Պուտինը ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Մեդվեդևի թեկնածությունը

08/05/2018 11:00
Պուտինը ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Մեդվեդևի թեկնածությունը

Չորրորդ անգամ պաշտոնապես Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնն ստանձնած Վլադիմիր Պուտինը վարչապետի պաշտոնում առաջադրել է Դմիտրի Մեդվեդևի թեկնածությունը։

Երեք օր Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, որ եթե վարչապետի թեկնածությունը նախագահի կողմից առաջադրվի երդմնակալության օրը, պատգամավորները կարող են կառավարության նոր ղեկավարի նշանակման հարցը քննարկել մայիսի 8-ի լիագումար նիստին։

Դմիտրի Մեդվեդևը իշխող՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահն է։ Քանի որ Պետդումայում մեծամասնություն է կազմում հենց այդ քաղաքական ուժը, խորհրդարանը կսատարի Մեդվեդևի թեկնածությանը։ Նա այսպիսով կդառնա վարչապետ երկրորդ անգամ։

Անցյալ տարի ՌԴ վարչապետը հայտնվել էր կոռուպցիոն սկանդալի կենտրոնում։ Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հիմնադրամը հրապարակել էր հետաքննություն Մեդվեդևին պատկանող չհայտարարագրված անշարժ գույքի վերաբերյալ։ Մեդվեդևը հետաքննությունը որակել էր «բացարձակ սուտ»։