Օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն. «Սասնա ծռեր»-ը հակադարձում են Փաշինյանին

17/05/2018 17:13
Օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն. «Սասնա ծռեր»-ը հակադարձում են Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր երեկվա Live-ում անդրադարձ է կատարել Հայաստանում քաղբանտարկյալների խնդրին։ Նա նշել է, որ լինելով նախկին քաղբանտարկյալ շատ լավ պատկերացնում է խնդիրը, և պետք է անել ամեն ինչ, որ Հայաստանը ազատվի քաղբանտարկյալներ ունենալու ամոթալի խարանից, սակայն այդ ճանապարհին բոլոր քայլերը պետք է լինեն բացառապես օրենքի շրջանակներում։ «Շատերը պատկերացնում են, որ պետք է գնանք և բանտախցերի դռները բացենք ու մեր քաղբանտարկյալներին ասենք՝ ժողովուրդ ջան, դուրս եկեք։ Դա ճիշտ ճանապարհ չէ, օրինական ճանապարհ չէ։ Մենք քաղբանտարկյալների խնդիրը պետք է լուծենք օրենքով սահմանված գործիքների կիրառման միջոցով»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ մեր երկրում քաղբանտարկյալները ձևավորվել են հենց այն պատճառով, որ ժամանակ առաջ հենց իր կաբինետից կամ մեկ այլ սենյակից հեռախոսով զանգել են դատավորներին և հրահանգներ տվել, թե ում ինչքան դատեն։ «Ուզում եմ հավաստիացնել ձեզ, որ այդ հարցով ես զբաղվում եմ և որևէ կասկած չունեմ, որ առաջիկայում քաղբանտարկյալները կհայտնվեն ազատության մեջ»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ դրա համար կան մի քանի գործիքներ՝ համաներում, ներում, պայմանական վաղաժամկետ ազատ արձակում։


Անդրադառնալով կոնկրետ «Սասնա ծռեր»-ի գործին, նա նշել է, որ այդ գործը հասկանալիորեն մի փոքր այլ է, բայց այդ գործի հանգուցալուծումը կարևոր է Հայաստանում համերաշխության մթնոլորտի հաստատման համար։ «Մենք այս խնդրի վերաբերյալ պետք է հանրային քննարկում ունենանք տարբեր ֆորմատներով։ Այն դրվագները, որտեղ չկան զոհեր, դրանք պարզ հարցեն և այդ գործով մեղադրվողները պետք է դուրս գան բանտերից և հայտնվեն ազատության մեջ։ Բայց ինձ համար սկզբունքային հարց է այդ դեպքերի ժամանակ սպանված ոստիկանների հարազատների հետ զրուցելը, քննարկում ունենալը, լսել նրանց տեսակետները։ Պետք է ամբողջական ինֆորմացիան հավաքենք ու հասկանանք՝ ոնց ենք լուծելու թնջուկը բացառապես իրավական դաշտում»,- ասել է Փաշինյանը։


«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Ալեք Ենիգոմշյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Փաշինյանի հնչեցրած տեսակետներին, նշեց, որ ողջունելի է Փաշինյանի ելույթը լուծումներ գտնելու առումով։ Իրենք ողջունում են Փաշինյանի վերջին ելույթը, որտեղ լուծումների հասնելու ակնհայտ մտահոգություն կա։ Դրանից բացի՝ իրենց, ժողովրդի կողմից արտահայտած դժգոհությունը «Սասնա ծռեր»-ի և մնացյալ քաղբանտարկյալների ազատ չարձակման մասով ուղղված չէ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության դեմ, այլ ուղղված է Նիկոլ Փաշինյանի դեմ աշխատող դատաիրավական համակարգին՝ ի դեմս դատախազության, դատարանների։ Միևնույն ժամանակ, իրենք համարում են, որ արդարադատությունը, բացառապես օրենքի շրջանակներում հարցերի լուծումը պետք է վերաբերի բոլորին, և արդարադատությունը ընտրովի չլինի։

