«Որտեղ պեչատ՝ էնտեղ հաց...». Վայքը մեռնող քաղա՞ք

20/02/2018 20:00
«Որտեղ պեչատ՝ էնտեղ հաց...». Վայքը մեռնող քաղա՞ք

Վայք քաղաքում մարդիկ տագնապում են՝ շատ չի ուշանա, քաղաքը իր հարեւան բնակավայրերով կամայանա։

-Ձորի ամենալավ ժողովուրդն ենք՝ հաց տվող, աշխատասեր, խելոք, հարմարվող ու ամենաանտեսվածը,- պատմում են Վայք քաղաքի կենտրոնում հավաքվածները։


-Խելոք ենք, դրա համար էլ էս վիճակում ենք՝ անգործ ու քաղցած։ Մեր հանրապետությունում ամենաաղքատ բնակավայրերից մեկն է Վայքը։ Կամաց-կամաց թողնելու են գնան, ոչ մի աջակցություն չկա, ոչ մի միջազգային կառույց գրասենյակ չկա քաղաքում։ Սոցիալական վիճակը ծանր է, նայեք բոլորը գործազուրկ կանգնած են,- իրենց մտահոգություններն են կիսում ինձ հետ վայքեցիները։


-Մայիս ամսին եկեք քաղաք էլ այստեղ մարդ չեք տեսնի, որ հետները խոսեք, բոլորը բռնելու են օտարի ճանապարհները։ Մարդիկ պատերի տակ են գալիս-կանգնում, որ տուն չգնան՝ կռիվ չլինի, հացի խնդիր ունեն, սա կյա՞նք է, ռուս ցարը իր կառավարման ժամանակ մեր ձորի մարդկանցից նալոգ չի հավաքել։ Վերեւի գյուղերը քանդեցին բերեցին միացրին Վայք քաղաքին, էստեղ էլ գործ չկա, մարդիկ կոտորվում են, ինչքան գործարան կար, մեջի եղածները ծախեցին, սեփականացրին, ոչ մեկը չաշխատացրեցին, քիչ-քիչ ծախում՝ ապրում են, ժողովուրդը մնաց սոված ու մենակ։ Հիմա ղեկավարություն ունենք, պատգամավորներ ունենք, բայց ավելի լավ է չունենանք, իմանանք, որ չկան, քան թե կան ու չկան։ Նայեք ամբողջ քաղաքում վարձով ապրող մարդիկ են, հիմնականում զինվորականներ են ապրում, քաղաքը աստիճանաբար մեռնում է,- ցավով շարունակում են զրուցակիցներս։


Վայքեցիները քաղաքի իշխանությունների մասին եւս ասելիք չունեն՝ «Ամեն մեկն պաշտոնի է գալիս իր հացը վաստակելու համար։ Քաղաքում ոչ մի դրական առաջընթաց չկա, բացի տարածված աղբից, թափառող շներից ու մթության մեջ կորած փողոցներից»։


Фото Հայկական Ժամ.

-Մեր քաղաքում սովետի ժամանակ կուկլեքի գործարան էր աշխատում, խորհրդային  տարիներից հետո էլ չէր աշխատում,մի ինժեներ ունեինք, հիմա ողորմածիկ է ընկեր Գալստյանը։ Ասում էր՝ ամեն ինչ անելու եմ, որ գնամ աշխատեմ գործարանում դիրեկտոր։ Ասում էինք էլ ի՞նչ գործարան ընկեր Գալստյան, չի աշխատում, ասում էր, դուք չգիտեք, որտեղ պեչատ՝ էնտեղ հաց։ Հիմա պեչատի դարն է, ով պեչատ ունի, սոված չի մնա,-պատմում են մարդիկ։



Վայք քաղաքի սոցիալական վատ վիճակի համար ավելի տարեցները պատմում էին, որ քաղաքը ի սկզբանե կառուցել են անապատի վրա։



-Գյուղերը քանդեցին-բերեցին Վայք քաղաքը սարքեցին, հիմա էլ Վայքն է քանդվում, մարդկանցից շատերը թողեցին գյուղերը եկան քաղաք ապրելու, կարգերը փոխվեցին, մնացին առանց  աշխատանքի ու ապրուստի։ Ոչ հող ունենք, ոչ ջուր ունենք։ Թանկ ու կրակ ջրի փող են ուզում մենակ, մեր ջրերը հոսում գնում են Թուրքիա, գյուղնախարար ունենք, գյուղերի տեղը չգիտի, նստած հրամայում է, թե գյուղացին ինչ ցանի իր հողում։Եթե գյուղնախարարը բան չի հասկանում գյուղատնտեսությունից, ինչպե՞ս են նշանակում նախարար։ Կարեն Դեմիրճյանը, էն ժամանակ մինիստերներ էին, ասում էր գնացեք շրջաններում տարեց մարդկանցից հարցրեք, թե որ հողի մեջ ի՞նչ բերքի սերմ գցեն, որ եկամուտ ստանան, նրանք մեզնից լավ գիտեն իրենց հողի լեզուն։ Խելացի էին աշխատում, հիմա մեր հողերը դարձել են անպտուղ, չոր անապատ։ Հող մշակողը թողել է իր փայփայած հողը, գնում է օտար երկիրը, էս ա ձորի ժողովրդի ապրելակերպը։ Նույնիսկ Ամասիան, Ղուկասյանը եւ Վարդենիսը էս կարգի վատ վիճակում չեն, ոնց որ մենք,-հուսահատ պատմում են քաղաքում։

Фото Հայկական Ժամ.

Մատնացույց անելով մոտակա խանութները նշում են, որ շուտով առեւտրի կետերն էլ չեն գործի, քանի որ պարտքերով ապրանքներ վերցնելով, մարդիկ չեն կարողանում ետ վերադաձնեն գումարները։


-Խանութների տերերը շատ անգամ գիծ են քաշում պարտքատերերի անունների վրա, այսինքն անհույս է, էդ մարդը էլ փող տվող չէ։ Սրանից վատ էլ բան կա՞։ Հիվանդանում ենք կաթ ու հավի ձու ենք ծախում, վարկ ենք վերցնում, որ բուժվենք՝ չմեռնենք։ Էնա ուզում են հիվանդանոցը քանդեն տանեն քաղաքից, թե ի՞նչ են մտածում՝ չգիտենք։


Վայքի բժշկական կենտրոնին  Ամուլսարի ոսկու հանքի տնօրինությունը բուժսարքավորումների ու վերալակների հարցում է աջակցել։ Համագործակցությունը նպատակ ունի, որպեսզի  բարելավվի հիվանդանոցի բուժսպասարկման որակը։ Եւ բացի ոսկու հանքի աշխատակիցներից բուժական միավորման ծառայությունից օգտվում են նաեւ տարածաշրջանի ազգաբնակչությունը:



-Բայց մեր քաղաքի հիվանդանոցին պետք է ուշադրություն դարձնեն, մի քիչ որ պայմանները լավացնեն, մենք կկարողանանք այստեղ բժիշկների հոգատարության ու ուշադրության տակ գտնվենք։ Բարձր սարերի վրա ենք ապրում, կիլոմետրերով գալիս-հասնում ենք Վայքի հիվանդանոց, սրանից հեռու էլ ո՞ւր կարող ենք գնալ, պարտքերի մեջ կորած ենք, բանկից-բանկ վազելով հիվանդ ենք պահում։ Էստեղ բժիշկները հոգատար են, մեր դրության մեջ մտնում են,- պատմում են հիվանդների հարազատները։


Ձորի անմեղ մարդիկ պատմում ու քննարկում են իրենց հուզող խնդիրները, բայց ոչ մի սփոփանքի ու լավատեսության խոսք նրանց մոտ հավատ չի ներշնչում՝ արդեն քանի տարի սպասում են լավ օրվա, իսկ այդ լավ օրն ուշանում է...


Հերմինե Մանուկյան