«Գո՛րծ տվեք մարդկանց, որ պարապությունից չդառնան բամբասանքի ու աղքատության գերի...»

04/04/2018 17:28
«Գո՛րծ տվեք մարդկանց, որ պարապությունից չդառնան բամբասանքի ու աղքատության գերի...»

Գարնանային գյուղատնտեսական աշխատանքները սկսվել են. մարզերում մարդիկ լուրջ մտահոգված են այս խնդրով, կհասցնե՞ն արդյոք այս տարի ոռոգեն իրենց ցանքատարածությունները, թե՞ ոչ, այս թեմայով զրուցեցինք Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչների հետ։

Բացի ոռոգման ջրի խնդրից, համայքներում մեր զրուցակիցները բարձրաձայնում են նաեւ բնակավայրերում ակտիվորեն քննարկվող նախընտրական խոսակցությունները՝ աշնանը մարզերում համայնքերի խոշորացման գործընթացներ իրականացվելու վերաբերյալ։ Ու չնայած այն բանին, որ ժողովրդին առաջնահերթ հուզում է սոցիալական հոգսերի ծանրաբեռնվածությունը հնարավորինս արագ թոթափելը, այնուամենայնիվ առանձին անհատները, ովքեր հավակնում են մեկ միավոր համայնքի ղեկավարի պաշտոնին, ապագայում իրենց դիրքերը ամրապնդելու համար ազգաբնակչության շրջանում փորձում են հնարավորինս բարձրացնել իրենց հեղինակությունը, տարածելով, թե համայնքների խոշորացումը սխալ ծրագիր է, որ կարելի է գյուղով ոտքի կանգնել, բոյկոտել, որպեսզի իրենց գյուղը դարձնեն կենտրոն ու նամանատիպ այլ ծպտյալ գործողություններ։


Ինչն էլ արդեն պատճառ է դարձել, որ խռովվի է հայ մարդու հոգեվիճակը։ Սակայն, ըստ մեր զրուցակիցների իրենք այնքան էլ միամիտ չեն, ինչպես նախկինում՝ բոլորի մտքերը կարդում են։


-Եթե ուզում եք իմանաք, էն ժամանակ, որ հողերը օպտիմալացրին, էն ժամանակ էլ պետք է գյուղերը միավորեին։ Էսքան ժամանակ ոչ մի օգուտ չենք տեսել, թե ունենք տեղական իշխանություն։ Մենք հո միամիտ չենք, մեր աչքը տեսնում է չէ՞, տարիներ շարունակ մի հատ բարելավվման, մի հատ բարեկարգման աշխատանքներ չենք տեսել։ Զիբիլանոցի մեջ կորած է էս գյուղը, նայեք (Մատնացույց է անում կողքի նստածներին: Հեղ.) գյուղի գյուղապետը մեկի քավորն ա, մեկի խնամին ա, մեկի ընկերն ա ամոթին զոհ ենք գնում, չենք գնում գնանք պահանջենք աշխատի։ Իսկ, որ դրսից եղավ համայնքապետը կգնանք գյուղովի կգրոհենք մոտը ու կպահանջենք, որ գործ անի մեր գյուղում,- ներկայացնում են ոսկեհատցիները


-Նախ անիմաստ ա էդքան կադրեր պահելը գյուղապետարաններում, մենք պատերազմող երկիր ենք, էդ շուն թուրքերի ձեռը երկու յանից կրակն ենք ընգել, մեր գյոզալ ջահել-ջիվան տղաները էթում կոտորվում են։ Մենք համաձայն ենք, որ միավորվի մեր գյուղը, ի՞նչ են արել էսքան ժամանակ, առավոտը 11-ին գյուղապետարանի աշխատողները գալիս են գործի, ու ինչքան ուզում են էդքան են մնում գնում, էդքան կադր ի՞նչ են անում։  Ես ամիսը հիսուն հազար մեքենայի գույքահարկ եմ վճարում, ոչ մի կոմունալ կամ պետական հողի պարտքեր չունեմ, տնեցիների բերանից կտրում եմ վճարում,-ներկայացնում է ոսկեհատցի Ալիկը ։  


-Մեր գյուղի ջրի առուն 4000 տարվա առու է, հույս ունեինք, որ հյուսիս-հարավ ճանապարհը, որ սարքեն գնանք երկու հատ տրուբա տանք քցել, ինչ-որ մի բարերար ճարեինք սարքեր։ Որ լավ ղեկավար ունենայինք, հո էսպես չէ՞ր մնա մեր ջրերի հարցը։ Ծառը էտեցիր պետք ա ջրես, բերքի լավ գյուղ է Ոսկեհատը, ընենց, որ էդ օպտիմալացման մեջ եւ լավը կա եւ վատը։ Լսել ենք, որ Օշականի եւ Սասունիկի գյուղապետերը պետք է թեկնածուներ լինեն։ 1915թ-ին, որ մեր ժողովուրդը գաղթել եկել է սկզբում Ոսկեհատում են հաստատվել, հետո գնացել են Ոսկեվազ, Օշական, Սասունիկում ապրել։  Բոլորս իրար խնամի, բարեկամ ենք, մեր գյուղերի հետ կապ ունեն էդ նշված գյուղերի գյուղապետերը։ Բայց մենակ Արամին ենք ճանաչում՝ Օշականի գյուղապետին, նա  շատ է գալիս մեր գյուղ, Սասունիկի գյուղապետին չենք ճանաչում,  լսել ենք միայն, որ աշխատող տղա է,-ասում են ոսկեհատցիները։



Թվարկելով հավանական թեկնածուների անունները ոսկեհատցիները տեղեկացրին, որ իրենց համայնքում ՏԻՄ ընտրություններին գումար ոչ մի անգամ չի բաժանվել, իսկ խոշորացման դեպքում հնարավոր է, քանի որ շատերն արդեն իսկ «խոստանում են»՝ եզը դեռ չառած մսուր են կապում։


-Էս դեպքում հնարավոր ա, փողով հարց լուծվի, կտեսնենք։ Բայց ամոթ ա, էդ մեր կառարարության անդամներն էլ հասցրեք, որ միայն ընտրությունից ընտրություն, որ գալիս են ոռոգման սիստեմի հարցը լուծելու համար, թե արտիզյանները կսարքենք, ա դե հանեք, էս ժողովուրդը մեղք է, սարքեք, թող ապրեն, ի՞նչ եք ուզում։ Մենակ գալիս մեզնից ձայներ եք մուրում, թողնում գնում եք, ամոթ ա։ Մեր ժողովուրդը աշխատասեր, հյուրասեր ժողովուրդ ա, էս հանրապետությունում, մեր ժողովրդի նմանը չկա, ոչ սպանություն, ոչ կռիվ ղալմաղալ, մենակ փոքր վեճեր։Էս լավ ժողովրդին չեն աշխատացնում, որ երկիր շծենացնեն։ Մենք լռում ենք, մենակ Ղարաբաղի համար, թե չէ կհելնենք կպահանջենք, մեր երեխեքը, մեր զինվորները, մոնթեներ են, լռում ենք, որ նրանց լավ պահեն։ Մեզ էլ գոնե օգնեն, որ մենք էլ թիկունքում աշխատենք, օգնենք զինվորներին,-այսպես ավարտեցին իրենց խոսքը ոսհեհատցիները։ 


Հ Գ Ոսկեհատցիների նման հանդուրժող եւ խաղաղասեր էին նաեւ Կոտայքի մարզի Քասախ, Նոր Երզնկա եւ Պռոշյան գյուղի ազգաբնակչությունը։ Այս երեք համայնքերում էլ թեպետ խոշորացման քննարկումները ամենօրյա բնույթ են կրում, այնուամենայնիվ մարդիկ համբերատար սպասում են ասելով․

-Մինչեւ Ազգային Ժողովը չհաստատի, թե երբ են խոշորացնելու, մենք դեռ չգիտենք ինչը, ոնց կլինի, Պռոշյանը՞ կլինի կենտրոն, թե՞ Քասախը։ Ավելի լավ է մտածենք մեր՝ բոլորիս մասին ու մեր ղեկավարությանը հիշեցնենք, թե ինչպես սովետի ժամանակ, եթե մենք կամ էն ջահելները, եթե էսպես նստած լինեին  նարդի ու կարթ խաղալով, կգային մեզ կտուգանեին։ Էն ժամանակ ասում էին, ձեզ ո՞վ է իրավունք տվել էս ժամին բեսեդկայում նստեք ու նարդի, կարթ խաղացեք։ Հատուկ մարդիկ էին ուղարկում, որ ստուգեին, բա էդպես է ճիշտ, մտածեք գործ տվեք մարդկանց, որ պարապությունից չդառնան բամբասանքի ու աղքատության գերին։ Ծրագիր տվեք, տեխնիկա ու միջոց ձեր աշխատասեր ժողովրդին, կանգնեք գյուղացու կողքին, աշխատեցրեք մարդուն, ով չգիտի՝ սովորեցրեք, տեսեք չի՞ աշխատի, էն էլ ոնց կաշխատի, հավատացեք...,- հավաստիացնում են զրուցակիցներս ու մատնացույց անելով գյուղամիջում պարապ կանգնած մարդկանց ասում, որ նրանցից յուրաքանչյուրը պատրաստ է իր ընտանիքի հանապազօրյա հացը վաստակելու համար աշխատել, բայց զրկված է այդ հնարավորությունից:


Ի դեպ Քասախ, Պռոշյան գյուղերի համայնքների  ղեկավարները, ըստ տեղացիների, համայնքների խոշորացման ծրագրի ժամանակ կմասնակցեն ՏԻՄ ընտրություներին։ Ու քանի, որ Նոր Երզնկա համայնքի ղեկավարը կին է, չի բացառվում նաեւ, Ալինա Հարությունյանը ՀՀԿ կուսակցության  առաջարկով մասնակցի ընտրություններին։ Իսկ որպես հաղթաթուղթ նա կօգտագործի «գենդերային հավասարության» ծրագիրը:


Հերմինե Մանուկյան