Նոր բացահայտումներ՝ բժիշկը թաքցրել է ծննդկանների պատմագրերը

22/05/2018 08:51
Նոր բացահայտումներ՝ բժիշկը թաքցրել է ծննդկանների պատմագրերը

 Օրերս, Մասիսի ԱԱԾ-ի պետի ընտանեկան բիզնեսը վերտառությամբ հոդվածում անդրադարձել էինք  Արարատի մարզի Մասիս ԲԿ-ում տեղի ունեցող իրադարձություններին: Իսկ դրա պատճառը եղել էր նաեւ այն, որ մեր խմբագրություն էր ուղարկվել մի տեսանյութ, որտեղ նույն կենտրոնի բժիշկ Կրիստինա Սարգսյանը, մի քանի բուժքույրերի ու մայրապետերի (սանիտարների: Հեղ.) հետ բողոքի ակցիա էր կազմակերպել ընդդեմ տնօրեն Նունե Ավանեսյանի:

Հիշեցնենք, նաեւ, որ սա առաջին դեպքն ու տնօրենը չէ Մասիս ԲԿ-ում, որ նման «ակցիաներ»-ի զոհ է դառնում, այդ իսկ պատճառով փորձեցինք լրագրողական հետաքննություն սկսել՝ պարզելու, թե իրականում ովքե՞ր են պղտոր ջրում ձուկ որսացողները:

Ի պատասխան մեր պաշտոնական գրավոր հարցման, թե ի՞նչ հիմքով է ազատվել աշխատանքից Կրիստինա Սարգսյանը, Մասիս բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Նունե Ավանեսյանը գրավոր պատասխանել է:

Փաստորեն, նույն հիվանդանոցի գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, ԱԱԾ Մասիսի պետի կնոջը՝ Կրիստինա Սարգսյանին աշխատանքից ազատելու հիմք է դարձել վերջինիս կողմից, հիվանդանոցում հաշվառված եւ ծննդաբերած հղիների պատմագրերը՝ հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման ծավալների հաշվառման 0001 ձեւը, վիճագրական կաբինետի պետական առողջապահության գործակալության պատասխանատու բժշկին ժամանակին չհանձնելը, ըստ ազատման հրամանի՝ միայն 2018 թվականի ապրիլ ամսին Կրիստինա Սարգսյանի թիվ 174,176,177,178,179, 804/80 եւ 805/81 ծննդաբերության պատմագրերը (անկետաները: Հեղ.) չներկայացնելու հետեւանքով բուժ հիմնարկը կրել է 762 800 դրամի վնաս:

Իսկ ո՞րն է եղել ազատված բժշկուհու դրդապատճառները նման կերպ վարվելու համար: Ըստ մեր ունեցած տվյալների, վերը թվարկված պատմագրերի ծննդկաներին ծննդօգնություն է ցուցաբերել նույն բաժանմունքի բժիշկ Մհեր Ենգիբարյանը, ով ինչպես արդեն ներկայացրել էինք վաղուց լարված հարաբերությունների մեջ է Կրիստինա Սարգսյանի հետ:

Իր պատասխան դիմումում, Կրիստինա Սարգսյանը տեղեկացնում է, որ ինքը պատմագրերը չի ներկայացրել, քանի որ դրանք թերի լրացված են եղել, այդ դեպքում, ինչու՞ ինքը լինելով բաժանմունքի վարիչ չի հանձնարարել շտկել դրանք, եւ, ի վերջո, թեկուզ չշտկված ինչու՞ չի ուղարկել  գործակալություն:

Կ. Սարգսյանի գործողություններին կարելի է մի քանի մեկնաբանություն տալ, որոնք էլ հանգեցնում են մի պատասխանի՝ լարված դրություն ստեղծել հիվանդանոցում: Առանց այն էլ տարիների կուտակված պարտքեր ունեցող հիվանդանոցի համար ծննդօգնությունների գումարը չստանալը, որը ընդհանուր հաշվով մոտ 4  մլն դրամ է գումար է կազմում, լուրջ հարված է:

Երբ տնօրեն Նունե Ավանեսյանից փորձեցինք ճշտել հետագա գործողությունների ընթացքը, վերջինս պատասխանեց. «Մեր իրավաբանը հայց է ներկայացրել դատարան, վարույթն ընդունվելուց հետո կմեկնաբանեմ, կամ կարող եք օգտվել դատալեքս համակարգից»:

 

շարունակելի


Անի Մադոյան