Ճանապարհների խնդիրը մնում է առաջնային

31/05/2018 22:02
Ճանապարհների խնդիրը մնում է առաջնային

Արթիկ քաղաքից դեպի հարակից համայնքներ՝ Անուշավան, Փանիկ, Մեղրաշեն, Գետափ, Վարդաքար եւ այլ համայնքներ տանող ճանապարհը, ըստ տեղաբնակների, քայքայվածության պատճառով դարձել է այլեւս անանցանելի։ Ինչը, սակայն, բնավ չի մտահոգում մարզի ղեկավարությանը։ Գյուղական բնակավայրերում ապրողները պատմում են, որ ամեն անգամ Արթիկ քաղաք գնալիս վնասում են իրենց մեքենաները, այն ավելի դժվար է նաեւ հիվանդների եւ հղի կանանց երթեւեկության համար։ Խմբագրություն զանգահարող քաղաքացիները տեղեկացնում են, որ ի տարբերություն այլ մարզերի,  քաղաքային եւ գյուղական բնակավայրերի տեղական իշխանությունների փոխադարձ համագործակցության,  պատկերն Արթիկում այլ է։

-Ինչքան հիշում ենք, Արթիկ քաղաքի ղեկավար ով էլ ընտրվել է գյուղերի ղեկավարների հետ չի աշխատել, իրենց համարել են քաղաքացի, մեզ՝ գյուղացի։ Տարածաշրջանում «խիստ» է դրված քաղաքի եւ գյուղի մարդկանց տարբերությունը արթիկցիների կողմից։ Որովհետեւ շատ քաղաքի ղեկավարներ գիտենք, որ հաշվի չեն առել, որ իրենք քաղաքապետ են համագործակցել են գյուղերի հետ։ Տեսել են, որ պետության կողմից չի բարեկարգվում միջհամայնքային ճանապարհները, իրենք՝ քաղաքապետ ու գյուղապետ, մտածելով իրենց բնակիչների մասին, իրենց բյուջեների միջոցներով որոշ բարեկարգել են։ Մեր մոտ, ոչ մի ղեկավար՝ կլինի մարզպետ, թե պատգամավոր, անցնել-դառնալուց մի անգամ գոնե չի մտահոգել, որ ասի, բերենք սարքենք, վերջը մեր բոլորիս համար է։ Այ մարդ էս տեսա՞կ էլ անտարբերություն,-դժգոհում են մեր զրուցակիցները։ 


Ամալյա Սահակյան