Օժանդակ դպրոցներում տիրող մթնոլորտը շարունակում է մնալ հիմնախնդիր

12/03/2018 04:42
Օժանդակ դպրոցներում տիրող մթնոլորտը շարունակում է մնալ հիմնախնդիր

 Երեւանի մտավոր թերզարգացումներ ունեցող երեխաների թիվ 11 հատուկ /օժանդակ/ դպրոցի տնօրեն Անահիտ Ենգիբարյանը դպրոցի ղեկավարման աշխատանքները ստանձնել է 2017-ին։

Մասնագիտությամբ հոգեբան տնօրենը շուրջ յոթ տարի աշխատել է նույն դպրոցում եւ միաժամանակ դասավանդել տարբեր ԲՈՒՀ-ում տարիքային զարգացման հոգեբանությանն ու մտավոր թերզարգացած երեխաների կրթական կարիքների առանձնահատկություններին  քաջածանոթ է։ Հենց այդ առումով էլ տարիների աշխատանքային փորձը թույլ է տալիս, որպեսզի աշխատանքը այստեղ շատ ավելի արդյունավետ դարձնի կառավարման եւ կրթական դաստիարակչական գործընթացներ կազմակերպելու տեսանկյունից։

«Հայկական Ժամ»-ը տնօրենի հետ զրուցեց դպրոցում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի, նորանոր ձեռքբերումների եւ կոլեկտիվի երիտասարդացող կազմի մասին։

 

-Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հետ աշխատելու պատասխանատվությունը պետք է շատ բարձր հիմքերի վրա լինի, դպրոցը ապահովվա՞ծ է  մասնագետներով։


-Պատասխանատվությունը բարձր պետք է լինի, որովհետեւ, եթե զուտ հանրակրթական դպրոցում կրթական, ուսումանադաստիարակչական խնդիրներ են անցնում, այստեղ երեխաները բազմակի խնդիրներով են գալիս։ Բացի մտավոր հիվանդություններից ունեն նաեւ հարակից հիվանդություններ՝ հոգեկան, վարքային  խանգարումներ, որոնք ավելի են բարդացնում կրթական դաստիարակչական աշխատանքները։ Այդ տեսանկյունից, մենք այդ  գործընթացներն ավելի արդյունավետ դարձնելու համար երեխաներին մատուցում ենք հատուկ մանկավարժական հոգեբանական ծառայություններ։ Լոգոպետներ ունենք, ովքեր մասնագիտացված ծառայություններ են մատուցում երեխաներին, երեխաները եւ անհատական, եւ խմբային պարապմունքների են մասնակցում հոգեբանի, հատուկ մանկավարժի եւ լոգոպեդի հետ։


-Համեմատելով մեծ պատասխանատվությունն ու դժվարությունները եւ վճարվող աշխատավարձերը, մասնագետները հրաժարվում են օժանդակ դպրոցներում աշխատելուց, իսկ ովքեր էլ աշխատում են վերը նշված պատճառաբանությամբ հրաժարվում են աշխատելուց: Ձեզ մոտ կա՞ն նման խնդիրներ։


-Ճիշտն ասած, մեզ մոտ չունենք նման արտահայտություններ, կոլեկտիվը շատ սրտացավ է, մեզ մոտ պարբերաբար ստուգումներ են իրականացնում։ Անգամ այցելուներին էլ է զարմացնում այն հանգամանքը, որ շատ առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ է տիրում, նշեմ նաեւ, որ անընդմեջ երիտասարդանում է կոլեկտիվը։ Կենսաթոշակային տարիքները լրանում են, մանկավարժները անցնում են վաստակած հանգստի, նոր անձնակազմ է ձեւավորվում, հոգեբաններ, հատուկ մանկավարժներ, երիտասարդ մասնագետներ, որոնք շատ ավելի մեծ սիրով ու եռանդով են աշխատում։ Այնպես, որ աշխատավարձերի առումով դժհոգություններ չկան։


-Հաստատությունում վաղուց վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել, պայմանները  բավարարո՞ւմ են պատշաճ իրականացնել երեխաների խնամքը։


- Վաղուց  շենքում վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել, սակայն պայմանները բավարար են։ Դպրոցի տնօրինությունը մշտապես ու այսօր էլ փոխհամագործակցում է բարեգործական ընկերությունների հետ եւ հնարավորինս փորձում տարեց-տարի ավելացնել վերանորոգվող դասասենյակները։ Այս տարի նախաձեռնել ենք նաեւ երրորդ հարկաբաժինների սանհանգույցների, լողասենյակների վերանորոգումը, որովհետեւ մի քիչ վատթար վիճակում են, շատ արագ աշխատանքները առաջ են ընթանում, շուտով կունենանք բարեկարգ սենյակներ եւ սանհանգույցներ։ Առաջնայինը դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտի ձեւավորումն է, եւ քանի որ դպրոցը գիշերօթիկ հաստատություն է, ուստի երեխան այստեղ պետք է լավ ու հարմարավետ զգա իրեն։ Ինձ համար, օրինակ, որպես մասնագիտությամբ հոգեբանի առաջնային եմ համարում երեխայի լիարժեք զգալու հանգամանքը։ Երեխան իրեն պետք է զգա ինչպես իրենց տանը, բայց նաեւ հասկանում եմ, որ պայմանները եւս բարեկարգ պետք է լինեն, որպեսզի ընտանեկան միջավայր լինի եւ սոցիալական պայմանները եւս կարգավորված լինեն։ Վերանորոգվել են նաեւ դաստիարակչական սենյակները, խաղասենյակները։Այս տարի վերանորոգեցինք նաեւ մեկ դասասենյակ եւ այդ գործընթացները շարունակական բնույթ են կրում։


Հ. Գ. Դպրոցում աշխատող ուսումնաօժանդակ կազմը շուրջօրյա աշխատում է դպրոցում՝ նվիրված ու սրտացավ։Դպրոցի մաքրությունը հնարավոր չէր չնկատել, ամենուր խաղաղ մթնոլորտ էր տիրում, զգացվում էր փոխադարձ հարգանք եւ հանդուրժողականություն։ Այստեղ պատմում են նաեւ, որ նախորդ տարիների համեմատ  ծնողների եւ դպրոցում աշխատող մանկավարժների կապը ավելի է ամրապնդվել, տնօրինության նախաձեռնությամբ պարբերաբար ծնողների հետ խորհրդատվական, թերապեւտիկ պարապմունքներ են անցկացվում, նրանց հետ ակտիվ աշխատում են սոցմանկավարժները, հոգեբանները: Կազմակերպվում են թրեյնինգներ, որոնց արդյունքը նկատելի է արդեն։ Եթե նախկինում ծնողները տարվա կտրվածքով մեկ անգամ էին այցելում իրենց երեխաներին, կամ միջոցառումներին չէին ներկայանում, ապա այժմ ավելի հաճախակի են դարձել այցելությունները։ Ինչը բավականին բարձրացնում է թե՛ երեխաների եւ թե՛ այստեղ աշխատող անձնակազմի տրամադրությունները։ 


Հերմինե Մանուկյան