Բարենպաստ պայմաններ ԱԱՀ վճարողների համար. ԱԱՀ-ի գծով փոխհատուցվել է 18 միլիարդ 137 միլիոն դրամ

28/04/2018 20:24
Բարենպաստ պայմաններ ԱԱՀ վճարողների համար. ԱԱՀ-ի գծով փոխհատուցվել է 18 միլիարդ 137 միլիոն դրամ

ՊԵԿ-ն ամփոփել է 2018 թվականի առաջին եռամսյակի ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից փոխհատուցվող գումարների արդյունքը

Պետական եկամուտների կոմիտեն դեռևս նախորդ տարվանից նախաձեռնել է գործարար միջավայրի բարելավմանը միտված մի շարք նախագծեր: Արտահանման խթանման և փոքր ու միջին բիզնեսի աջակցմանն ուղղված քաղաքականության շրջանակում առավել բարենպաստ պայմաններ են սահմանվել ԱԱՀ վճարողների համար: ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Տիգրան Կիրակոսյանի խոսքով՝ 2017-ի ընթացքում աշխատանքներ են տարվել ԱԱՀ-ի վերադարձման 180-օրյա ժամանակահատվածը կրճատելու ուղղությամբ. «Հուլիսից ԱԱՀ-ի գումարները հարկատուներին վերադարձվում էր առավելագույնը 90-օրյա ժամկետում: Արդյունքում 2017-ին գումարների ստացման միջին սպասելաժամանակը դարձել է 61 օր: 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն, այժմ ուսումնասիրության ավարտից հետո գումարները հարկատուների միասնական հաշիվ են մուտքագրվում եռօրյա ժամկետում»:

Ըստ Տիգրան Կիրակոսյանի, հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումների հիման վրա 2018 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից փոխհատուցվող 15 միլիարդ 968 միլիոն դրամ ընդհանուր գումարի գծով Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվել է միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության 134 ուսումնասիրություն: Դիմումներով պահանջված գումարից ուսումնասիրություններով հիմնավորվել է 15 միլիարդ 475 միլիոն դրամը, իսկ հիմնավորված չի համարվել 492 միլիոն 707 հազար դրամի գումար: 2018 թվականի երեք ամիսների ընթացքում ներկայացված «առանց ուսումնասիրության» նշագրմամբ 52 հայտերից՝ մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարների՝ միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգով բավարարվել է 32-ը, որոնցով պահանջված ընդհանուր գումարը կազմել է 158 միլիոն 869 հազար դրամ: Իսկ չափանիշներին չբավարարած 20 հայտի մասով սահմանված կարգով իրականացվել են ուսումնասիրություններ: «Մինչև 20 միլիոն դրամ հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարների՝ միասնական հաշվին մուտքագրման պարզեցված կարգը ներդրվել է 2017 թվականի ապրիլի 13-ից: Կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները բավարարելու դեպքում մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների միասնական հաշիվ մուտքագրումն ու վերադարձն իրականացվում է առանց հարկային մարմնի կողմից ուսումնասիրություն կամ ստուգում կատա​րելու՝ ընդամենը 4 աշխատանքային օրվա ընթացքում՝ նախկին 180 օրվա փոխարեն»,-նշել է Տիգրան Կիրակոսյանը:

Հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից փոխհատուցվող գումարների մասով միասնական հաշվին է մուտքագրվել 17 միլիարդ 671 միլիոն դրամ, որի մեջ ընդգրկված են նաև 31.12.2017թ. դրությամբ ուսումնասիրված, սակայն չհաշվանցված և (կամ) չվերադարձված ավելացված արժեքի հարկի գումարները: Իսկ 2017 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հարկ վճարողներին է վերադարձվել ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած 13 միլիարդ 286 միլիոն դրամ, ինչը նշանակում է, որ 2018-ի առաջին եռամսյակում վերադարձվել է 33 տոկոսով ավել գումար: Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից փոխհատուցվող գումարների մասով ապրիլի մեկի դրությամբ ընթացքում էր 70 ուսումնասիրություն՝ հարկ վճարողների կողմից պահանջված 8 միլիարդ 703 միլիոն դրամ գումարի գծով: 2018 թվականի ապրիլին հարկատուներինն արդեն իսկ վերադարձվել է 7 միլիարդ 586 միլիոն դրամ, ինչը 2017-ի ապրիլ ամսվա ցուցանիշը գերազանցել է 4 միլիարդ 629 միլիոն դրամով կամ 2.5 անգամ:

ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետի տեղեկացմամբ՝ ՀՀ հարկային օրենսգրքով առավել բարենպաստ պայմաններ են սահմանվել ԱԱՀ վճարողների համար. 74-րդ հոդվածի համաձայն, եթե յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ վճարողն ունի փոխհատուցվող գումար, ապա գրավոր դիմումի հիման վրա, ստուգմամբ կամ ուսումնասիրությամբ հիմնավորվելու դեպքում՝ այդ գումարը մուտքագրվում է միասնական հաշվին: Այսպես, հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումների հիման վրա 2018թ. առաջին եռամսյակի ընթացքում հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող 562 միլիոն 250 հազար դրամ ընդհանուր գումարի գծով իրականացվել է միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության 16 ուսումնասիրություն: Դիմումներով պահանջված գումարից ուսումնասիրություններով հիմնավորված է համարվել 466 միլիոն 174 հազար դրամ, որն էլ ամբողջությամբ մուտքագրվել է միասնական հաշվին: Հիմնավորված չի համարվել 96 միլիոն 76 հազար դրամ: 2018-ի ապրիլի 1-ի դրությամբ ընթացքում էր 22 ուսումնասիրություն՝ պահանջված 7 միլիադ 325 միլիոն դրամ գումարի գծով: 2018-ի ապրիլին ավարտվել է 20 ուսումնասիրություն, հարկատուներին վերադարձվել է 1 միլիարդ 446 միլիոն դրամ: «Սա նոր իրողություն է ՀՀ հարկային օրենսդրության մեջ: Մինչև 2018 թվականը ԱԱՀ-ի փոխհատուցվող, այսինքն դեբետային գումարները կարող էին ուղղվել միայն հարկ վճարողի ԱԱՀ-ի մասով առաջացող հետագա պարտավորությունների մարման կամ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող (արտահանման) գործարքների դեպքում՝ տնտեսվարող սուբյեկտի դիմումի հիման վրա ստուգմամբ կամ ուսումնասիրությամբ հիմնավորվելու դեպքում` կարող էին հաշվանցվել կամ վերադարձվել: Իսկ արտահանման գործարքներ չիրականացնող ԱԱՀ վճարողները մինչև 2018 թվականը գործող կարգավորումներով ԱԱՀ-ի փոխհատուցվող (դեբետագրված) գումարներն այլ հարկային պարտավորությունների մարմանն ուղղելու կամ հետ ստանալու իրավական հնարավորություն չունեին: Իսկ ՀՀ հարկային օրենսգրքով արդեն ԱԱՀ վճարողներին հնարավորություն ընձեռվեց ավելի արդյունավետ տնօրինել, տիրապետել և օգտագործել իրենց շրջանառու միջոցները»,-ընդգծել է Տիգրան Կիրակոսյանը:



Պետական եկամուտների կոմիտեի

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին