Լեհ բանաստեղծի ստեղծագործությունները թարգմանված են հայերեն

20/02/2018 15:35
Լեհ բանաստեղծի ստեղծագործությունները թարգմանված են հայերեն

Մոռացիր


Մոռացիր տանջանքները բյուր,

Որոնց ինքդ ես ծնունդ տվել,

Մոռացիր տանջանքները բյուր,

Որոնք քեզ են ակամա տրվել:

Ջրերը հոսում են, հոսում,

Գարուններ փթթում են և թոշնում,

Ոտնահետքերդ դաջվում են, դաջվում

Կոտրած եկրագնդի մակերեսին:


Թե հեռու-հեռվում երգ է լսվում

Հարց ես տալիս. Ո՞վ է երգում, ի՞նչ կա սրտում:

Հանց մանուկ արևն է ազատվում բարուրից,

Թոռ է ծնվում, ծոռն է գալիս լույս աշխարհ,

Ձեռքդ բռնում դուրս են պրծնում խանձարուրից:


Գետերի անունները դեռ միտդ ես պահում,

Ծորում են անվերջ, հուշում են, հիշում:

Դաշտերդ նվվում ու եփ են գալիս,

Քաղաքի աշտարակները հարցնում. «Ե՞րբ ես գալիս»:

Իսկ դու կանգնած մուտքի մոտ, իսկ դու անկոչ հյուր:




Այնքան քիչ


Այնքան քիչ բան ասացի:

Օրեր կարճ:

Օրեր գաճաճ,

Գիշերներ կարճատև,

Տարիներ վաղանցուկ:


Այնքան քիչ բան ասացի:

Չհասցրեցի:


Սիրտն իմ ծվատվում է,

Գոհ եմ,

Հուսահատվում եմ,

Խանդում եմ,

Հույս եմ տածում:


Լեվիաֆանի երախն է հուպ փակվում,

Ես մեջը:


Մերկ պառկել եմ ափին

Անմարդաբնակ կղզու:


Դեպի անդունդ քարշ տվեց

Սպիտակ կետը վիթխարի:


Եւ հիմա չգիտեմ

Որն էր իրական, որը:





Սեր


Սերը հայացք է ուղղված ինքդ քեզ

Ինչպես զննում ենք անծանոթ իրերը:

Ու դու մեկն ես հարյուրի միջից,

Ով հայացք է նետում, հայացք կիսակամ,

Սիրտ ապաքինող, բուժիչ, կենարար:

Թռչուն ու ծառ կդիմեն. «Ընկե՜ր իմ»,

Այդժամ և ինքն է լույսով ողողվում,

Պարզերես կանգնում իրերի դիմաց:

Ոչինչ, թե չգիտի ում է ծառայում,

Իմացողից պակաս չի ծառայում:



Չեսլավ Միլոշ
Թարգմանությունը՝ Հրանուշ Պետրոսյանի