Վահե Նիկոյանի պահուստային շքեղ առանձնատունը՝ Ավանում, որն արժե՝ 140 հազար ԱՄՆ դոլար

25/03/2018 17:51
Վահե Նիկոյանի  պահուստային շքեղ  առանձնատունը՝ Ավանում, որն արժե՝ 140 հազար ԱՄՆ դոլար

Ավան համայնքի բնակիչների փաստմամբ, Երևանի  փոխքաղաքապետ՝ Վահե Նիկոյանը, Ավանում՝ Ռուբեն Հայրապետյանի տան փողոցի հարևանությամբ, կառուցել է երկհարկանի շքեղ առանձնատուն, որը գնահատվել է 140 հազար ԱՄՆ դոլար:

Ըստ հարևանների, այս  տունը Վահե Նիկոյանը պահուստային նկատառումներով է կառուցել, այստեղ ոչ-ոք չի ապրում:

-Այնքան են  թալանում, որ  փողն ավելցուկ է տվել, աջ ու ձախ կառուցում և առնում  են,-վստահեցնում էին հարևանները,- Նկարե՛ք, թող բոլորը տեսնեն, էդ  թալանչիների գործերը-, ասացին նրանք:

Մեր զրուցակիցները պատմում էին, որ  Ավանը համարվում է Տարոն Մարգարյանի «զոնը» այստեղ նրա մերձավորներն են կառուցում և գնում:

«Այսքան գումարներ որտեղի՞ց նրանց, երբ մենք օրվա հացին կակա ենք ասում,-զայրացած ասում էին մարդիկ:


Հ.Գ. Մերն ընթերցողներին հիշեցնենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը շարունակում է հրապարակել պաշտոնյաների գույքի և դրամական միջոցների հայտարարագրերը:

Հրապարակվել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և նրա տեղակալներից Դավիթ Օհանյանի ու Վահե Նիկոյանի 2017 թվականի հայտարարագրերը:

Տարոն Մարգարյանի դրամական միջոցները նախորդ տարեկսզբին և տարվերջին նույնն են եղել՝ 250 մլն դրամ, 45 հազար ԱՄՆ դոլար և 50 հազար եվրո:

Նախորդ տարի Տարոն Մարգարյանը 1 մլն 800 հազար դրամ արժողությամբ արժեթուղթ է օտարել: Անշարժ և շարժական գույք Տարոն Մարգարյանի տարեկան հայտարարագրում ներկայացված չէ: Նա նախորդ տարի 8 մլն 121 հազար դրամ աշխատավարձ է ստացել:

Տարոն Մարգարյանի կինը՝ Գոհար Սարգսյանը 2011 թվականից իր տարեկան հայտարարագրում միայն 50 մլն դրամ է ներկայացնում: Այս գումարը տարիների ընթացքում չի փոխվում, այլ ունեցվածք նրա հայտարարագրում չի ներկայացվում:

Տարոն Մարգարյանը վերջին տարիներին չի ներկայացնում իր գույքը: Վերջին անգամ նա ներկայացրել է 2013 թ. Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ: Տարոն Մարգարյանը հայտարարագրել էր հարյուր տասնհինգ մլն. դրամ, հիսուն հազար դոլար, հիսուն հազար եվրո, հիսուն տոկոս բաժնեմաս Զեթ ընդ Զեթ ընկերությունում, բնակարաններ Երեւանում - Ավան, Սայաթ Նովա 8, բն. 7, մակերեսը` 137.9 քառ, մետր, Թումանյան փողոց - 63, 64, 65, 190.2 քառ. մետր, Ավան, Բաբաջանյան 77/7, տարածքը` 1578.3 քառ. մետր, տարածք Երեւանում, Առեւտրի կենտրոն 2/3, 761.24ք/մ, տարածք Երեւանում, Ավան, Աճառյան 42, 3729.8 ք/մ, Շենք եւ շինություն, Ավան, Չարենցի թաղամաս, 44ք/մ, Թիվ 2 ամառանոցը Ջերմուկում, մակերեսը` 2.585ք/մ, Հողամաս Դիլիջանում, Մաքսիմ Գորկի 3/1, 6365ք/մ, Ավտոտնակ Ավան 8 շենքի բակում, եւս մեկ ավտոտնակ Ավան 18 շենքի բակում, Ավտոմեքենա Մերսեդես S 450, 2007թ արտադրության, Ռեյնջ Ռովեր սուպեր չարչ, 2006թ. արտադրության, Մերսեդես Բենց G 500, 2002թ. արտադրության: Նաեւ ստանում է աշխատավարձ` ամեն ամիս 394.000 դրամի չափով:

Տարոն Մարգարյանի կնոջ ներկայացրած հայտարագրում առկա էին հետեւյալ գույքը եւ միջոցները՝ Փամփուշտների գործարանում հիսուն տոկոս բաժնեմաս: Արմավիր` վաթսուն հեկտար այգի, պահածոների գործարան, ստադիոնի մոտ՝ երկհարկանի շինանյութի խանութ, "Միլենա" տաքսի ծառայություն, Ավան առինջում` սուպերմարկետ, Ավանում մոտ վաթսուն կրպակ, «Բունար» գովազդային գործակալություն, որը Երեւանում ունի հիսուն վահանակ, մետրոյի կայարաններում կրպակներ):

Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը համեստ միջոցներ է հայտարարագրել: Նրա հայտարարագրում ևս անշարժ և շարժական գույքի մասին տեղեկություններ չկան, փոխքաղաքապետը 4 մլն 307 հազար դրամ աշխատավարձ է ստացել նախորդ տարի: Նրա դրամական միջոցները 2017 թվականի վերջին կազմել են 18 մլն 730 հազար դրամ, 18 հազար դոլար և 10 հազար եվրո:

Նշենք, որ նրա ընտանիքին պատկանող Կանաչապատ Մալաթիա ընկերությունը տարիներ շարունակ Երեւանի քաղաքապետարանից ստանում է 202 մլն 500 հազար դրամ յուրաքանչյուր տարվա համար: Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը վերջերս ահազանգել էր այդ թվում կանաչ տարածքների հաշվին Դավիթ Օհանյանի նոր օբյեկտների մասին:

Փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի դրամական միջոցները 2017 թվականի տարեկսզբին ու տարեվերջին նույնն են եղել՝ 9 մլն 500 հազար դրամ, 15 հազար ԱՄՆ դոլար և 11 հազար եվրո: Այլ եկամուտներ Նիկոյանը չի հայտարարագրել, միայն 4 մլն դրամ աշխատավարձ է հայտարարագրել: Այստեղից ենթադրվում է, որ Վահե Նիկոյանը նախորդ տարի ապրել է այս 4 մլն դրամ աշխատավարձով: