«Փաշինյանը կեղծ մարդասեր է»

17/05/2018 07:54
«Փաշինյանը կեղծ մարդասեր է»

Երեկ, «Սասնա Ծռերի» պաշտպանները միջնորդությամբ դիմեցին դատավորին՝ նրանց նկատմամբ խափանման միջոցը փոխելու համար, իսկ դրանից ավելի վաղ հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր հերաթական լայվերից մեկի ժամանակ հստակ հայտնեց իր դիրքորոշումը, թե պետք է քաղբանտարկյալների խնդրի հետ կապված գործերը տարանջատել՝ նշելով, որ կան քաղաքականության հետ առնչվող գործեր, որտեղ չկան զոհեր,  և կան գործեր, որտեղ կան զոհեր: 

«Շատերը կարծում են, թե պետք է գնանք բանտերի դռները բացենք և մեր քաղբանտարկյալներին ասենք՝ ժողովուրդ ջան, դուրս եկեք։ Դա ճիշտ ու օրինական ճանապարհ չէ։ Մենք քաղբանտարկյալների խնդիրը պետք է լուծենք օրենքով նախատեսված գործիքների միջոցով»,- ասել էր Նիկոլը։

Երեկվա, «Սասնա Ծռերի» գործով հերթական դատական նիստի ընթացքում Վարուժան Ավետիսյանն անդրադառնալով վարչապետի վերը նշված հայտարարությանը, ասաց. «Խեղկատակության աստիճանի հասնող կեղծ մարդասիրությունից, կեղծ համերաշխության լոզունգներով ներկայացվող բոլոր այն տեսակետները, թե՝ գիտե՞ք ինչ, այնուամենայնիվ, զոհեր կան, այնուամենայնիվ, մարդիկ են մահացել, պետք է ոմանց մասով՝ նկատի ունենանք այդ հանգամանքը, և այլն, և այլն, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այդ բոլոր արտահայտությունները, այդ բոլոր կարծիքները ակնհայտորեն հակասում են ինքնապաշտպանության իրավունքին, ապստամբության իրավունքին, այսինքն՝ բնական և արարչատուր իրավունքին, սրանք միջոցներ, մեթոդներ, ձևեր են ժողովրդի ընդվզման, հեղափոխության շարունակությունը կասեցնելու և համապատասխան ուղղությամբ տանելու ու արդեն քաղաքական շահաբաժիններ վաստակելու նպատակով: Ռեժիմին ծառայող ոստիկանությունը այդ ռեժիմի զինված պահակներն են և եթե անհրաժեշտ է ջարդել ռեժիմի դիմադրությունը, ապա, ցավոք սրտի, պետք է չեզոքացվի զինված պահակի դիմադրությունը, և, բնականաբար, այդ ժամանակ կարող էին լինել նաև զոհեր, ինչպես «Սասնա Ծռերի», այնպես էլ՝ ոստիկանների շրջանում»,-հայտարարեց Վարուժան Ավետիսյանը և ընդգծեց, որ Սահմանադրության հաշվին համերաշխություն հաստատելու, ձևական օրենք պահպանելու ցանկությունը վտանգավոր է։