Տնօրենը կաշառք չի՞ վերցնում

18/04/2018 08:10
Տնօրենը կաշառք չի՞ վերցնում

Օրերս, «Հայկական Ժամ» կայքում հրապարակված Տնօրենը փորձում է ազատվել հին աշխատակիցներից՝ նպատակը շահադիտակա՞ն է վերտառությամբ հոդվածին անդրադառնալով,միասնական Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանը տեղեկացրեց.


-Գործող մանկապարտեզի աշխատանքներից գոհ եմ, որովհետեւ այսքան տարիների ընթացքում, որեւէ արտառոց դեպք տեղի չի գրանցվել։  Իսկ ինչ մնում է դժգոհություններին, ապա ասեմ, որ դրանք սուտ հերյուրանքներ են, դա իմ անձնական կարծիքն է, որ սուտ է, որովհետեւ դժգոհող մարդը պետք է հանդես գա իր անունով։ Բոլորի հետեւից էլ կարող են խոսել, թող ներկայանան իրենց անունով։ Եթե տնօրենը առանց իմ գիտության 100 հազար դրամ է վերցրել աշխատանքի տեղավորելու համար եւ ես տեղյակ չեմ, ապա կախաղանն էլ է քիչ ինձ, խնդիր չկա։ Ես դեռ այդպիսի իրավունք չեմ տվել տնօրենին, եւ ոչ էլ ինքը իրեն այդպիսի իրավունք կնձեռնի։ Միգուցե մարդկանց մեջ եղած նախանձն է խոսում, ինչպե՞ս կարող են ձեռք մեկնել այդ քիչ աշխատավարձով աշխատող մարդուց 100 հազար դրամ վերցնել, որ տանի ի՞նչ անի։ 


-Համայնքից տեղեկացնում են, որ  Թեհմինե անունով աշխատակցուհու համար Ռուզաննա Մելքոնյանը արհեստական խնդիրներ է ստեղծել եւ աշխատակցուհին մինչ օրս աշխատանքի չի գնում տնօրենի հետ տեղի ունեցած վեճի պատճառով։


- Թեհմինեն աշխատանքի չի գալիս Մոսկվա մեկնելու պատճառով, ինքը պետք է գնար Մոսկվա։ Թեհմինեի  հետ դադարեցվել է հետագա աշխատանքները, նոր պայմանագիր չի կնքվել, նա արդեն գնացել է Մոսկվա, հավանաբար այլ աշխատանքի անցնելու համար։


-Ծնողները դժգոհում են, որ մանկապարտեզի յուրաքանչյուր խմբում 40 երեխաներ են, խմբասենյակներում խտությունը այնքան շատ է, որ երեխաները զրկված են  ազատ տեղաշարժվելու հնարավորությունից։ Արագածավանում երեք մանկապարտեզներ կան, սակայն չեն գործում, ծնողները եւ երեխաները կիլոմետրերով ճանապարհ են անցնում մինչեւ տեղ հասնեն։ 


-Համայնքում կան երեք մանկապարտեզներ, որոնցից մեկը՝ տեղական անվանումներով այգեգործական տնտեսության կողմից է գործարկվել, մյուսը ոչխարաբուծական տնտեսության, երրորդը պեռլիտի գործարանի կողմից։ Նշված տնտեսությունները հովանավորում էին մանկապարտեզներին, որտեղ հաճախում էին սովխոզներում աշխատող բանվորների երեխաները։ Հետագայում, երբ փլուզվեցին խորհրդային կարգերը, մանկապարտեզները դարձան չգործող, մենք փորձեցինք դրանցից գոնե մեկը վերականգնել մեր ուժերով, որն էլ ստացվեց։ Այսօր այն գործում է հաջողությամբ, որպես նախակրթարան։ Իսկ այն երկու մանկապարտեզների շենքերից մեկը մասնակի վերանորոգել ենք, հաջորդ մասն էլ ենք ուզում վերանորոգել, որպեսզի աշխատեցնենք, խմբերի խտության հարցն էլ լուծենք։ Մինչեւ տարեվերջ պետք է հասցնենք ավարտենք աշխատանքները եւ հետո երեխաների տեղափոխման տեսանկյունից էլ հարմար չի ծնողներին, քանի որ գյուղը մեծ է տարածքով, մինչեւ 10 կիլիմետր հեռավորություն անցնեն մինչեւ մանկապարտեզ հասցնեն։ Պետք է թեթեւացնենք ծնողների հոգսը, երեխաների գնալ գալու հարցն էլ կլուծվի, ճանապարհը կկրճատվի։ Բավականին միջոցներ են ծախսվել վերանորոգման հարցում, մեր համայնքի բարերարներից էլ ենք օգնություններ ստացել։ Իսկ երրորդ շենքը շատ է փլուզված, որի վերանորոգման համար միայն կարելի լինի հիմնովին քանդել եւ նորը կառուցել տեղում։ Շատ անմխիթար վիճակում է, պատերը եւ հատակը քայքայված են, այդ շինությունում դեռ ոչ մի վերանորոգման աշխատանքներ կատարված չեն։ 


Տեղեկացնենք, որ մինչեւ 220 երեխաներ են հաճախում Արագածավան համայնքի նախակրթարան, որի աշխատանքները տարվա կտրվածքով դադարեցվում են երկու ամսով։ 


Հ. Գ. Չնայած այն հանգամանքին, որ համայնքի ղեկավարը հակադարձում է տնօրենի կողմից կատարվող ինքնանպատակ գործունեությանը վերաբերվող  դժգոհություններին, այնուամենայնիվ, համայնքի բնակիչները չեն դադարում զանգահարել խմբագրություն եւ Ռուզաննա Մելքոնյանից դժգոհություններ ներկայացնել, որոնց  կանդրադառնանք առաջիկայում։