Հրատապ. Խարդախություն՝ պատգամավորի հովանավորչությամբ

11/04/2018 12:22
Հրատապ. Խարդախություն՝ պատգամավորի հովանավորչությամբ

Հայտարարություն հանցագործության մասին


ԱԱԾ պետ Գեւորգ Կուտոյանին
ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին
ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին


Աժ –ի պետաիրավական հանձնաժողովի նախագահ՝ Ալիկ Սարգսյանի հովանավորչության ներքո՝ ռուսաստանաբնակ Գրիգոր Գրիգորյանը, ով, ըստշրջանառվող լուրերի, քավոր-սանիկ հարաբերությունների մեջ է վերը նշված պատգամավորի հետ, ՀՀ քաղաքացի՝ Աշոտ Զաքարյանի ունեցվածքն է խլում:

Մեր խմբագրության օգնությանն են դիմել վերջինիս զարմիկները, հայտնելով,  որ Վայոց Ձորի մարզի Վայքի բնակիչ՝ Աշոտ Զաքարյանը 2011 թ-ին որոշել է ՀԷԿ կառուցել եւ դրա կիսատ շինաշխատանքների համար համաձայնության է եկել Գրիգոր Գրիգորյանի հետ, որպեսզի վերջինիս պատկանող ընկերության կողմից արտադրվող խողովակներն օգտագործվեն ՀԷԿ-ի շինարարության ժամանակ:

Համաձայնություն է ձեռք բերվել այն պայմանով, որ ՀԷԿ-ի բաժնեմասերը հավասարապես՝ 50/50 տոկոս բաժանվեն երկու կողմերի միջև:

Պայմանագրով վավերացվում է, որ Գրիգոր Գրիգորյանը 200մլն դրամ բաժնեմասի վաճառքի գնի դիմաց ներդրում անի ընկերությունում և 50 մլն դրամ վճարի  ՀԷԿ-ի սեփականատեր Աշոտ Զաքարյանին: Սակայն Գրիգոր Գրիգորյանը՝ ստանալով ՀՀ նախկին Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հովանավորությունը` «դաբռոն» հրաժարվում է մուծել վերը թվարկած գումարները: 

Ըստ տուժողի բարեկամների, Ալիկ Սարգսյանը խորհուրդ է տվել Գրիգոր Գրիգորյանին հրաժարվել մուծել գումարները՝ պատճառաբանելով, որ 200 մլն դրամը պարտքով է տվել ՀԷԿ-ին և ետ է վերցնում:

Իսկ  50 մլն դրամը, որը պայմանագրով վավերացված է՝ խախտվել է Գ. Գրիգորյանի կողմից: 

Похожее изображение

Թիկունքում ունենալով Ալիկ Սարգսյանին՝  ով, ի դեպ, նախկինում  ՀՀ նախագահ՝ Սերժ Սարգսյանի խորհրդականն էր, Գ.Գրիգորյանը գործը խճճելու և Աշոտ Զաքարյանին պարսավելու միտումով՝ դիմում է իրավապահ մարմիններին, թե իբր Զաքարյանը գումարներ է յուրացրել:

Իրավապահ մարմինները հաղորդման հիման վրա քրեական գործ են հարուցում: Սակայն, փորձաքննության արդյունքում պարզվում է, որ Աշոտ Զաքարյանը շուրջ 170 մլն դրամ ավել գումար է ներդրել ՀԷԿ-ի կառուցման համար: Քրեական գործի վարույթն արագ կարճվում է: Բայց Գրիգոր Գրիգորյանը չի հանձնվում, ավելին՝ շարունակում է Աշոտ Զաքարյանին ունեցվածքից զրկելու գործընթացը, և մասնակիցների կողմից ընկերությունում ներդրում կատարելու անվան տակ Աշոտ Զաքարյանին և նրա տիկնոջը անհատույց ձևով զրկում է 25 տոկոս բաժնեմասից՝ թողնելով 1 տոկոսը, դրան կից շուրջ 20 շինծու դատական կայցեր է ներկայացնում ընդդեմ Աշոտ Զաքարյանի և նրա տիկնոջ: Ուշագրավ հանգամանք է, որ Գ. Գրիգորյանը նախագահի խորհրդական՝ Ալիկ Սարգսյանի հրահանգով Զեդեայի համայնքապետից կեղծիքով գնում և տիրանում է 10 տարի Աշոտ Զաքարյանի կողմից մշակված 20 հա բերքատու այգին: Այս փաստով առկա է քրեական գործով դատավճիռ, որով հաստատվում է, որ գյուղապետն այդ հողը կեղծիքով է վաճառել Գ.Գրիգորյանին:

Հ.Գ-1 Ըստ Արարատի պատկան մարմինների հետ մասնավոր զրույցների, Գրիգոր Գրիգորյանը գնել է մարզի իրավապահներին՝ Ալիկ Սարգսյանի ցուցումով, թուրն աջ ու ձախ կտրելով՝ գնել է անգամ տեղի դատական համակարգը: Արցախում բարերար է ձևանում՝ տեղի թերթերում լավաշ հոդվածներ պատվիրելով:



Հ.Գ.-2 «Հայկական Ժամ» լրատվական կայքն այս խարդախության դեպքի դրվագներից ելնելով՝ լրատվական հետաքննություն է սկսելու՝ պաշտպանելով անպաշտպան քաղաքացի Աշոտ Զաքարյանին, որպես տուժող, ավելին՝ հոշոտվող կողմ Ալիկ Սարգսյանի և  Գրիգոր Գրիգորյանի ձեռքին:

Հուսանք, որ ՀՀ իրավական կառույցների ղեկավարները կանդրադառնան այս խարդախ դեպքին, երբ լրատվամիջոցի լուսաբանմամբ այն դառնում է հանրության սեփականությունը և ձեռք բերում հասարակական հնչեղություն:

Փորձենք հավատալ, որ նրանք զերծ կմնան ԱԺ իրավական հանձնաժողովի նորանշանակ նախագահ, ակարդեոնիստ Ալիկ Սարգսյանի ազդեցությունից:

Մենք՝ լրագրողներս հետևողական ենք լինելու այս հերթական հայկական «բեսպրեդելին»՝ երբ անարգել, պետական մակարդակով, զոռբայական, փողի ուժով, հերթական անգամ, խլվում է ունեցվածքն անպաշտպան ՀՀ քաղաքացուց,  ում հարազատները հուսահատված, անօգնական, ստիպված դիմում են մամուլի օգնությանը՝ վերջին ճիգերով հավատալով արդարությանը:

Ահա այսպես են պետական չինովնիկները դառնում ժողովրդի թշնամիներ ու հայաթափում երկիրը՝ օտար երկրները հարստացնելով:

Փորձեցինք կապ հաստատել Աշոտ Զաքարյանի հետ, սակայն նրա հեռախոսը չպատասխանեց: 


Անի Մադոյան