Շուշիի ջարդերը չդատապարտված ցեղասպանություն են. պատմաբանի անդրադարձը

22/03/2018 16:48


1920 թվականի մարտի 22-26-ն ընկած ժամանակահատվածում նորաստեղծ Ադրբեջանի դեմոկրատական Հանրապետության կանոնավոր զինված ուժերը, թուրքական բանակի բարձրաստիճան սպաների աջակցությամբ, իրագործել են Շուշի քաղաքի հայ ազգաբնակչության կոտորած, տեղահանություն, գույքի և անձնական ունեցվածքի թալանում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Կաճառ» գիտական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Հարությունյանը, խոսելով Շուշիի ջարդերի մասին, ասել է, որ տեղի ունեցածը ցեղասպանություն էր, որն առայսօր միջազգային հանրության կողմից չի դատապարտվել:

«Կովկասի Փարիզ և Անդրկովկասի մարգարիտ համարվող Շուշին 1920 թվականի մարտի 23-ին ադրբեջանական զինված ուժերը վերածել էին կրոնական մոլեռանդության, գազանային բնազդների դրսևորման ասպարեզի։ Ընդամենը մի քանի օրում հոշոտվել է շուրջ ութ հազար խաղաղ բնակիչ, առևանգվել ու հետագայում մահմեդականացվել՝ հարյուրավոր աղջիկներ ու երեխաներ, զնդաններ նետվել հազարավոր անմեղ մարդիկ և հրո ճարակ են դարձել բերդաքաղաքի հայկական մշակութային ժառանգության բացառիկ գոհարները, ճարտարապետական կոթողները։ Կատարվածի վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ ամենը Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից ծրագրված գործողություն էր»,- ասել է պատմաբանը:

Մ. Հարությունյանի խոսքով՝ այդ օրերի Ադրբեջանի կողմից իրականացված պետական ահաբեկչությունն ու էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտելու և միջազգային հանրությանը ներկայացնելու համար պահանջվում է երկարատև ու հետևողական պայքար ծավալել: Այս առումով «Կաճառ» գիտական կենտրոնն արդեն մի քանի տարի մեծ աշխատանք է տանում՝ թեմայի շուրջ կազմակերպելով գիտաժողովներ, սեմինարներ: Սակայն իրականացվող աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է բոլոր ռեսուրսների ներգրավում: «Ադրբեջանը հետագայում այդ ժամանակվա դեպքերն ու իրադարձությունները ներկայացրել է միջազգային հանրությանը, սակայն այլ ձևով՝ խեղաթյուրելով փաստերն ու իրադարձությունները և արդարացնելով Շուշի քաղաքի ավերումն ու հայ բնակչության ոչնչացումը։ Մասնավորապես՝ նրանք շրջանառության մեջ են դրել հայերի ապստամբության մասին ստահոդ վարկածը՝ կազմակերպված ոճրագործությունը փորձելով ներկայացնել՝ իբրև բախումների հետևանք»,- ասել է Հարությունյանը:

Շուշիի «Կաճառ» գիտական կենտրոնի տնօրենի հավաստմամբ՝ թեև Լեռնային Ղարաբաղի 1918-1920 թվականների պատմությունը համակողմանիորեն ուսումնասիրված է, բայց հատկապես Շուշիի ողբերգությանը պատմագրության տված գնահատականները միանշանակ ու բավարար չեն։

«Ցեղասպանություն վերապրած մեր հայրենակիցների սերունդների նպատակը ոչ միայն Ադրբեջանի պետական ահաբեկչության ու էթնիկական զտումների քաղաքականության դատապարտումն է, այլև միջազգային հանրությունից, նախ և առաջ, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված պետությունների կողմից, նույնն ակնկալելն է»,- նշել է Մ. Հարությունյանը: