Տեղի է ունեցել Կառավարության վերջին նիստը

03/05/2018 12:41
Տեղի է ունեցել Կառավարության վերջին նիստը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար: «Այսօր այս կազմով կառավարության վերջին նիստն է, և ես ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Եղել է շատ հետաքրքրիր ժամանակահատված: Առաջարկում եմ, որ մենք հաշվետվություն տանք հասարակությանը, թե ինչ ենք կատարել այս ժամանակահատվածում: Եվ իմ վերջին հանձնարարականը և խնդրանքը բոլոր գործընկերներին՝ բարեխղճորեն կատարում ենք մեր պարտականությունները մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը: Պետական պաշտոնյայի գործառույթը պետք է մինչև վերջ կատարվի՝ անկախ էմոցիայից, անկախ արդար թե անարդար քննադատությունից»,-նշել է Կարեն Կարապետյանը: 
Վարչապետի պաշտոնակատարը նշել է նաև, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկվել են ընթացիկ հարցեր: «Չենք ընդգրկել մեր աշխատակազմում գտնվող ֆունդամենտալ հարցեր սոցիալ-տնտեսական, եկամտահարկի իջեցման, առողջապահության ապահովագրության վերաբերյալ, որպեսզի հնարավորություն տանք հաջորդ կառավարությանը որոշելու՝ անել դա, թե ոչ»,-ասել է Կարեն Կարապետյանը:


Մասնակի կփոխհատուցվի սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վճարը


Սահմանամերձ համայնքների ուսանողներին ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման՝ անցյալ տարի իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ՀՀ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներից և Տավուշի մարզի Բերդ համայնքից ՀՀ բուհերում բակալավրի կրթական ծրագրով սովորում է 945 ուսանող: Նրանցից 70-ը գերազանց առաջադիմությամբ, որոնց ուսման վարձի փոխհատուցման չափը կազմում է 135,397,740 դրամ: Մագիստրոսի կրթական ծրագրով սովորող ուսանողների թիվը 101 է, որից 18-ը՝ գերազանց առաջադիմությամբ: Վերջիններիս ուսման վարձի փոխհատուցման չափը կազմում է 18,275,700 դրամ: Որոշման համաձայն՝ գերազանցությամբ սովորողների համար նախատեսվել է 60 տոկոս, իսկ մյուս ուսանողների համար՝ 30 տոկոս զեղչի կիրառման հնարավորություն: Այդ համայնքների ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցումը կիրականացվի պետբյուջեի «Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:

 Արտոնություններ՝ հերթական ներդրումային ծրագրերին


Գործադիրի որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Պրոֆպանել» ՍՊԸ-ն կօգտվի ապրանքների ներմուծման ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: Ընկերության նպատակն է արդիականացնել արդեն իսկ գործող արևային վահանակների արտադրության գործարանը։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է կատարել 697,8 մլն ՀՀ դրամի ներդրում՝ հումք և նյութ, սարքավորումներ ձեռք բերելու համար։ Արդյունքում կստեղծվի մոտ 11 աշխատատեղ` 175 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով: 
Կառավարության որոշմամբ բավարարվել է «Էյ Բի Սի տեքստիլ» ՍՊԸ ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է թեթև արդյունաբերության մեջ։ Ծրագրի շրջանակում իրականացվելու է 10,9 մլրդ ՀՀ դրամի ներդրում։ Արդյունքում կստեղծվի 175 աշխատատեղ՝ 192 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի մոտ 23 մլրդ ՀՀ դրամ, որի մի մասը՝ 3,1 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը, կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը՝ 13,3 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը, կարտահանվի ԵԱՏՄ, իսկ 6,7 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրներ։

 Այլ որոշումներ


Գործադիրն ընդունել է Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Վաղաշեն, Շիրակի մարզի Աշոցք, Արագածոտնի մարզի Թալին, Սյունիքի մարզի Սիսիսան համայնքների վարչական տարածքներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նվիրատվությունը՝ համայնքների ավագանիների որոշումների հիման վրա: Հիմնավորման համաձայն՝ հանրապետությունում պարտադիր սպանդանոցային սպանդի անցնելու գործընթացի համար անհրաժեշտ են նոր սպանդանոցներ: «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի «Աջակցություն սկսնակ ձեռներեցներին» ծրագրի հատուկ դասընթացի արդյունքում հավանության արժանացած գործարար ծրագրերի շահառուներին անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել են համապատասխան տարածքներ՝ բացառապես որպես սպանդանոցներ շահագործելու պայմանով:
Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: 
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերն ընդունվել են: 
Նիստի ավարտին Կարեն Կարապետյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել բոլորին՝ մաղթելով լավ տրամադրություն և լավ աշխատանք: