեջ թաղված ու միայնակ մնացած ընտանիքը մինչեւ օրս էլ իրենց ընտանիքում ծնված երեխաներին դաստիարակում է հայրենասիրական ոգով: Արթուր Բաղդասարյանի այրին՝ Սվետա Թովմասյանը պատմում է, որ իրենց ծննդավայր Թաթուլ գյուղը արցախյան ազատագրական պայքարին երեք հերոս զավակ է կորցրել՝  Թաթուլ Կրպեյան, Սամվել Կարապետյան եւ Արթուր Բաղդասարյան, սակայն արի ու տես, որ զոհվածների համար էլ «գեղական» կարգով գոյություն ունի  կարգավիճակ, ավելի կոնկրետ՝ տեղական իշխանությունը  հերոսի ընտանիքից նեղացել է, որ իրեն ձայն չեն տվել, որի համար հաշվեհարդար է տեսնում նրանց հետ, զրկելով ամեն տեսակի ուշադրությունից։


-Տարիներ առաջ, բանկից վարկ ենք վերցրել, որպեսզի ամուսնուս գերեզմանաքար տեղադրենք, սակայն բանկերի տոկոսներից մինչեւ հիմա չեն կարողանում պրծնենք, խորտակվել ենք։ Երկու հարս ունեմ չգիտեն ոսկին ինչ բան է, դրանք էլ բանկերում գրավ ենք դրել ու ճռում ենք տոկոսների տակ։ Տղաս իրավաբանական էր սովորում, շատ սովորող է, բայց վարձի պատճառով դուրս եկավ համալսարանից երկրոդ կուրս էր։ Ինչի՞ խեղճերի տներ չեն գնում տեսնեն, ՎԻվասելը եկավ տարան ապահովածների տները, բայց մենք միշտ անտեսված ենք եղել, իմ երեխեքն էլ են զարմանում, թե մեր հերը հայրենիքը սիրելով զոհվեց, բա էդ հայրենիքի համար մենք իսկի՞ արժեք չունենք: Կռիշը չռռում է, բա սա բա՞ն է։Ես արդարության համար եմ պայքարում։ Ամուսինս 2 տարեկան է եղել իրա հայրն է մահացել, այդպես էլ իմ տղան էր 2 տարեկան, երբ Արթուրը զոհվեց։ Ոչ մի օգնություն չեմ ստանում, թող բոլորը իմանան, կամպյուտրային է՝ բացեն տեսնեն։ Բայց  ապրի Սերժի բալեքը, ինչ ուզում են ասեն, եկավ գյուղ, տարան Թաթուլի գերեզմանը, մոտեցա խոսացի, Սերժ Սարգսյանը մարզպետին հանձնարարեց, ասեց նվիրատվություն արեք այս տունը, բայց մի կոպեկ չվերցնեք։ Բայց էլի 80 հազար ու 40 հազար մուծեցի, 1993 թվականին ամուսինս զոհվեց, նույն տարվա օգոստոս ամսից այստեղ ենք ապրում, նախկին կոլխոզի գրասենյակում, կեսուրիս ու տեգրներիս հետ էինք ապրում, նեղվածք էր, պատմում է Սվետան։


Գյուղական հաշվեհարդարը հասել է նրան, որ Արթուր Բաղդասարյանի բացարձակ գերազանց սովորող թոռնուհուն թույլ չեն տալիս արտասանել պապին նվիրված բանաստեղծությունը: Ավելին՝ դպրոցում անգամ Արթուր Բաղդասարյանի նկարը չկա փակցված: Երբ փոքրիկ աղջնակին խնդրեցի ինձ համար արտասանել, նախ հուզվեց, ապա իրեն ինքնավստահ ու համարձակ ասմունքեց:


-Ով գալիս է գյուղ տանում են հարուստների տները ցույց տալիս, բա մենք կարիքավոր չե՞նք, նպաստ էլ չենք ստանում, բա խեղճ մարդիկ։ Պատճառաբանում են, թե մի տղադ տատիկի հետ է ապրում, որ տատի հետ է ապրում ի՞նչ: Տատին բանկի տոկոսի փոխարեն կտանե՞ն: Ամբողջ օրը զոխ եմ հավաքում դաշտերից, որ ապրենք։ Գյուղապետը 180 կիլոգրամ գարի էր տվել, հետո 35 հազար դրամ օգնություն գրեց բայց չտվեց, այդպես էլ կեսուրիս 45 հազար դրամ օգնություն գրեց չտվեց, ասում է «ձեզ գարի եմ տվել, կամ՝ հերիք է էլի ինչքան ես շեշտում զոհվածի ընտանիք եմ, հա զոհվածի ընտանիք եմ», -ավելացրեց մեր զրուցակիցը։

Հ. Գ. Դե, եթե երկարամյա գյուղապետը երեք հազար գլուխ ոչխար է պահում,  կոպերատիվ տնտեսություն է վարում, անսահման հողատարածքներ ունի, ապա որտեղի՞ց պետք է հասկանա, թե ինչ բան է աղքատությունը, կամ ինչպես ասում են՝ կուշտն ի՞նչ գիտի սովն ի՞նչ է։ 


Հերմինե Մանուկյան