Երբ պետությունն աղքատ է «սրբերն» են օգնության հասնում

15/02/2018 10:11
Երբ պետությունն աղքատ է «սրբերն» են օգնության հասնում

Ինչպես Շիրակի մարզի Փոքր Մանթաշ, Արեւշատ, Գեղանիստ, այնպես էլ Մեծ Մանթաշ գյուղը իր հիմնադրման օրվանից ի վեր մինչ օրս օգտվում է ինքնահոս խմելու ջրերից։

Այստեղ բնակիչներն անվճար են օգտագործում ջուրը, համայնքապետարանը հոգում է ջրի սպասարկման խնդիրները՝ պետական եւ միջազգային ծրագրերով կամ համայնքապետարանի բյուջեով։

Գարնան վարարումների ժամանակ ջուրը երբեմն պղտորվում է, ջուրը  չի ֆիլտրացվում միայն քլորացման աշխատանքներ են իրականացվում, ինչն էլ ժամանակ առ ժամանակ դժհոգությունների տեղիք է տալիս։

Ըստ տեղացիների,խորհրդային տարիներին զտման կայան էր գործում գյուղում, մոտ երկու տարի առաջ այդտեղից ջրագիծ է բերվել, համայնքապետարանը դիմել է այն ժամանակ Հայջրմուղկոյուղի ընկերության պատասխանատուներին, որպեսզի համագործակցեն, նրանք էլ պատասխանել են, թե. «Ջրի քանակությունը բավարարի չի, որպեսզի խողովակներով Մանթաշի բնակչությանը ջուր մատակարարենք, եղածը հազիվ բավականեցնում է մյուս գյուղերին ջուր մատակարարելու համար»։

Միայն  վերջերս գյուղում կատարվել է 3 կմ խողովակաշարի նորոգում։ Այս տարի եւս նոր ծրագիր է գործում, «Վերջին օրերի սրբեր» կազմակերպության հետ համագործակցում են, մոտ 6 կիլոմետր նոր ջրագիծը պետք է փոխարինի հին խողովակաշարին։ Նոր խողովակները արդեն պահեստավորված են, համայնքապետարանի աշխատակազմը սպասում է, երբ  եղանակները տաքանան, այն ժամանակ կսկսեն վերանորոգման աշխատանքները։