Կապանի կոմբինատում փակուղային իրավիճակ է, իսկ յոթ հոգի իջել են ստորգետնյա հանք եւ այնտեղ հացադուլ հայտարարել

28/05/2018 23:32
Կապանի կոմբինատում փակուղային իրավիճակ է, իսկ յոթ հոգի իջել են ստորգետնյա հանք եւ այնտեղ հացադուլ հայտարարել

Մայիսի 28-ը պատմական օր է հայոց մեջ. հարյուր տարի առաջ վերականգնվեց մեր կորսված պետականությունը:

Չնայած դրան, մթնոլորտը տոնական չէր Կապանի լեռնագործների ձեռնարկությունում:

Հանքագործների գործադուլը, որ մեկնարկել էր մայիսի 25-ին, շարունակվեց նաեւ այսօր:

Միեւնույն ժամանակ ընթանում էին բանակցություններ ընկերության ադմինիստրացիայի եւ գործադուլավորների միջեւ, որոնք որեւէ դրական արդյունքի չհանգեցրին:

Ուշկովն իր ասածն է պնդում՝ հինգ տոկոսով աշխատավարձերի բարձրացում ս.թ. հոկտեմբերից, իսկ հունիսին արտադրամասերի վնասակարության աստիճանի որոշում հատուկ աուդիտի եւ փորձաքննության միջոցով ու դրա հիման վրա վնասակարության համար տրվող վճարների վերանայում. նախկինում դա կազմում էր աշխատավարձերի 50 տոկոսը, իսկ հիմա, կախված փորձաքննության արդյունքներից, կարող է եւ նվազել:

Իրենց պահանջն են պնդում գործադուլավորները՝ 40 տոկոսով աշխատավարձերի բարձրացում:

Դմիտրի Ուշկովը մայիսի 29-ի ժամը 10-ը գործադուլավորների համար համարել է վերջնաժամկետ՝ աշխատանքի վերադառնալու համար, այլապես ինքը գործադուլավոր հանքագործներին պաշտոնապես կծանուցի կրճատումների մասին՝ գործադուլի օրերը համարելով անհարգելի բացակայություն աշխատանքից: Եվ չի բացառվում, որ ծանուցվող հանքագործների թիվը կհասնի 200-ի:

Գործադուլավորների շարքերում, մինչդեռ, երկփեղկվածություն է առաջացել այն բանից հետո, երբ Ուշկովն աշխատանքի վերադառնալու կոչ արեց՝ զուգորդված կրճատումների սպառնալիքով:

Լեռնագործներից ոմանք գտնում են, որ պետք է դադարեցնել գործադուլը, վերադառնալ աշխատանքի եւ զուգահեռաբար շարունակել բանակցությունը ղեկավարության հետ: Մի մասն էլ պնդում է, որ պետք է գնալ մինչեւ վերջ եւ ստիպել ղեկավարությանը՝ կատարելու պահանջները:

Գործադուլավորների դիրքորոշման երկփեղկումին նպաստեց Ուշկովի մեկ այլ հայտարարություն եւս՝ իբր գործադուլավոր հանքագործներին կրճատելուն զուգահեռ կսկսի ազատվող (թափուր) տեղերի համար նոր աշխատողների ընդունումը:

Իրավիճակի առանձնահատկությունն այն չէ միայն, որ տնօրենը զիջումների գնալու մտադրություն չունի: Հանրապետության պատկան մարմիններն էլ, ըստ երեւույթին, աչք են փակում Կապանում տեղի ունեցող իրադարձությունների վրա:

Մարզպետարանի եւ համայնքապետարանի մասին խոսելն այս իրավիճակում ավելորդ է: Այսօր առավոտյան մի խումբ գործադուլավորներ հավաքվել են մարզպետարանի, ապա համայնքապետարանի առջեւ, բայց այդ հիմնարկներում որեւէ շնչավոր չեն գտել՝ իրենց խնդիրների մասին իշխանության տեղական մարմիններին իրազեկելու համար, ուստի եւ վերադարձել են իրենց հավաքատեղի:

Լռում է նաեւ «Պոլիմետալի» ղեկավարությունը, թեեւ վերջինիս դիրքորոշումը կարելի է տեսնել Դմիտրի Ուշկովի գործողությունների մեջ:

Շատ թե քիչ ակտիվ դեր են ստանձնել ընկերության արհկոմը (նախագահ՝ Արսեն Հայրապետյան) եւ հանքագործների արհմիության հանրապետական խորհուրդը: Սակայն նրանց կոչը՝ գնալ ողջամիտ փոխզիջումների, կողմերն առայժմ չեն ընդունում:

Ստեղծված իրավիճակը փակուղային համարելով եւ ուրիշ ելք չտեսնելով՝ յոթ գործադուլավոր այսօր ժամը 15-ին իջել են ստորգետնյա հանք եւ այնտեղ հացադուլ սկսել. հացադուլավորների անունները փորձում ենք ճշտել:

Տնօրենը ստորգետնյա հանքում հայտարարված հացադուլի վրա է հրավիրել ԱԻՆ-ի տեղական կառույցի ուշադրությունը՝ փորձելով միաժամանակ պարզել, թե ինչպես են լեռնագործները հայտնվել ստորգետնյա հանքում, որտեղ ելումուտ չկար չորս օր շարունակ:

Օրվա վերջին մեզ չհաջողվեց տեղեկություններ ստանալ մոտ 300 մետր խորությամբ հանքում հացադուլի նստած մարդկանց դրության մասին:

Պարզվում է մինչդեռ, որ կապանցի լեռնագործների գործադուլի հետ կապված նաեւ իրավական կնճիռներ կան: Ըստ էության հանքագործների գործադուլն ինքնաբուխ է սկիզբ առել եւ նախապես չեն ձեռնարկվել ՀՀ աշխատանքային օրենսդրությունից բխող քայլեր, ինչն էլ արձակում է Դմիտրի Ուշկովի ձեռքերը՝ գնալու խոստացած սպառնալիքների, այդ թվում՝ աշխատողների կրճատման ճանապարհով:

Ինչեւէ, մայիսի 29-ը վճռորոշ օր է լինելու Կապանի կոմբինատում. կամ գործադուլը շարունակվելու է՝ նաեւ գլխավոր տնօրենի հրաժարականը պահանջելով, կամ Դմիտրի Ուշկովը սկսելու է իր սպառնալիքներն ի կատար ածելու գործընթացը:

Տեսնենք...

Հ.Գ.

Ըստ քիչ առաջ ստացած տեղեկությունների՝ հանքագործների մի պատվիրակություն է այսօր այցելել Երեւան՝ մայիսի 29-ին հանդիպելու բարձր իշխանության ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով Կապանում տեղի ունեցող իրադարձությունների վրա հրավիրել նրանց ուշադրությունը: Սպասվող հանդիպումը, սակայն, առայժմ լավատեսության տեղիք չի տալիս, քանզի պետական համապատասխան կառույցներում այնքան էլ տրամադրված չեն մտնելու սեփականատիրոջ իրավասությունների տիրույթ:

Սամվել Ալեքսանյան

Աղբյուր