«Այն, որ օրենքի շրջանակներում պետք է լինի հարցի լուծումը, դա միանշանակ է։ Եթե Հայաստանում իշխանություն է փոխվել, ապա իշխանության փոփոխությունը պետք է երևա նրանում, որ Հայաստանը դառնա իրավունքի պետություն, իրավունքը պետք է գերակշռի։ Գործադիր իշխանությունից չպետք է հեռախոսը վերցնեն զանգեն ու հրահանգներ տան։ Դա հասկանալի է և ճշմարտություն է, բայց կա նաև ընդհանուր մի իրավիճակ, երբ գործադիր իշխանությունը փոխվել է, բայց շատ երևացող և թաքուն ոլորտներ մնում են նախկին իշխանությունների վերահսկողության տակ։ Այդ լծակներից մեկը դատաիրավական ոլորտն է։ Հեղափոխությունը դեռևս ամբողջությամբ չի հաղթանակել և, մասնավորապես, դատական իշխանությունը գտնվում է հետադիմական ուժերի վերահսկողության տակ։ Մենք չունենք արդար դատարան, պետության շահերը պաշտպանող դատախազություն»,- ասաց Ենիգոմշյանը՝ հավելելով, որ ստեղծված վիճակից երկու հետևության ենք գալիս, որ կամ ժողովուրդը որպես իշխանության կրող իր պայքարը պետք է շարունակի, որպեսզի դատաիրավական համակարգում ևս ժողովրդի իշխանությունը հաստատվի, կամ այս գործին միջամտի գործադիր իշխանությունը։ «Գործադիր իշխանությունը չի կարող հրահանգել դատական իշխանությանը, բայց գործադիր իշխանությունը ունի իր դիրքորոշումը հայտնելու իրավունք և կարող է հստակ դիրքորոշում հայտնել, որ այս շարունակվող դատական վճիռները, որոշումները արդար դատաքննության շրջանակներում չեն գտնվում։ Մենք ընդունում ենք, որ գործադիր իշխանությունը հրամաններ արձակելու մասով չի կարող միջամտել, բայց ունի որոշակի անելիք»,- ասաց Ենիգոմշյանը։


Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը՝ կապված զոհերի հետ, Ենիգոմշյանը նշեց, որ նախ չկան ապացույցներ, որ երկու ոստիկանները «Սասնա ծռեր»-ի կողմից են սպանվել։ «Այդ ամեն ինչի մասին խոսվել է։ Եթե պայմանականորեն այդ ամեն ինչը մոռանում ենք և ասում ենք, որ պետք է արդար դատաքննություն լինի, ապա դա պետք է վերաբերի բոլորին։ Այս 30 տարվա ընթացքում այնքան դաժան սպանություններ են եղել՝ և՛ քաղաքական բնույթի, և՛ ոչ քաղաքական։ Եթե այսօր այդ բոլոր մարդիկ, ովքեր պատասխանատու են այդ ոճիրների համար, պատասխան կտան, ուրեմն մենք համաձայն ենք։ Վարուժան Ավետիսյանն էլ այսօր ասել է, որ եթե Սերժ Սարգսյանը գա և իմ կողքի խցում նստի, խնդիր չկա, մենք կդատվենք։ Շատ դիպուկ է ասված։ Փաշինյանի ասածները ճիշտ կլինեն, եթե օրենքի հավասար մոտեցում ցուցաբերվի։ Ընտրովի արդարադատություն չի կարող լինել»,- եզրափակեց Ենիգոմշյանը։


Նշենք, որ այսօր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր-ի» անդամ Վարուժան Ավետիսյանը նույնպես արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ անդրադառնալով, մասնավորապես, անձանց սպանության մասին վարչապետի շեշտադրումներին։


Ավետիսյանը, նախ, իր ելույթում ներկայացրել է ապստամբության մասին իր տեսությունը, նշելով, որ ապստամբությունը ինքնապաշտպանության իրավունքի բաղկացուցիչ մասերից է։ «Խեղկատակության աստիճանի հասնող կեղծ մարդասիրությունից, կեղծ համերաշխության լոզունգներով ներկայացվող բոլոր այն տեսակետները, թե գիտեք ինչ, այնուամենայնիվ, զոհեր կան, այնուամենայնիվ, մարդիկ են մահացել, պետք է ոմանց մասով նկատի ունենանք այդ հանգամանքը, և այլն, և այլն։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այդ բոլոր արտահայտությունները, այդ բոլոր կարծիքները ակնհայտորեն հակասում են ինքնապաշտպանության իրավունքին, ապստամբության իրավունքին, այսինքն՝ բնական և արարչատուր իրավունքին, սրանք միջոցներ, մեթոդներ, ձևեր են ժողովրդի ընդվզման, հեղափոխության շարունակությունը կասեցնելու և համապատասխան ուղղությամբ տանելու ու արդեն քաղաքական շահաբաժիններ վաստակելու նպատակով։ Եթե կան մոլորյալներ, հասկանալի է, հարգելի է, բայց դա էլ պետք է չլինի, որովհետև այն ազգը, որը մերժում է ապստամբության իրավունքը և ուրանում է ապստամբներին, դատապարտված է ցեղասպանության, պետականազրկման, հայրենազրկման։ Մեր ժողովուրդը հասկանում է սա ու թույլ չի տալու, որ ռեժիմի մնացորդները և ինչ-ինչ պատճառներով ռեժիմի մնացորդների հետ առևտուր անելու միջոցով հեղափոխությունը զրոյացնելու նկատառում ունեցողները կարողանան պահել վիճակ, և մեր երկիրը թաղված թողնել այս թրքաբոլշևիկյան գաղութատիրական համակարգի մեջ և խլել մեր ժողովրդից վերջապես ազատագրվելու շանսը։ Դա տեղի չի ունենալու»,- հայտարարել է Վարուժան Ավետիսյանը։