Մյունհաուզենն ու Նիկոլի «հեղափոխությունը»

04/06/2018 00:16
Մյունհաուզենն ու Նիկոլի «հեղափոխությունը»


Առասպելական Մյունհաուզենը տարօրինակ սովորություններ ուներ: Դրանցից մեկը այլ պետությունների հետ պատերազմելն էր: Օրինակ, նա հայտարարում էր, որ 17։50-ին պատերազմ է սկսելու Անգլիայի դեմ և հայտարարած պատերազմի վերաբերյալ անգլիացիներից չստանալով որևէ պատասխան՝ եզրակացնում էր, որ հաղթել է: Պարզվում է, որ Մյունհաուզենը հետնորդներ ունի իրական կյանքում: 1975թ. Ուգանդայի բռնակալ Իդի Ամինը պատերազմ հայտարարեց ԱՄՆ-ին, և քանի որ պաշտոնական Վաշինգտոնը, որևէ կերպ չարձագանքեց այդ հայտարարությանը, հաջորդ օրը Ամինն ինքն իրեն հաղթող ճանաչեց: Այդպիսի օրինակներ էլի կան: Հանճարեղ Օստապ Բենդերի մտքով է անցել այն գաղափարը, որ նա կարող է զինել հետամնաց աֆրիկյան ցեղերին, որպեսզի նրանք գահընկեց անեն Դանիայի թագավորին: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ Օստապ Բենդերն ու Մյունհաուզենը իրականում հնարովի կերպարներ են՝ միգուցե նմանեցրած և հավաքական կերպարներ են, սակայն հնարովի: Իսկ Իդի Ամինն իրական դեմք էր, որը երկար տարիներ ղեկավարեց Ուգանդան:

Պարզվում է, որ մերօրյա Հայաստանում կան Մյունհաուզենին և Բենդերին նմանակող՝ Իդի Ամինի գաղափարակիցներ: Նրանք առայժմ բռնակալ չեն, սակայն արդեն մեր երկրի իշխանությունն են: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդհատ «պատերազմների» մեջ է: Մոռանալով, որ ինքը երկրի առաջին դեմքն է և ունի վարչական լծակներ, նա բազմապիսի «պատերազմներ» է հայտարարում: Ընդ որում, հակառակ կողմը շատ անգամ չի էլ մասնակցում վարչապետի հայտարարած «պատերազներին», իսկ վատագույն դեպքում արհամարհում է «պատերազմ» հրահրողին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «պատերազմ» հայտարարեց պրն Լֆիկին, որը որևէ կերպ դրան չարձագանքեց: Մի քանի օր ՀՀ ԱԱԾ-ն անհասկանալի գործողություններ իրականացրեց պրն Լֆիկին պատկանող օբյեկտներում: Պրն Լֆիկը կրկին չարձագանքեց: Դրանից հետո ՀՀ վարչապետը կոչով դիմեց ՀՀ բնակչությանը, հայտարարեց հաղթանակի մասին և խնդրեց բոյկոտել պրն Լֆիկին պատկանող խանութները: Վերջինս կրկին չարձագանքեց, սակայն սննդամթերքը նրան պատկանող խանութներում թանկացավ, հատկապես միսը, մինչև 20 տոկոս: Հիմա, ո՞վ հաղթեց վարչապետի հայտարարված պատերազմում, և արդյո՞ք պատերազմ եղավ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները «պատերազմ» հայտարարեցին Երևանի քաղաքապետ Տարոնին: Տարոնն, ի տարբերություն պրն Լֆիկի, շատ ավելի հզոր խայտառակություն է, և, թերևս դա է պատճառը, որ նա, պատերազմական կոչերն արհամարհելու փոխարեն, մտավ «պատերազմական» գործողությունների մեջ: Այս դեպքում Տարոնը, մեծ հաշվով, հաղթեց, սակայն հաղթանակն իր էլ ավելի խայտառակվելու հաշվին էր: Այնուամենայնիվ, վարչապետի թիմը հայտարարեց, որ Տարոնին էլ են հաղթել և դա օրերի խնդիր է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն, ի դեմս ԵՊՀ «Ռեստարտի», պատերազմ հայտարարեցին ԵՊՀ ռեկտորին: Կրկին պատերազմը կարճ տևեց: Այն պահից, երբ ԵՊՀ-ն հայտարարեց, որ քաղաքական ճնշումների է ենթարկվում, պատերազմն ավարտվեց: ԵՊՀ ռեստարտականները հայտարարեցին, որ հաղթել են, հերթական անգամ խայտառակվեցին և ցրվեցին տներով:

«
Պատերազմների» և դրանցում տոնած հաղթանակների մասին են խոսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը պետք է անձամբ սափրեր Շմայս բռնաբարի գլուխը, սակայն այդպես էլ չսափրեց, ՀՀ ԱԱԾ-ի պետ Արթուր Վանեցյանը, որն ամեն օր ավելացնում է հանցագործների թիվը, սակայն որևէ մեկին չի ձերբակալում, ՀՀ վերահսկողության պետական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, որն անընդհատ խոսում է ստուգումներից, սակայն խուսափում է որևէ մեկին ստուգել, ՀՀ ԱԱԽՔ Արմեն Գրիգորյանը, որը, դեմ լինելով ՌԴ 102-րդ ռազմաբազայի ներկայությանը ՀՀ- ում, խուսափում է խոսել դրա դուրսբերման ձևաչափերի մասին, ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, որը հայտարարում է, որ բազմաթիվ ապօրինություններ է հայտնաբերել, սակայն քրեական գործի հարուցման համար չի դիմել:

Մի խոսքով, ունենք «պատերազմող» իշխանություններ: Սրանք «պատերազմում» են ամեն ինչի և ամեն մեկի դեմ: Խնդիրն այն է, որ կամ սրանք ի սկզբանե գիտեն, որ իրենց «պատերազմները» ֆիկտիվ են և ուղղակի պատրանք են ստեղծում, կամ էլ իրականում չեն տիրապետում իրավիճակին: Արդյունքում՝ «պատերազմի» թիրախները, հիմնականում չարձագանքելով «պատերազմական» կոչերին և գործողություններին, շարունակում են իրենց տեղերում մնալ, իսկ իշխանությունը, հայտարարելով, որ հաղթել է, այնուամենայնիվ, չբավարարված է մնում: Եվ այս պարագայում, միգուցե, ավելի նպատակահարմար է ընթերցել Մյունհաուզենի արկածները կամ գոնե Ուգանդայի պատմությունը, քան նայել ՀՀ պաշտոնյաների լայվերը, քանի որ Մյունհաուզենի և Ուգանդայի մասին պատմություններով մենք կբացահայտենք մեզ համար ամենակարևորը՝ թե ինչպիսին չպետք է լինի մեր պետությունը: Եվ երբ այդքանը պարզենք, իշխանավորների լայվերի մերժելը զուտ որպես տեխնիկական խնդիր կդիտվի:


Վարդան Թորոսյան