Ադրբեջանում ակնկալում են, որ մեր երկրում քաղաքացիական պատերազմ կսկսվի

02/05/2018 17:39
Ադրբեջանում ակնկալում են, որ մեր երկրում քաղաքացիական պատերազմ կսկսվի

 Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության, Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիեւն առաջարկել է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ նիստ` կապված Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Պատգամավորը կարծիք է հայտնել, որ «Սադրիչները կարող են խախտել հրադադարի ռեժիմը»։ «Մենք պետք է ժամանակին որոշում կայացնենք։ Սպասվում է, որ Հայաստանում մոտ ժամանակներում կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել։ Մենք պետք է ուշադիր հետեւենք իրավիճակին»,- ասել է նա։

Իսկ մեկ այլ քաղաքական գործիչ՝ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը, մեկնաբանելով հայաստանյան իրադարձությունները նշել է. «Ի տարբերություն Վրաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցած նմանատիպ գործընթացների, Հայաստանի պարագայում Մոսկվայի արձագանքը շատ հանգիստ է եւ զուսպ: Ներհայաստանյան ճգնաժամը Արեւմուտքի եւ Ռուսաստանի շահերի բախման հետեւանք չէ, Հայաստանն իր կողմը ձգելու՝ Արեւմուտքի փորձը չէ: Ադրբեջանի նախկին արտգործնախարարի գնահատմամբ՝ Հայաստանն ԱՄՆ-ի համար աշխարհաքաղաքական որեւէ նշանակության չունի, ինչի պատճառով Վաշինգտոնը կհակադրվեր Ռուսաստանին»: Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված, նախկին պաշտոնյան կարծիք է հայտնել, որ «Հայաստանյան գործընթացները շատ լուրջ ազդեցություն կունենան Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի վրա: Եթե Ռուսաստանը լքի Հայաստանը, ապա հայերը հույսը կդնեն միայն իրենց հնարավորությունների վրա: Եթե դա տեղի ունենա, ապա իրական խաղաղությունը հնարավոր է, բայց ավելի հավանական է, որ իրական խաղաղությունը հաստատվի ռազմական ինչ-ինչ գործողություններից հետո»: Իսկ վերջում ադրբեջանցի նախկին պաշտոնյան ասել է. «Ապրիլյան պատերազմը սթափեցրեց նրանց, իսկ այս ճգնաժամից հետո նրանք շատ կթուլանան, ինչն ազդեցություն կունենա ղարաբաղյան խնդրի վրա»: