Սեփականությունը չի կարող պաշտպանված լինել, եթե հասարակությունը չի ճանաչում դրա օրինականությունը

29/05/2018 19:37
Սեփականությունը չի կարող պաշտպանված լինել, եթե հասարակությունը չի ճանաչում դրա օրինականությունը

Հայաստանի ժամանակավոր կառավարության ձեւավորման առաջին օրերից երկրում սկսեցին քննարկումներ, առաջին հերթին՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուղիներ գտնելու եւ ազատ ընտրությունների անցկացման համար պայմաններ ստեղծելու վերաբերյալ: Պետական բյուջեի հանդեպ նախկին իշխանությունների կատարած լայնածավալ մեքենայությունների մասին աճող տեղեկատվական ալիքը ցնցում առաջացրեց հասարակության բոլոր շերտերում: Քաղաքացիները պարզապես չեն հասկանում, թե ինչպես կարելի է իրավիճակը շտկել պետական կառավարման համակարգում, որը տասնամյակներ շարունակ թաղված է եղել համապարփակ կոռուպցիոն սխեմաներում: Առայժմ նոր կառավարությունը խոստանում է միայն հասարակության դատին ներկայացնել բյուջետային միջոցների յուրացումների հետ կապված կոնկրետ փաստեր, եւ այդ միջոցները վերադարձնել բյուջե:

Սակայն երկրի խնդիրը միայն բյուջետային կողոպուտները չեն: Կապիտալի եւ քաղաքականության ամբողջական սերտաճումը պետության համար այլ՝ ոչ պակաս վտանգավոր հետեւանքներ ունի: Պետական բյուջեն ոչ միայն թալանվում է, այլեւ անհրաժեշտ ծավալով կազմավորվելու հնարավորություն չունի տնտեսվարող սուբյեկտների՝ բարձր չափերի հասնող ստվերային տնտեսական գործունեության պատճառով: Այդ սուբյեկտները գործում են զարգացած ստվերային մեխանիզմների շրջանակում՝ գերշահույթ ստանալով եւ ստվերային հարկեր վճարելով իշխանական բուրգի վերեւներին: Այդ ֆինանսական հոսքերի սկիզբը եւ վերջը միանգամից ի հայտ բերելը գրեթե անհնար է:

Բայց կարելի է այլ բան ի հայտ բերել. վերը նկարագրված իրավիճակը երկրում սեփականության չպաշտպանվածության հետեւանք է: Երբ սեփականությունը պաշտպանված չէ, այն պաշտպանելու միակ ուղին պետական իշխանության լծակները յուրացնելն է: Սա այն է, ինչին ավելի քան երկու տասնամյակ ականատես էինք Հայաստանում: Իսկ իշխանության բռնազավթումը հանգեցնում է անխուսափելի հետեւանքների`արդարադատության վերացման եւ ազատ ընտրությունների մեխանիզմի կաթվածահարության: Հայաստանում հենց այս պատկերն ենք տեսնում: Ճիշտ է՝ ժողովուրդը վիժեցրեց բոլոր այն ստվերային կապերը, որոնք պահում էին նման քաղաքական վարչակարգը, սակայն միամտություն կլինի կարծել, թե առանց ֆինանսական ու տնտեսական ոլորտներում բարեփոխումների՝ այս պատկերը կարող է փոխվել:  

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ Հայաստանում սեփականությունը մինչեւ հիմա չունի պաշտպանության մեխանիզմներ: Պատասխանը պարզ է՝ հասարակությունը չի ճանաչում այդ սեփականության, եւ առաջին հերթին՝ խոշորի, օրինականությունը: Խոշոր սեփականությունը ձեռք է բերվել անօրինական ճանապարհով՝ այն ուղղակի զավթվել է երկրի քաղաքացիներից: Եվ բնական է, որ քաղաքացիները չեն ճանաչում դրա օրինականությունը: Բնական է նաեւ խոշոր սեփականատերերի՝ իշխանության բռնազավթման միջոցով հասարակության պահանջներից պաշտպանվելու ձգտումը: Շրջանն այդքանով էլ փակվում է: Բայց դրանով սեփականությունը պաշտպանված չի դառնում: Եվ խնդիրն ահա թե որն է:

Սեփականությունից եւ պետական իշխանություն ձեւավորելու հնարավորություններից զրկված հասարակությունն ակամայից պատրաստակամ է մշտապես աջակցել ցանկացած իշխանավորի ջանքերին, որը ոտնձգություն է կատարում ուրիշի սեփականության վրա: Եթե խոշոր սեփականատերը հակադրվում է իշխանավորին՝ դրանով վտանգի տակ դնում է իր սեփականությունը: Այդ սեփականությունը հեշտությամբ վերցնում են՝ ունեզուրկ քաղաքացիների «ծափերի» ներքո: Այսինքն՝ քաղաքականությունից եւ յուրացված ազգային հարստությունից մեկուսացված հասարակությունը վերածվում է «վերեւներում» սեփականության հերթական զավթողի դաշնակցի: Այսպիսով՝ իշխանության եւ խոշոր սեփականատերերի հանդեպ հասարակության ժխտողական վերաբերմունքը դառնում է «կլանային-օլիգարխիկ» համակարգում ներիշխանական հեղաշրջումների եւ սեփականության վերաբաշխման հիմնական պայմանը:

Վերը բերված փաստարկները թույլ են տալիս կառուցել սեփականության չպաշտպանվածության ալգորիթմը, այն է`

  • խոշոր սեփականատերերը յուրացնում են հասարակության իշխանությունը եւ սեփականությունն օգտագործում՝ հասարակությանը իշխանության ձեւավորման մեխանիզմներից հեռացնելու գործում;
  • հասարակությունը խոշոր սեփականատերերի մեջ տեսնում է իր քաղաքական հակառակորդներին, որոնք իրեն հեռացնում են օրինական իշխանության ձեւավորման մեխանիզմից;
  • սեփականությունից զրկված հասարակությունը հակված չէ ճանաչել սեփականության օրինականությունը եւ հակված է աջակցել սեփականության վերաբաշխման ցանկացած ջանքի:

Այս ողջ ալգորիթմի մեջ հիմնական հանգամանքն այն է, որ հասարակությունը հակված չէ օրինական ճանաչել «վերեւից ստացված» սեփականությունը: Սա բավարար հիմք է որեւիցե մեկի կողմից սեփականության մշտական վերաբաշխման համար: Սեփականությունը միշտ էլ քաղաքական գործընթացների թիրախ է դառնում:

Հիմնական եզրակացությունը կարող է լինել հետեւյալը. սեփականությունը կարող է ստանալ պաշտպանվածության բավարար երաշխիքներ, եթե հասարակությունը պաշտպան կանգնի սեփականությանը: Այսինքն՝ սեփականության պաշտպանության երաշխիքները կարող են ծնվել հասարակության մեջ եւ ոչ թե իշխանության:

Բայց հասարակությունը կարող է սեփականությանը պաշտպան կանգնել, եթե սեփականատիրոջ մեջ տեսնի ոչ թե թշնամու, այլ արդարացի կենսակերպի կարգավորման դաշնակցի: Ուրիշ ոչ մի բան չի կարող միավորել ունեզուրկին ունեւորի հետ: Կոնկրետ արտահայտությամբ՝ սա պահանջում է պետական իշխանության ձեւավորման գործում սեփականատերերի դիրքորոշման արմատական փոփոխություն, որը կարող է պաշպանել հասարակության շահերը:

Ժամանակակից սեփականատերերի համար, որոնք կուտակել են իրենց ունեցվածքը՝ հենվելով իշխանության վրա, դեռեւս հեշտ չէ հասկանալ այս տրամաբանությունը: Իրապես, սեփականատերերի համար հեշտ չէ հասկանալ, որ հասարակության հետ կաշառքի լեզվով խոսելու եւ իշխանության ձեւավորման մեխանիզմներից հասարակությանը հեռացնելու փոխարեն շատ ավելի ձեռնտու է հասարակության հետ համագործակցել ընտրովի իշխանության ձեւավորման հարցում եւ անցնել ֆինանսական հնարավորությունները հասարակության հետ կիսելու գործելակերպին:

Անշուշտ, սեփականատերերը կարող են մի օր գիտակցել, որ սեփականության պաշտպանության հարցը պետք է շաղկապել ոչ թե իշխանության, այլ հասարակության հետ փոխհարաբերություններով: Գիտակցել, որ սեփականությունը պետք է դուրս բերել քաղաքական գործընթացների դաշտից՝ քաղաքական հնարավորությունները փոխանցելով հասարակությանը: Սեփականության պաշտպանության դիմաց «հարկ» պետք է տրվի ոչ թե բարձրագույն իշխանությանը, այլ հասարակությանը` հանրային ժխտողականության սլաքները սեփական անձից իշխանության կողմը թեքելով:

Իսկ տրամաբանությունն այն է, որ եթե օրինական իշխանության ձեւավորման գործում սեփականատերերը դառնում են հասարակության դաշնակիցներ, ապա սեփականության վերաբաշխման գործում իշխանությունը դառնում է անզոր, քանի որ իշխանության նման մտադրությունների դեպքում հասարակությունը կպաշտպանի սեփականատերերին՝ նրանց մեջ տեսնելով իր բարեկեցության աղբյուրին եւ քաղաքական ու տնտեսական իրավունքների պաշտպանության հարցում իր դաշնակիցներին: Դա կլիներ հասարակության ունեւոր եւ ունեզուրկ խավերի առաջին համատեղ շահի ձեւավորման սկիզբը՝ այն շահի, որն առկա է ունիվերսալ իրավական պաշտպանության համակարգ ստեղծելու գործում:

Սույն հոդվածում բերված վերլուծությունը թույլ է տալիս պնդել, որ Հայաստանի առանցքային խնդիրը սեփականության պաշտպանության ծրագրի իրականացումն է եւ կապիտալի թելադրանքից քաղաքականության ձերբազատումը: Սա կարելի է անել մի շարք օրենքների ընդունմամբ, որոնք կկարգավորեն տնտեսական եւ քաղաքական գործունեությունը: Տնտեսական համաներումը՝ խոշոր սեփականատերերի կողմիցհասարակությանը փոխհատուցման հարկի վճարման պայմանով, պետությունը կարգավորելու ամենաարդյունավետ միջոցն է: Դեպի պետական կառավարման համակարգ գործարարների ճանապարհը փակող՝ Կուսակցությունների մասին օրենքի զուգահեռ ընդունումը երկրորդ փակագիծն է, որը բաժանում է քաղաքական աշխարհը կապիտալի աշխարհից: Մնացած ամեն ինչը պետության մեջ կկարգավորվի «դոմինոյի սկզբունքով»:

 

Մանվել Սարգսյան

Աղբյուր