Մանկավարժին վարկաբեկելով ինքնահաստատվել չի կարելի. թոշակառու մանկավարժի նամակը

24/05/2018 20:20
Մանկավարժին վարկաբեկելով ինքնահաստատվել չի կարելի. թոշակառու մանկավարժի նամակը

Մեր կայքին է դիմել թոշակառու մանկավարժ Աստղիկ Հակոբյանը՝ հորդորելով, վերջին ժամանակներս կատարվող իրադարձությունների վերաբերյալ իր մտահոգությունները բարձրաձայնել.


«Պարոնայք «հեղափոխականնե՛ր»,

ցավով պատկերացնում եմ, որ իմ ամեն տողը հեգնանքով եք ընդունելու, ծաղրելու, քննադատելու ու, չեմ կասկածում, որ մտքում էլ կասեք. «մեռնելուդ ժամանակն է գնա մեռիր, թող մենք ապրենք մեր երազած Հայաստանում...»:

Գիտե՞ք ես էլ ունեի իմ երազանքի Հայաստանը, բայց այդ Հայաստանում հարգանք ու պատկառանք կար մեծի նկատմամբ: 

Գիտե՞ք իմ երազանքն այդքան էլ հեռու չէր իրականությունից, մենք ունեինք մի երկիր, որտեղ ուսուցչին ու բժշկին մեծարում էին, նրանց առաջ գլուխ էին խոնարհում... բնավ պարտավորվածություն չկա, կար խոր հարգանք մարդկանց նկատմամբ, ովքեր անձնվիրաբար ծառայում էին հասարակությանը՝ կրթելով ու բժշկելով սերունդներին:

Գիտե՞ք մինչեւ օրս պահում եմ աշակերտներիս նվիրած «Красная Москва» օծանելիքը, որ նվեր եմ ստացել 1987 թ-ին՝ իմ դասղեկական դասարանի աշակերտներիս կողմից, նրանք մինչեւ օրս այցելում, գրում ու հետաքրքրվում են իմ որպիսությամբ:Ու, ամենակարեւորը, գիտե՞ք նրանք երբեք ինձ ամոթանք չեն տվել այդ օծանելիքի ու երիցուկների փնջի համար, որ ինձ նվիրել էին իրենց վերջին զանգի օրը...

Ծաղիկները, որ խորհրդանիշն են գեղեցկության ու մայրության, հիմա դարձել են սրեր ու սրախողխող են անում մանկավարժներին: Թոռնիկիս օգնությամբ Ֆեյսբուքի միջոցով հետեւում եմ տեսանյութերին, թե ինչպես է նորաթուխ, դեղնամորուս նախարարը մտնում դպրոցներ ու ամոթանք տալիս ուսուցիչներին, դրանցից մեկը դիտելիս հուզվեցի, թոռնիկս ով կողքիս էր այդ ժամանակ, աչքերս մաքրելով արցուներից գրկեց ու համբուրեց ինձ: Սիրտս փուլ եկավ, հազիվ կարողացա ասել՝ «Դու երբեք չանես նման բան»:

Ի՞նչ է, մեր լուսավոր երկրում արատավորերը ուսուցիչնե՞րն են:

Ի՞նչ է, այդ նույն նախարարն ինքը, հասարակության կողմից ընդունված «выпускной вечер» չի ունեցել, մի՞թե կարելի է ինքնահաստատվելու համար վարկաբեկել դպրոցն ու մանկավարժին:

Պարոն նախարա՛ր,

դպրոցների տնօրենների դեմ իրականացվող ակցիաները, ի չիք դարձրին այդ դաստիարակությունը, որ ուսուցիչը մեր ծնողն է, իսկ դպրոցը երկրորդ տունը: Չէ՞ որ, այդ նույն աշակերտը մի օր էլ կորոշի իր տանը «հեղափոխություն» անել ու «մերժել» իր ծնողներին:

Իսկ այս նամակը գրելու շարժառիթը գիտե՞ք որը եղավ: Երեկ, բժշկի մոտ հերթական այցելության էի, միջանցքում սպասում էի իմ հերթին, երբ մի երիտասարդ աղջիկ եկավ, աջ ու ձախ նայեց, ապա տեսնելով, որ իր հերթը, միգուցե ուշ հասնի, միացրեց հեռախոսի զայնագրիչը ու հաղթական  ասեց. «Ես հեսա զապիսը միացրած կմտնեմ ու տենամ ինձ ոնց չի ընդունի...» ու գիտե՞ք՝ օգնեց: Սիրտս մղկտաց՝ ոչ թե այն բանի համար, որ իմ հերթը ետ ընկավ ու ստիպված մի քանի րոպե էլ ոտքերիս ցավին դիմանալով սպասեցի, սիրտս մղկտաց, որովհետեւ երբեք այսքան «շանտաժիստ» սերունդ չէի տեսել:

Աստված օրհնի Ձեզ, բալիկնե՛րս, դուք բոլորդ իմ երեխաներն եք ու ես հավատում եմ, որ Աստված կլուսավորի ձեր միտքը եւ այս արատավոր երեւույթները ժամանակավոր բնույթ կկրեն: Հարգանքով ու սրտացավությամբ՝ Աստղիկ Հակոբյան»