Առաջին ռաունդում գյուղապետը պարտվեց. Տնօրենը հրաժարական չներկայացրեց

21/05/2018 19:21
Առաջին ռաունդում գյուղապետը պարտվեց. Տնօրենը հրաժարական չներկայացրեց

Մեր նախորդ հոդվածում նշել էինք, որ Արարատի մարզի Դալարի համայնքապետ ՀՀԿ-ական Գագիկ Ալեքսանյանը համաժողովրդական շարժման ֆոնին, որոշել էր վրեժ լուծել իր ախոյան՝ դպրոցի տնօրեն Շողիկ Հախվերդյանից, նրան «փուռը տալու» նպատակով, սոցցանցերում իր երկու դստրերի միջոցով կազմակերպել էր արշավ՝ ընդդեմ իրեն չենթարկվող Շողիկ Հախվերդյանի՝  նրա մասին  անձնական քոմենթներ  գրելով ու վիրավորելով:

Դալարի բնակիչներից մեկն, ով խնդրեց իր անունը չհրապարակել, մեզ պատմեց.

-Իրականում կռիվ է գնում թերուս գյուղապետի և ուսյալ տնօրենի միջեւ: Անգետն ու գիտունն իրար չեն հանդուրժում:Նախկին դպրոցի տնօրենը, ով հեռացվել է պաշտոնից դիրքը չարաշահելու համար, Գագիկ Ալեքսանյանի համախոհն է, ուսուցչուհի Կատյա Գևորգյանի հետ համատեղ ելել են ոտքի՝ տնօրենի աթոռին տիրանալու  համար: Այսօրվա 20 աշակերտների ցույցն  առաջնորդում է Կատյա Գևորգյանի որդին՝ Արմանն իր անծանոթ ընկերոջ հետ: Իմ տղան էլ է այդ խմբում, չի լսում ինձ, ասում է. «Պա՛պ, ավելի լավ, դաս չենք անի»: Տղաս հանկարծ չտեսնի,  որ խոսում եմ ձեզ հետ, ընկերների մոտ կնեղվի, բայց սա է իրականությունը, որ ներկայացնում եմ ձեզ,- անկեղծանում է զրուցակիցս:

-Հետաքրքիր է, նորաթուխ նախարար՝ Արայիկ Հարությունյանն այս հանգամանքը հաշվի կառնի՞, որ իշխանության է ուզում գալ մեկը, ով 90-ականներին չի պատժվել իր քրեական արարքների համար և այսօր շոու է սարքում՝ օգտագործելով դասերից փախչող տղաներին՝ ստիպելով գոռալ՝ «Տնօրե՛ն, հեռացի՛ր»: Ես որպես ծնող կուզեի այս պահին իմ տղան դասի նստած լիներ, մի բան սովորեր, ոչ թե չարաճճիորեն գոռար…,-անհանգստանում է ծնողներից մեկը:

Մեր այն հարցին, թե ինչու՞ աշակերտների ծնողները չեն մասնակցում ցույցին, մեր զրուցակիցը պատասխանեց.

-Որովհետև արհեստական սարքած գործ ա, բնական չի, բոլորը գիտեն, թե ինչն ինչոց է, տնօրենն իսկի էդ ծնողներից ծաղիկ չի ուզել, ո՞նց կգան  ու կպահանջեն նրա հրաժարականը, սա գյուղ է, հետո իրար երեսի ո՞նց ենք նայելու:Ամո՛թ է, Դալարի համար, որ գյուղապետն իր անձնական վրեժի համար մեր գյուղի կեղտոտ անկողինը հանել է գյուղից դուրս, դալարցուն սա չի սազում:

  Դպրոցի տնօրեն Շողիկ Հախվերդյանին  հանդիպեցինք իր առանձնասենյակում՝ մի քանի լրագրողների հետ զրուցելուց: Մեր հարցերին տնօրենը պատասխանեց.

-Մեր ամբողջ կոլեկտիվը, չհաշված մի քանի երիտասարդների, որոնք չեն հասցրել դառնալ հանրապետական, բոլորն էլ հանրապետական են։ Անհիշելի ժամանակներից մեխանիկորեն ներառվել ենք այդ կուսակցության մեջ։ Հանրապետական կամ կուսակցական պատկանելությունը չեմ կարող դարձնել ինչ-որ գործիք, դրանով ոչ կարող եմ վախեցնել մարդկանց, ոչ կարող եմ ինչ-որ վնաս տամ։ Ես երբեք դիրքի չարաշահման չեմ գնացել, թեկուզ կուսակցական չարաշահման։ Կուսակցական պատկանելությունը նշանակում է բռնություն կիրառել ինչ-որ մեկի դե՞մ։ Կարո՞ղ են փաստել նման բան, որ ես մարդկանց ճնշել եմ կամ վիրավորել,- ասաց Շողիկ Հախվերդյանը,- Ես պայքարելու եմ իմ արդար սկզբունքի համար, ինչի՞ համար հրաժարական տամ։ Մինչև օրենքով փաստը չարձանագրվի, որ ես թույլ եմ տվել սխալ, որի համար պետք է պատասխանատվություն կրեմ․․․ ես պատասխանատվությունից չեմ խուսափում։


Ամալյա Սահակյան