Նիկոլ Փաշինյանին կփոխարինի Ալեն Սիմոնյանը

08/05/2018 21:50


Ազգային ժողովը մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանին ընտրվեց Հայաստանի Հանրապետության  վարչապետի պաշտոնում, ինչը նշանակում է, որ խորհրդարանում Փաշինյանի տեղը թափուր է մնացել:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր է ընտրվել ռեյտինգային ընտրակարգով թիվ 4 ընտրատարածքից (Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններ), հետևաբար խորհրդարանում նրան կփոխարինի նույն ընտրատարածքում «Ելք» դաշինքի ցուցակում նրանից հետո շատ ձայներ հավաքած թեկնածուն:

Թիվ 4 ընտրատարածքում  «Ելք» դաշինքի ցուցակում Նիկոլ Փաշինյանից հետո ավելի շատ ձայներ հավաքած թեկնածուն Ալեն Սիմոնյանն է: Նիկոլ Փաշինյանը հավաքել էր 11 հազար 513 ձայն, իսկ Ալեն Սիմոնյանը՝ 1870 ձայն: Ալեն Սիմոնյանն այս պահին Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ է:

Մինչ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը պատգամավորական մանդատները վայր դնելու դիմումներ են ներկայացրել նաև ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանը: ՀՅԴ համամասնական ցուցակում Աղվան Վարդանյանին հաջորդում է Ռուզաննա Առաքելյանը, իսկ Գրիգոր Ավալյանը պատգամավոր է ընտրվել ռեյտինգային ընտրակարգով թիվ 13 ընտրատարածքից (Տավուշի մարզ): Նրանից հետո ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն Հակոբ Հակոբյանն է: