Համատարած ջարդ ու կոտորած էր. պատմում է սումգայիթյան ջարդերի ականատեսը

28/02/2018 07:42
Համատարած ջարդ ու կոտորած էր. պատմում է սումգայիթյան ջարդերի ականատեսը

«Արցախպրես»-ի արտահաստիքային թղթակցի (Վերոնիկա Ավթանդիլյան) հետ զրույցում, վերհիշելով այդ օրերի իրադարձություններն, ասել է սումգայիթյան ջարդերի ականատես Վլադիմիր Աղասյանը:

«Ես աշխատում էի Սումգայիթի սառնարանների գործարանում՝ որպես էլեկտրիկ: Փետրվարի 27-ի առավոտյան սովորականի պես դուրս եմ եկել տնից, որպեսզի տրամվայով գնամ աշխատանքի, տեսել եմ հավաքված մի խումբ տեղացի ադրբեջանցիների, որոնց հետ անծանոթ դեմքեր կային (քանի որ Սումգայիթում եմ մեծացել, հիմնականում գիտեի տեղացիներին), որոնք միանման համազգեստ էին հագել, ու նրանց ագրեսիվ տրամադրությունը շրջապատի համար տպավորություն էր թողնում: Աշխատանքի վայր հասնելուց հետո գործարանում իմացա, որ ոչ ոք այդ օրն աշխատանքի չի եկել: Մի փոքր ավելի ուշ եկավ մեր խմբի ղեկավարը և, առանց հստակ որևէ բացատրություն տալու, ասաց, որ գնամ տուն: Տուն վերադառնալու ճանապարհին ականատես եմ եղել մի ծեծկռտուքի. մի քանի ոչ տեղացի ազերիներ դաժանաբար ծեծում էին մի հայ տղայի»,- ասել է Վ. Աղասյանը և հավելել, որ վերջին կանգառում իջնելիս հանդիպել է ծանոթ ադրբեջանցիների, որոնք զգուշացրել են իրեն շտապ թաքնվել և փողոցներում չերևալ, քանի որ տեղի հայերին զանգվածաբար սպանում են:

Ականատեսի խոսքով՝ երբ տուն է հասել, արդեն շենքում լուրը տարածված էր, անգամ կինը վախից դուռը չէր բացում, մինչև որ հաստատ չէր իմացել, թե ով է:

«Տուն հասնելուց քիչ հետո զանգահարեց կնոջս հայրը՝ ասելով, որ շտապ տեղափոխվենք իրենց տուն, քանի որ իրենց թաղամասում հայեր քիչ կային և այդ առումով մի փոքր ապահով էր, որովհետև ազերի հրոսակները հիմնականում թիրախ էին ընտրել հայկական թաղամասերը: Հիշում եմ՝ սպասքն ու մնացած իրերը դրել էինք գորգերի մեջ և տվել ադրբեջանցի հարևանին՝ հույս ունենալով, որ հետ կգանք և մեր տանը կապրենք: Երկու օր հետո մի կերպ կարողացանք փախչել քաղաքից դեպի Բաքու, իսկ այնտեղից ուղիղ չվերթով եկանք Ստեփանակերտ, որտեղ էլ ծնվել է մեր առաջնեկը»,- նշել է Վ. Աղասյանը:

Արցախ տեղափոխվելուց հետո Աղասյանները երկու ամիս բնակվել են Վլադիմիրի կնոջ քեռու տանը: Դրանից հետո արդեն 30 տարի է՝ նրանք ապրում են Արցախի պետական համալսարանին կից հանրակացարանի մեկսենյականոց բնակարանում:

«1988-ին ես 26 տարեկան էի, կինս՝ 23: Հայրս ծնունդով Մարտակերտի շրջանի Առաջաձոր, իսկ մայրս՝ Չլդրան գյուղից էր: Ես ծնվել եմ Սումգայիթում, սակայն արդեն 30 տարի է՝ ապրում եմ Արցախում: Այս ընթացքում մի պարզ ճշմարտություն եմ հասկացել, որ ադրբեջանցիների հետ այսօր և, չգիտեմ մինչև երբ, հանարավոր չի ապրել կողք-կողքի: Այո՛, ջարդարարներից բացի, մենք նաև բազում լավություններ ենք տեսել մեր ազերի հարևաններից ու ծանոթներից, բայց այն մթնոլորտը, որ հիշում եմ այդ օրերին, աննկարագրելի մի բան էր: Համատարած ջարդ ու կոտորած էր, որը հայի հանդեպ թուրքի չվերացող ատելության դրևսորումն էր, որը երեսուն տարի շարունակ տևում է ու Աստված գիտի՝ դեռ ինչքան կշարունակվի…»,- եզրափակել է Վ. Աղասյանը: