103-ամյա Արտավազդ Զիրոյանը գրադարան է այցելում, գրքեր է ընթերցում, հետևում երկրի անց ու դարձին

07/04/2018 19:04

Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի 103-ամյա Արտավազդ Զիրոյանը գրագետ, արիստոկրատ մարդ է: Նախկինում դպրոցում  աշխատել է որպես ուսուցիչ: Թեև լավ չի լսում, սակայն այդ  տարիքում ակնոց չի կրում: Կանոնավոր այցելում է  համայնքի  գործող գրադարան, որտեղ  12 հազար կտոր գիրք կա և ըստ գրադարանավարի, պահանջում, որ իրեն մեծ տառատեսակով գրքեր տան: 

Տեխնիկական պատճառներով հնարավոր չեղավ մեր հետաքրքիր զրուցակցի հետ կայացած ողջ զրույցը տեսանյութում  ընդգրկել, սակայն կադրից դուրս 103-ամյա ծերունին համառոտ   պատմեց իր  դժվար անցյալի մասին, որն ընթացել   է հասարակարգերի փոփոխման  վայրիվերումներով:

«Ես տրեխներով էի դպրոց գնում, եկեղեցու կողքին էր  դպրոցը՝ հողե աղյուսով շարված: Ծնողներս անգրագետ մարդիկ էին, ես լավ էի սովորում, մի անգամ թախթին նստած Հովհաննես Թումանյանի «Գիքոր»-ն էի բարձրաձայն կարդում, մայրս կողքիս նստած լսում էր, երբ հասա այնտեղ, որտեղ Գիքորը տաքության մեջ զառանցում էր և մահացավ, մայրս հոնգուր- հոնգուր լաց եղավ»,-պատմում է մեկ դարից ավել ապրած մարդը:

«Աքորեցին ինձ հանիրավի Սիբիր ուղարկեց՝ որպես հակահեղափոխականի, երբ դեռ 18 տարեկան էի, հրաշքով մահից մազապուրծ եղած վերադարձա ծննդավայրս՝ Մրգաշատ, որպես ուսուցիչ աշխատեցի դպրոցում, ամուսնացա աշխարհագրություն դասավանդող ուսուցչուհու հետ: Ունեմ 2 տղա, մեկ աղջիկ, կինս երեք տարի առաջ է մահացել: Որդիներս   տապանաքարս իր նկարով տեղադրել են, բայց ինչպես տեսնում եք ես ողջ եմ ու այս ջերմ արևի ճառագայթները թողած, չգիտեմ, թե  ինչպես պիտի պառկեմ հողի տակ»,- մտահոգված պատմում էր103-ամյա մրգաշատցին:

Կռահելով, որ լրագրող եմ, ասաց. «Կարևոր մասնագիտություն է, սևն ու սպիտակը լավ  ջոկջոկեք իրարից, պետությունը պահել է պետք, հզորացնել ու զարգացնել»,-խորհուրդ էր տալիս սթափ դատող ծերունին: Նա մեզ ծանոթացրեց իր գրած գրքի հետ, որը վերնագրած էր՝«Ճակատագրի բերումով»: Գրքում ընդգրկված էին նաև  Արտավազդ Զիրոյանի բանաստեղծությունները, որոնցից մեկը ստորեւ ներկայացնում ենք.

        

Սիրտ իմ

Սիրտ իմ,քո խեղճ զարկերով ու մորմոքով ,

Ու՞մ ես դու օգնության կանչում,

Գոյության կռվում անխիղճ, անզիջում

Մարդ և անասուն իրար են դավում:

Հույսով համբերիր, սիրտ իմ թանգագին,

Դիմացիրկյանքի դաժան պայքարին,

Հուսահատ սրտով երկար չես ապրի,

Կուլ կգնաս գոյության կռվին: