Ռսին կգովանք մեր վախից,որ տուն փող ուղարկենք՝ մի կերպ աբրինք

17/03/2018 05:13
Ռսին կգովանք մեր վախից,որ տուն փող ուղարկենք՝ մի կերպ աբրինք

Արթիկ քաղաքի բժշկական կենտրոնի անմխիթար վիճակի մասին բազմիցս բարձրաձայնվել է մամուլում, սակայն մինչ օրս խնդրին ոչ մի լուծում չի տրվել։

Ավելին, ազգաբնակչությունը դժգոհում է նաեւ բուժաշխատողներից, որոնք հիվանդներից գումար ստանալու ակնկալինքներով են ընդունում բուժհաստատություն։ Երբեմն լսում ենք նաեւ արդարացումներ, թե ինչո՞ւ կառավարությունը բուժաշխատողների աշխատավարձերը չի բարձրացնում, որ նման երեւույթներ չլինեն։

Բայց քաղաքացիները քաջ գիտակցում են նաեւ, որ բժշկի կոչումը մարդկային կյանքերի հետ գործ ունենալն է, այստեղ առաջին հերթին մասնագիտական հմտությունները պետք է գործի դնել հիվանդին բուժելու համար, որպեսզի նվաճեն հիվանդ մարդու վստահությունն ու հարգանքը։ Մինչդեռ ստացվում է հակառակը, եւ բացի մասնագետների բացակայությունից, ջեռուցման խնդրից եւ ջրի բացակայությունից, Արթիկի բժշկական կենտրոնում չի պահպանվում սանիտարահիգենիկ մինիմալ պայմանները։ 

-Մեր մոտ հիվանդանոց չկա, էդի գոմ է, գոմ ոչ թե բուժվելու տեղ։ Սարքավորում չկա, պայման չկա,- ներկայացնում են արթիկցիները,- Հիվանդանոց կերտաս, հիվանդին արագ փողի կվարժեցնեն, հեչ ուղեղները չի աշխատի բայց կա՜շխադին էլի։ Հենց գնացիր պետք է հավաքարարից հետ բռնած փող տաս։ 500 դրամից կսկսվի, մինչեւ 10 հազար դրամ: Թե մեկիս ծանոթ կամ ճանաչող չեղավ կանցնին, կդառնան հեչ բանի տեղ էլ չեն դնի, թե հիվանդ ես ինչ ես։

-Շիրակի դաշտավայրի մեջ Արթիկի հարցերը լավ չեն  լուծվում, ոչ դաշտավարություն, ոչ անասնապահություն, ոչ էլ արտադրություն, դրա համար ժողովուրդը քաղցած է։ Մեր քաղաքը շատ լավ քաղաք է, բայց մեր ղեկավարները ինչ օրենք կնդունեն, ի վնաս բանվոր դասակարգի են ընդունում։ Հեչ մի օրենք չընդունեցին, որ ասենք հալալ էր, մեր օգտին էր դա։ Կործանված Արթիկ, մարդիկ տաղանդավոր արհեստավորներ, բայց անգործ ու սոված։ Կերթանք Ռուսաստան կաշխադինք ռսին կգովանք մեր վախից, որ տուն փող ուղարկենք, մի կերպ ապրինք։ ժողովրդի 90 տոկոսը հիվանդ է, երկրաշարժի ժամանակ արխիվները կորան քանդվեց երկիրը, հիմա մարդը կերթա, որ թոշակի անցնի, ասում են թուղթ բեր, բայց որտեղի՞ց թուղթ բերեն, չկա քանդվել են շենքերը արխիվ գոյություն չունի։ Բա էդ մարդն ի՞նչ անի, ասեք տեսնենք, էս ղեկավարությունը ի՞նչ է մտածում, ում դիմենք, ինչ անենք։ Մեկը մեկին վերեւից կնայե, փող չունիս, ուրեմն մարդ չես, մինչեւ ե՞րբ>-մտահոգված են քաղաքացիները։