Սահմանամերձ Մարգարան ընտրության շեմին

29/05/2018 20:35
Սահմանամերձ Մարգարան ընտրության շեմին

Սույն թվականի հունիսի 10-ին սահմանամերձ Մարգարա գյուղում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ։ Գրանցված թեկնածուները երկուսն են՝ գործող գյուղապետ ՀՀԿ-ական Խաչատուր Ասատրյանը եւ անկուսակցական թեկնածու Էդգար Ենոքյանը։

Թեկնածուները բարեկամներ են, համագյուղացիների համար տեղական իշխանություն ընտրելը ավելի քան կարեւոր է, քանի որ գյուղում բոլորը գրեթե բարեկամական կապեր ունեն միմյանց հետ, նաեւ գիտակցում են, որ պետք է այնպիսի ընտրություն կատարեն, որի արդյունքում կշահի համայնքը եւ բնակիչները։


Ըստ տեղացիների երկու թեկնածուներին էլ լավ են ճանաչում, նրանցից ով էլ ընտրվի պետք է գյուղի առաջնահերթ խնդիրը կարգավորի՝ ոռոգման ջուրը։

-Երկուսն էլ մեր գյուղի տղա են, խելոք, շնորհքով: Մեկին կնտրենք, որ գյուղի հոգսերը հոգա, օրինակ ոռոգման ջրի խնդիրը լուծի: Գյուղացուն թող ջուր տան, որ բերք արտադրի, եւ հնարավորություն՝ իրացնի իր մշակած բերքը։ Իսկ գյուղապետ ընտրում ենք, որպեսզի գյուղը կարողանա զարգացնի, մեր խնդիրները բարձրաձայնի որտեղ պետք է,- կարծիք են հայտնում գյուղում՝ խուսափելով ներկայանալուց, ասելով,- Ծննդավայրում գյուղապետ ընտրելը պետք է լինի խիստ գաղտնի քվեարկություն, որպեսզի նախօրոք մեկի հասցեին հնչեցրած որեւէ կարծիք չազդի թեկնածուների վարկանիշի վրա։


Մարգարայի բնակիչներին ուղղված հարցին, թե Խաչատուր Ասատրյանի ՀՀԿ-ական լինելը, այս օրերին, չի ազդի նրա վարկանիշի վրա, Մարգարայի բնակիչների կողմից շատերից ստացանք, գրեթե, նույնաբովանդակ պատասխան։

-Մենք ընտրելու ենք մարդու եւ ոչ թե կուսակցականի: Գյուղերում կուսակցական լինելը չի ազդում մարդու անունի վրա։ Համայնքի ղեկավարը պետք է մշտապես ընդառաջի ու իր ընտրողներին եւ կարգավորի գյուղի հարցերը, թե չէ ինչ կուսակցություն, ինչ բան։ Խաչիկը Հանրապետականա, Էդգարն էլ անկուսակցական՝ մեր գյուղի տղաներն են, երկուսն էլ պիտանի մարդիկ համայնքին։ Մեր գյուղապետը 12 տարի աշխատել մեր հետ, գործեր է արել, Էդգարը գյուղի սկզբնամասում խաչ է տեղադրել, դե մի բան կանենք ոչ ոքի չենք նեղացնի։ Գյուղում մենք ենք լավ ու վատ լինում, գյուղապետ նշանակեն պրծնենք, ուզած-չուզած մեկին ենք ընտրելու, լավ կլինի,- կատակում են մեր զրուցակիցները։


Մարգարա գյուղում ակտիվ նախընտրական եռուզեռ է՝ թեկնածուներից սպասում են առաջիկայում էլ ավելի շատ աշխատանքներ։ Օրինակ, փողոցների լուսավորություն, բարեկարգում, մշակույթի տան վերանորոգում, ոռոգման ջրի կարգավորում, գյուղտեխնիկայի ձեռքբերում։ Գերեզմանատան պարսպապատում, լուսավորության անցկացում, տեղում ունենալ նաեւ ջրից օգտվելու հնարավորություն։


Գյուղում թաղամասեր կան, որպես խմելու ջուրը խնդիր է, Մարգարայում շատ են կարիքավոր ընտանիքները, ազատամարտիկների ընտանիքները, որոնք վարձակալական հիմունքներով են ապրում մինչ օրս եւ աջակցման կարիք ունեն։ Եւ ամենակարեւոր եւ հրամայական պահանջը՝ գյուղի մանուկների համար  ստեղծել մանկապարտեզ հաճախելու հնարավորություն։ 


Այս թվարկած խնդիրների մասին մշտապես բարձրաձայնվել է գյուղում բնակիչների կողմից, համայնքի ղեկավար Խաչիկ Ասատրյանը պարզաբանելով տեղ գտած բացթողումները ասում է, որ այս բոլոր հարցերը պետք է լինեն  պետական հոգածության ներքո, ունենան համապատասխան ֆինանսավորում, հատկապես սահմանամերձ բնակավայրի՝ Մարգարայի համար։


Նախընտրական ծրագրերի մասին խոսելիս Էդգար Ենոքյանը նույնպես կարեւորում էր վերը նշված խնդիրները եւ ավելացնում, որ ընտրվելու դեպքում ամեն ինչ կանի, որպեսզի չհիասթափեցնի իրեն վստահող համագյուղացիներին։ Իսկ Խաչիկ Ասատրյանի խոսքերով, վերընտրվելու դեպքում կշարունակի կարգավորել մնացյալ աշխատանքները։


Ի դեպ գյուղի սկզբնամասում տեղադրված խաչը պետք է, որ խաղաղ կեցություն ապահովվի Մարգարայի բնակիչների համար։ Որպես լեգենդ գյուղում հնուց եկած պատմություն է։ Պատմում են, որ մի քահանա է եկել Մարգարա, այստեղ մարդիկ շատ են ծաղրել այս քահանային, նրա մորքուքը կտրել են եւ հեռացրել գյուղից։ Այս վիրավորանքը զգալով հալածված քահանան, ըստ տեղացիների, անիծել է նրանց, ասելով՝ որ միշտ միմյանց նկատմամաբ լինեն անհանդուրժող եւ կռվարար, ինչ համար էլ տեղադրել են խաչը, որպեսզի գյուղում տիրի մշտապես խաղաղ բարոյահոգեբանական մթնոլորտ։ Հուսանք, որ գյուղում խաղաղություն կհաստատվի՝ հինավուրց լեգենդը լսելուց հետո։


Ա.Մ.