Սասնա Ծռերը ապստամբ-ռազմագերի-քաղբանտարկյալ են և վերջ․ Փարատեք ձեր կասկածները

10/05/2018 12:13
Սասնա Ծռերը ապստամբ-ռազմագերի-քաղբանտարկյալ են և վերջ․ Փարատեք ձեր կասկածները

Ծավալուն կամ երկարաշունչ քննարկումների կարիք չկա: Ծռերի քաղբանտարկյալ լինելու անհերքելի փաստը կասկածի տակ դնելը դատապարտված է տապալման:

Քննարկման առարկա դարձնող որևէ անձ երբևէ փորձե՞լ է հասկանալ նրանց արարքի (ապստամբության) շարժառիթը: Կասկածներ ունեցող որևէ մեկը հասկացե՞լ է Սասնա Ծռերի ապստամբության իրավաքաղաքական նշանակությունը Հայաստանի համար:

Ո՛չ, չի փորձել կամ չի ցանկացել: Փոխարենը լսել է սս-ի Հ1-ը, սս-ի դատախազին, դատավորին, քննիչին:

Դուք հավատում՞ էիք, որ սս-ն ողջունելու էր Ծռերի ապստամբությունը և խոստովաներ, որ Ծռերը կանխեցին և թույլ չտվեցին իր՝ դավաճանական պայմանավորված պատերազմի և հազարավոր զոհերի միջոցով տարածքներ հանձնելը:

Ծռերի արարքի քննարկումը զուտ քրեական իրավունքի սահմաններում կամ դրա տիրույթում այն է, ինչ պետք էր սս-ին ու նրան սպասարկողներին:

Դուք երբևէ կարդացել կամ տեսել ե՞ք քրեական հոդված քաղբանտարկյալի մասին:

Ո՛չ, չեք տեսել:

Հետևաբար ի՞նչ քննարկման կամ կասկածի մասին է խոսքը …

Եթե ուզում եք, ապա ապստամբ լինելն այս դեպքում ավելի բարձր իրավաքաղաքական չափանիշ է, քան քաղբանտարկյալ լինելը:

Ապստամբելը վերջին, հարկադրված, միակ միջոցն է հանցավոր ռեժիմի դեմ պայքարում:

Ծռերից շատերը տարիներ շարունակ սս-ի սահմանադրությունը և օրենքները չխախտելով պայքար էին մղում: Փոխարենը ստանում էին ծեծ, բռնություն, խոշտանգում, հրկիզում, դանակահարություն, սպառնալիք և այլն: Մոռացե՞լ եք Բերձորը:

Որևէ մեկդ կարո՞ղ եք նշել գեթ մեկ դեպք, երբ սս-ի հարյուրավոր բռնությունների դեմ կիրառվել է հակաբռնություն կամ ինքնապաշտպանություն:

Ո՛չ, չեք կարող, այդպիսի դեպք չի եղել:

Հետևաբար ո՞րն է խնդիրը:

Երբ սս-ն ու իր հանցավոր համակարգը կեղծում էին բոլոր տիպի ընտրություններն ու հանրաքվեները, զարգացնում էին մոնոպոլիաներն ու համատարած կաշառակերությունը, ոչնչացնում էին դատական համակարգը, պետական իշխանությունը յուրացրած ծառայեցնում էին իրենց անձի ու մերձավորների շահերի համար, մեզ, այդ թվում՝ Ծռերին, պարտադրում էին պահպանել իրենց օրենքները: Այդ օրենքը իրենց վրա չէր տարածվում, իրենք վեր էին օրենքից ու սահմանադրությունից:

սս-ի ռեժիմը այնքան էր հղփացել, որ սկսել էր հողերի վաճառքը: Հիշեցի՞ք 2016 թվականի ապրիլը, հիշու՞մ եք՝ ով բացահայտեց պետական դավաճանությունը և հայտնվեց բանտում:

Օրինական ու քաղաքակիրթ պայքար մղող Ծռերի համար սս-ն ու նրա հանցավոր ռեժիմը պայքարի այլ ճանապարհ չէին թողել: Անհնար էր և անհնար է մղել օրինական պայքար մի ուժի դեմ, որն օրենքից դուրս է, ավելին, գործարքի առարկա է դարձնում պետության անվտանգությունը:

Այլևս հապաղելը և «օրինական» միջոցներով պայքարելով ու հետագայում բանտում որպես քաղբանտարկյալ հայտնվելու հեռանկարը Սասնա Ծռերի համար չէր: Նրանք նոր չափանիշ սահմանեցին՝ ԱՊՍՏԱՄԲԵՑԻՆ: Դա միակ և բացառիկ միջոցն էր կանխելու պետական դավաճանությունը: Ծռերից Աշոտ Պետրոսյանը դիպուկ է նշել՝ «Ծռերի ապստամբությունը հղիացրեց Հայաստանի ազատագրումը չարիքից: Հղին պարտավոր էր ծնել. ազատագրումը ծննդաբերեց 2018-ի գարնանը»:

Բոլորի, այդ թվում՝ իրավաբան-իրավագետների քննարկումները Սասնա Ծռերի ապստամբության այսպես կոչված քրեական վարույթի լուծման իրավական ընթացակարգային հարցերի վերաբերյալ ժամանակի զուր վատնում են:

Ամեն ինչ չափազանց պարզ և հստակ է. Սասնա Ծռերը ԱՆՊԱՐՏ են ցանկացած օրենքի առաջ: Քաղաքական լուծումը անխուսափելի է, և այդ հարցում իրավունքը մեկ աննշան դեր ունի՝ կայացնել որոշում, այսպես կոչված՝ քրեական գործի կարճում:

Համոզված եղեք՝ երբևէ որևէ մեկը չի կարող մեղադրական դատական ակտ կայացնել: Դա բացառված է:

Արայիկ Պապիկյան

Փաստաբան