Հերթական սպառնալիքը՝ հոդվածը հեռացնելու պահանջով

23/02/2018 13:04
Հերթական սպառնալիքը՝ հոդվածը հեռացնելու պահանջով

Այսօր, ժամը՝   11:43-ին մեր կայքի լրագրող Աննա Գրիգորյանի հեռախոսին, 093 16 68 55 համարից զանգահարել է ոմն  «19 տարվա լրագրող Նունե» ներկայացած մեկը ու պահանջել կայքից հեռացնել հոդվածը ապա շանտաժի լեզվով սպառնացել լրագրողին:

Հեռախոսային խոսակցությունը ներկայացնում ենք առանց խմբագրման:

-Բարեւ ձեզ, Աննա դու՞ք եք:

-Այո:

-Իմ անունը Նունե է, ես լրագրող եմ՝19 տարվա: Հոդված եք հրապարակել Խաչաղբյուրի դպրոցի մասին:

-Այո:

-Ուզում եմ իմանամ, ձեզ ո՞վ է ուղղորդել այդ դպրոց:

-Ի՞նչ է նշանակում ուղղորդել, այսինքն դուք ուղղորդվա՞ծ եք աշխատում, որ նման հարց եք տալիս:

-Բացարձակապես:

-Այդ դեպքում ինչու՞ եք մտածում, որ ես ուղղորդված եմ հոդված գրում:

-Չէ՜, ուզում եմ իմանալ ուղղակի, ձեր նպատակը ո՞րն է, որ գնաք հեռավոր բաներ՝ գյուղեր եւ դպրոցները լուսաբանեք:

-Դպրոցները մեր ուշադրության կենտրոնում են եղել միշտ:

-Հասկանալի է Աննա ջան, կայքում ըտենց ցեխերով չգիտեմ ներկայացնելը չգիտեմ ինչ...ես էլ ձեր մասին շատ բան եմ լսել, գիտե՞ք:

-Դե եթե լրագրող եք՝ դուք էլ գրեք:

-Գրելու ի՞նչ հարց կա, Աննա ջան էսօր երկրի վիճակը ընենցա, որ գնում եք դպրոցները եսիմ ինչեր եք ներկայացնում: Էսօր քաղաքի դպրոցներում եթե եղել եք, ես ընդեղ ծրագրեր եմ վարել՝ 14 տարի, ես մինչեւ առ այսօր աշխատում եմ, Աննա ջան: Մենք կոլեգաներ ենք, Աննա ջան:

-Նունե, ո՞րն է ձեր զանգի իմաստը:

-Որ հանեք հոդվածը՝ անհարմար է:

-Ի՞նչն է անհարմար, որ դպրոցի իրական պատկե՞րն ենք ներկայացրել, դրա փոխարեն ի՞նչ պետք է անեինք: 

-Ո՞նց...

-Ես ձեզ հետ խոսելու այլեւս ցանկություն չունեմ, հաջողություն:

-Աննա ջան ես հասկանում եմ, որ դուք ներկայացնում եք բան, բայց...

-Նունե, ես չգիտեմ ձեր զանգի  նպատակը  որն է ,եւ ու՞մ եք ուզում դուք հաճոյանալ, բայց այլեւս ինձ մի անհանգստացրեք:

-Աննա ջան հաճոյանալու հարց չկա:

-Ուրեմն լսեք, եթե դուք լրագրող եք ուրեմն հիշեք՝ լրագրողը հանրային հսկիչ է ու պաշտպան, դուք ավելի լավ է հանրային շահից խոսեք, ոչ թե անձնավորված մեկի շահերը պաշտպանեք:

-Աննա ջան, ես ձեր մասին շատ եմ լսել, ես զգուշացնում եմ ձեզ, ես ձեզ ըտեղից կհանեմ, հասկանու՞մ եք:

-Ինչ ուզում եք արեք, ինձ մի անհանգստացրեք ու մի փորձեք սպառնալ:

-Ես ձեր մասին ընենց բան գիտեմ, որ գրեմ մի րոպեում ձեզ էդ գործից կհանեն:

-Շատ լավ՝ գրեք թող հանեն:

-Հասկանու՞մ եք դուք էտի:

-Հասկանում եմ՝ գրեք թող ինձ «հանեն»:

-Աննա ջան ուրեմն դուք էդ հոդվածը պըտի հանեք կայքից, եթե չեք հանում, իմացեք շատ վատա լինելու ձեր համար, ես ձեզ զգուշացնում եմ:

-Իսկ ես ձեզ զգուշացնում եմ, որ մեր խոսակցությունը ձայնագրվում է եւ քիչ անց հրապարակվելու է, հաջողություն:

-Հրապարակվելու հարց չկա...


Հ.Գ. Թե ո՞վ էր  ոմն  19 տարվա լրագրողը եւ նրա սպառնալիքները,  մինչեւ որտե՞ղ կհասնեն , թողնում ենք իրավապահների դատին: Իսկ մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ այսօր ամբողջ օրը մեր էլեկտրոնային հասցեին անըդհատ  նամակներ  էին  գալիս, որտեղ Խաչաղբյուրի բնակիչներն իրենց շնորհակալությունն են հայտնում խմբագրակազմին, հրապարակված հոդվածի համար: Նամակներից մեկում, մասնավորապես, նշված է՝ «Հարգելի խմբագրություն, ձեր այցից հետո արդեն դրական տեղաշարժ կա, գոնե այսօր մեր դպրոցում հարբեցողությամբ չեն զբաղվում...»:

Նշենք նաեւ, որ առատվոտից մեր ֆեյսբուքյան էջին Խաչաղբյուրի դպրոցի աշակերտները մեկնաբանություններ են թողնում՝ մեղադրելով լրագրողին «կեղծ հոդված» հրապարակելու մեջ: Անչափահաս աշակերտների ծնողներին սթափության կոչ ենք անում, որ զսպեն իրենց երեխաներին՝ չանցնել կոռեկտության սահմանը եւ չհերքեն՝ անհերքելին: Դպրոցում արված լուսանկարները բոլոր խոսքերից խոսուն են:

Իսկ տնօրեն Խոջաբեկյանին զգուշացնում՝ վարժեցրած   զանգերի ու մեկնաբանությունների փոխարեն զբաղվել պաշտոնի գործառույթնորով: