Դպրոցի տնօրենի թրաֆիկինգը

08/02/2018 13:34


«Հայկական Ժամ»-ը կայքը հոդվածում անդրադարձել էր Արմավիրի մարզի «Հունան  Ավետիսյան» անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Արմինե Պետրոսյանի գործունեությանը, որտեղ նշվել էր, որ տնօրենը  դպրոցի տնտեսվար Կարո Մանուկյանին առաջարկել էր դպրոցամերձ 6 հազար մետր հողատարածքում անասուններ պահի: Իսկ դրա դիմաց, որ թե նախկինի պես 65 հազար դրամ պետք է վճարի, այլ՝ 100 հազար դրամ:

Фото Հայկական Ժամ.

 Տնտեսվարը հրաժարվել էր այդ գումարը վճարելու, ինչը առաջացրել էր տնօրենի զայրույթը։

Սպասելով հարմար առիթի Արմինե Պետրոսյանը աշխատանքից ազատել էր տնտեսվարին՝ պատճառաբանելով, որ «Կարոն մեխ խփել չգիտի»։ Կարո Մանուկյանը աշխատանքը վերականգնելու համար դիմել է համապատասխան մարմիններին, քանի որ տնօրենը անհիմն մեղադրանքներ ներկայացնելով իրեն զրկել է աշխատանքից։ Սակայն աշխատանքից ազատելու իրական պատճառն այն է եղել, որ տնտեսվարը հրաժարվել է վճարել 100 հազար դրամ, հավաքված խոտը եւ պահել տնօրենի նասուններին:


Фото Հայկական Ժամ.

Երբ փորձեցինք պարզաբանումը լսել Արմինե Պետրոսյանից, վերջինս զարմանք հայտնեց, թե ինչո՞ւ տնտեսվարը իրեն հանգիստ չի տալիս, նաեւ պատճառաբանեց, որ դպրոցում միջոցառում է, մեկ ուրիշ անգամ կպատասխանի հարցերին։

-Գործը քննչականում է, բոլորը տեղյակ են, Կարոն մի շուռուպ խփել չգիտի, ու հըլը բողոքում է՞։ Էդ ինչի՞ Կարոն չի ասում, որ նախկին տնօրենների օրոք էլ է  վճարումներ արել կամ չի արել, հը՞։Հանձնարարություն եմ տալիս չի կատարում, դատի տա՞մ էդ մարդուն, ինչի՞ է բողոքում, չեմ հասկանում։ Որ ասում է քույրս էլ է դպրոցում աշխատում, հա ի՞նչ անենք, ծնողներս խնամքի կարիք ունեն օգնում ենք, դրա մեջ ի՞նչ վատ բան կա։ Ես խնդրում եմ թիկունքով նկարս մի տեղադրեք, եթե պետք է ես ձեզ լավ նկար կուղարկեմ,-պատասխանում է Արմինե Պետրոսյանն ու ճողոպրում։

 Կարո Մանուկյանը դպրոցում աշխատում է1990թ-ից։ Ոչ մի խնդիր չի ունեցել դպրոցի մանկավարժների եւ նախկին տնօրենների հետ՝ մինչեւ 2015թ-ը, այսինքն մինչեւ այն ժամանակ, երբ դպրոցի տնօրեն նշանակվեց Արմինե Պետրոսյանը։  Շուրջ 40 տարի  Կարո Մանուկյանը մշակում է դպրոցամերձ հաղատարածքը՝ դպրոցի բյուջե վճարելով 65.000 դրամ։ 2015թ-ին, երբ նա պատրաստվում էր վարձը վճարել, նորանշանակ տնօրենը առաջարկել է տնտեսվարից այդ գումարի դիմաց իր համար անասուն  պահել։ Խնդիրներ չունենալու համար տնտեսվարը պահել է։ Կենդանուն Կարոյենց  անասնագոմ է բերվել դպրոցի պահակի մեքենայով, իսկ հետ է տարվել վերջինիս  համագյուղացի Արտակ Խաչատրյանի ՈՒԱԶ մեքենայով։


Երբ հակասություններ են առաջանում տնօրենի ու տնտեսվարի միջեւ,  ժողով է հրավիրվում դպրոցում, որի ժամանակ տնօրենը հայտարարել է, թե ո՞վ է համաձայն, որ տնտեսվարը չաշխատի։ Տեսնելով, որ ոչ ոք չի ձեռք չի բարձրացնում, նա առաջարկել է փակ քվեարկություն կատարել։ Ի վերջո կոլեկտիվը իր համաձայնությունը տվել է տնտեսվար կարո Մանուկյանի աշխատելու օգտին։ Վերջում հետեւել է տնօրենի հերթական քայլը, հայտարարելով, որ եթե  ուզում եք, որ տնտեսվարը  աշխատի, ապա ասեք, թե ո՞վ է իր աշխատավարձից գումար տալիս, որ տնտեսվարին աշխատավարձ տանք։ Եթե կան ցանկացողներ՝ կպահեմ։


-Ես մուրացկան չեմ, որ դպրոցի կոլեկտիվից հանգանակություններ անեն իմ հաշվին, ես աշխատող եմ եղել եւ այդպիսին էլ կամ,-պատմում է դպրոցի տնտեսվարն ու շարունակում,-Լուկաշին գյուղի դպրոցում բոլորը քաջատեղյակ են, որ տնօրեն Արմինե Պետրոսյանը եւ իր քույրը գտնվում են սոցիալական ծանր բեռի տակ, որի պատճառով տնօրենը իր ամուսնուն 2015-ին տեղավորել է աշխատանքի դպրոցում, որպես հնոցապան։ Սակայն նա առանց աշխատանքի հաճախելու աշխատավարձ է ստացել։ Դպրոցում տեղավորել է նաեւ քրոջը՝ ով բնակվում էր Վանաձորում։ Կարողանում է դպրոցում պահել 3 թոշակառուի, 4-5 հոգեբանի, 2 կազմակերպիչների։ Վարչական աշխատողին նշանակել է հնոցապան։ Դպրոցի համար կատարվել են որոշ ապրանքների գնումներ, որոնք դպրոցում երբեւէ չեն եղել՝ ժնջիլ/շղթա/, տուկի թել եւ այլն։

Կարո Մանուկյանը զրույցի ընթացքում ասաց, որ 2017թ-ի եկտեմբերի 25-ին տնօրենն իրեն կանչել է դպրոց, տվել անհիմն նկատողություն եւ ասել, որ կրճատումներ են, 2018-ի հունվարի 8-ից ինքն ազատված է։

Նախկին տնտեսվարը  տեղեկացրեց նաեւ, որ մինչեւ վերջ պայքարելու է իր աշխատանքը վերականգնելու համար, նա ասաց, որ նամակներ է գրել տարբեր գերատեսչություններին, որոնցից առայժմ միայն ՀՀ նախագահի աշխատակազմն է պատասխանել:



Հերմինե Մանուկյան