Սպասվում է 0-ից ցածր ջերմաստիճան

03/04/2018 05:33

Առաջիկա օրերին հանրապետության որոշ շրջաններում եղանակը կցրտի: Կանխատեսվում է, որ գիշերային ժամերին կգրանցվի բացասական ջերմաստիճան եւ կլինեն տեղումներ՝ ձնախառն անձրեւի տեսքով: Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ապրիլի 3-ի առավոտյան ժամերից եւ ապրիլի 4-ին ողջ հանրապետությունում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ:

Ապրիլի 4-ի գիշերը անձրեւների հետ միաժամանակ ձյուն կտեղա Շիրակում, Կոտայքի լեռներում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռներում, Վայոց Ձորի լեռներում ու Սյունիքի նախալեռներում:

Ինչ վերաբերում է բացասական ջերմաստիճաններին, Շիրակում ապրիլի 4-ի գիշերը սպասվում է -4 +1 աստիճան: Նույնքան կանխատեսվում է Կոտայքի լեռներում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց Ձորի լեռներում: Լոռիում ապրիլի 4-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի մինչեւ -3 +2, Սյունիքի նախալեռներում՝ -1 +3:

Ապրիլի 5-ին, սպասվում է, որ Շիրակում, Կոտայքի լեռներում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց Ձորի լեռներում օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կլինի 0 -5: Լոռիում դարձյալ գիշերը, կգրանցվի -4 +1, Տավուշում -1 +3, Սյունիքի հովիտներում ՝ -2 +2:

Օդի բացասական ջերմաստիճան է կանխատեսվել նաեւ ապրիլի 6-ի գիշերը: Շիրակում, Կոտայքի լեռներում եւ Գեղարքունիում՝ -2 +2: Նույնքան ջերմաստիճան է սպասվում Արագածոտնի եւ Վայոց Ձորի լեռներում: Լոռիում ապրիլի 6-ի գիշերը կգրանցվի -1 +4:

Ապրիլի 5-6-ը, հանրապետոթյան ողջ տարածքում, այդ թվում՝ Երեւանում, սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում այսօրվանից մինչեւ ապրիլի 6-ը ներառյալ ժամանակահատվածի համար բացասական ջերմաստիճան չի կանխատեսվել: Այդ ընթացքում Երեւանում օդի ջերմաստիճանը կհասնի առավելագույնը +22 աստիճանի: Այն կդիտվի ապրիլի 2-ի երեկը: Հանրապետության մյուս շրջաններում նույնպես առավելագույն ջերմաստիճանը կդիտվի այսօր: Այն կհասնի +24-ի եւ կդիտվի Արարատի, Արմավիրի եւ Վայոց Ձորի մարզերում: