Դրական արդյունք կտա՞ ԲԿ-ների տնօրեննի փոփոխությունները հիմնարկի որակի վրա

20/04/2018 08:19
Դրական արդյունք կտա՞ ԲԿ-ների տնօրեննի փոփոխությունները հիմնարկի որակի վրա

Արդեն մի քանի ամիս է, ինչ Լոռվա մարզի Ստեփանավան եւ Տաշիր քաղաքային հիվանդանոցներում տնօրենների փոփոխություններ են տեղի ունեցել: Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի վիրաբույժ Գեորգի Իլոյանը փոխարինելով Վալիկո Չալաբյանին, նշանակված է Տաշիր ԲԿ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:


Իսկ Վալիկո Չալաբյանը փոխարինել է Ստեփանավանի ԲԿ նախկին տնօրեն Ռ. Կոծինյանին՝ նշանակվելով Ստեփանավան ԲԿ ժամանակավոր պաշտոնակատար: Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ Ստեփանավան ԲԿ-ում առկա խնդիրներին եւ սանիտարական ոչ բավարար պայմաններին «Հայկական Ժամ»-ը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է: Այսօր պատկերն այլ է: Բժշկական կենտրոնը օր-օրի վերականգնում է իր երբեմնի բարի համբավը, տեղեկացնում են մարդիկ։ Նոր, վերանորոգված ծննդատան հատվածը, հատկապես, տարածաշրջանի ազգաբնակչության համար դարձել է հպարտության առարկա։ Ու թեեւ մայրապետները ֆինանսական սուղ պայմաններից ելնելով փոքր թիվ են կազմում, այնուամենայնիվ, զօր ու գիշեր փայլեցնում, մաքրում են բուժհաստատության բոլոր սենյակները, ինչը չի վրիպում հիվանդանոց այցելողների աչքից։

-Աշխարհի չափ գոհ ենք մեր հիվանդանոցի բժիշկներից։ Բացի բժիշկներից գիտենք, որ տնօրենը Վալիկո Չալաբյանը շատ ուշադիր է, իրենից էլ ենք շնորհակալ, մեր հիվանդանոցում ամեն ինչն է փոխվել։ Ամեն առավոտ սաղ հիվանդանոցով մեկ ֆռռում է, հանձնարարություններ է տալիս, նոր գնում է իր կաբինետ,-պատմում են կենտրոնում գտնվողները։ Զրուցակիցներս տեղեկացրին նաեւ, որ հիվանդանոցին մեծ աջակցություն է ցուցաբերում նաեւ քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը:


Տաշիր ԲԿ այցելուները ներկայացնելով բուժհաստատության պայմանները ցավով նշում են, որ բավարար չեն:

-Բժիշկներից, սանիտարկեքից  շատ շնորհակալ ենք, հոգատար են նորմալ ձեւով, ուղղակի պայմանները, որ մի քիչ լավացնենք լավ կլինի։ Օրինակ, սառնարաններ չկան, մի քիչ դա է խնդիր, տաք ջուր չկա էդ ա խնդիր, լողանալու միջոց չկա։ Թե չէ անձնակազմից շատ գոհ ենք։ Մասնագետներից էլ ենք շնորհակալ,-ասում է Արտաշ անունով հիվանդը։