Հարութ Սասունյան. Էրդողանը սպառնալիք է աշխարհի համար

28/02/2018 08:01
Հարութ Սասունյան. Էրդողանը սպառնալիք է աշխարհի համար

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ սպառնալիք է դարձել իր սեփական ժողովրդի, ինչպես նաև շատերի համար»,- գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:


«Վերջին տարիների նրա գործողություններն ու հայտարարությունները պետք է լրջորեն անհանգստացնեն նրա հարևաններին և ամբողջ աշխարհին:


Միջազգային հանրության կողմից անտեսված վերջին բռնակալը ցեղասպան դահիճ Ադոլֆ Հիտլերն էր, որը սանձազերծեց Երկրորդ համաշխարհային պատերազմը՝ ներխուժելով տասնյակ երկրներ և սպանելով միլիոնավոր մարդկանց: Ցավոք, արևմտյան ղեկավարները փորձում են գոհացնել Էրդողանին, դրանով իսկ ստեղծելով մի հրեշ... Տարօրինակ է, որ իսլամական աշխարհում ոմանք հարգանքով են վերաբերվում նրան, իսկ շատ արևմտյան երկրներ Թուրքիային համարում են իրենց գլխավոր դաշնակիցներից մեկը: Ավելի վատ, Ռուսաստանը ևս փորձում է իր կողմը գրավել Էրդողանին՝  նրան Արևմուտքից և ՆԱՏՕ-ից հեռացնելու համար:


Էրդողանի անհավասարակշիռ հոգեվիճակի վառ օրինակ է նրա արտառոց հրապարակային հայտարարությունը, որը տեղադրված է Թուրքիայի նախագահի կայքում՝ «Թուրքիան արդարության համար համաշխարհային պայքարի դրոշակակիրն է» վերնագրով:


Առողջ դատողությամբ որևէ մեկը նման խաբուսիկ հայտարարություն չէր անի: Թուրքիան վերջին երկիրն է, որին կարելի բնութագրել որպես «արդարության համար համաշխարհային պայքարի դրոշակակիր»: Ինչպե՞ս կարող է Էրդողանը նման կեղծ հայտարարություն անել, երբ հարյուրավոր լրագրողներ և տասնյակ հազարավոր պրոֆեսորներ, փաստաբաններ, դատավորներ և հանրային աշխատողներ բանտարկված են: Բացի թուրք ժողովրդի նկատմամբ ներկայիս անարդարություններից, Էրդողանը հերքում է նաև անցյալի զանգվածային անարդարությունները, ինչպես հայերի, հույների և ասորիների դեմ իրականացված ցեղասպանությունը:


Ավելի վաղ այս ամիս, «Արդարություն և զարգացում» կուսակցության Էսքիշեհիրի  նահանգային կոնգրեսում, Էրդողանը անամոթաբար հայտարարեց. «Թուրքիան նաև արդարության համար համաշխարհային պայքարի դրոշակակիրն է: Թուրքիան ապահով ապաստան է ճնշվածների և մղձավանջ՝ ճնշողների համար»:  Եթե Թուրքիան այսպիսի «ապահով ապաստան» է, ապա ինչո՞ւ են բազմաթիվ թուրքեր փորձում փախչել երկրից և ապաստան հայցել Եվրոպայում: Ինչո՞ւ է թուրքական կառավարությունը ձերբակալման հրաման տալիս փախածների համար և ճնշում գործադրում եվրոպական երկրների վրա՝ թուրք լրագրողներին, մտավորականներին և իրավապաշտպաններին արտահանձնելու համար:


Իրեն կարգելով համաշխարհային ղեկավար, Էրդողանը լայն ցանց է գցել՝ միջամտելով շատ, հեռու ու մոտ երկրների ներքին գործերին. «Թուրքիան հույսի աղբյուր է Ղրիմի մեր եղբայրների և քույրերի, Թուրքեստանի (թուրքական ժողովուրդ Կենտրոնական Ասիայում) ճնշվածների և Կովկասի, Սարաևոյի ու Աֆրիկայի մեր ընկերների համար»: Շարունակելով նա պնդել է. «Եթե մենք սայթաքենք, ապա Ալ Քուդսը (Երուսաղեմ) կընկնի, Պաղեստինը, Ռախինը՝  շրջան Մյանմայում  և Սոմալին կընկնեն»:


Էրդողանի ամպագոռգոռ ելույթից մի քանի օր անց, թուրք ընդդիմադիր լրագրող Ուզայ Բուլութը քննադատական մեկնաբանություն գրեց «Վաշինգտոն փոստ» թերթում՝ «Թուրքիայի բռնության երանգներով արտաքին քաղաքականությունը» վերնագրով:


Ուզայը հիշեցրել է ընթերցողներին, որ «Օսմանյան կայսրության կողմից հսկայական տարածքների բռնազավթումը և իսլամի նվաճման դրոշը դեռևս ազդեցություն ունեն Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա, ներառյալ նրա զավթումներն ու էթնիկ զտումները»:


Հայտնի թուրք մեկնաբանը հատկապես հիշատակել է Էրդողանի միջամտության քաղաքականությունը Հյուսիսային Սիրիայում (Աֆրին) և Կիպրոսում: Ուզայը նշել է, որ Թուրքիան 1974 թվականից զավթելով Հյուսիսային Կիպրոսը, այժմ սպառնում է Կիպրոսի Հանրապետության մնացած հատվածին: Էրդողանն ասել է. «Կիպրոսի քաջությունը միայն կշարունակվի մինչև նրանք տեսնեն մեր բանակը, նավերն ու ինքնաթիռները»: Թուրքիան անտեսել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տասնյակ բանաձևերը, որոնք պահանջում են զորքերի դուրսբերումը Հյուսիսային Կիպրոսից:


Էրդողանը նաև նախազգուշացրել է եվրոպական ընկերություններին, որոնք գազի հանքավայրեր են հետազոտում Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Կիպրոսի Հանրապետության տարածքային ջրերում: Այս ամսվա սկզբին Ուզայը գրել է. «Թուրքական ռազմանավերն արգելափակել են իտալական ENI էներգետիկ ընկերությանը պատկանող նավասարքը՝ Կիպրոսի ջրերին հասնելու և գազի հետազոտման աշխատանքներն սկսելու համար»:


Էրդողանը խոստովանել է իր զավթողական քաղաքականությունը, զուգահեռներ անցկացնելով Աֆրինի, Կիպրոսի և Էգեյան ծովի հունական կղզիների միջև, որոնք հաճախ դառնում են թուրքական սպառնալիքների և պահանջների թիրախ:Էրդողանը լկտի կերպով հայտարարել է. «Մեր իրավունքները նույնն են ինչպես Աֆրինում, այնպես էլ Էգեյան ծովում և Կիպրոսում: Երբեք չմտածեք, որ բնական գազի հետազոտումը Կիպրոսի ջրերում և շահագործման փորձերը Էգեյան ծովում դուրս կմնան մեր ռադարներից»:


Էրդողանի գլխավոր խորհրդականներից Յիգիթ Բուլութն, ավելի ծայրահեղ քայլերի գնալով, հոխորտանքով սպառնացել է Հունաստանին Իմիա կղզու առնչությամբ, որը թուրքերը անվանում են «Կարդակ»: Նա զգուշացրել է. «Աթենքը կարժանանա Թուրքիայի ցասմանն ավելի շատ, քան Աֆրինը: Մենք կկոտրենք վարչապետի  Հունաստանի և ցանկացած նախարարի ձեռքերն ու ոտքերը, որոնք կհամարձակվեն ոտք դնել Էգեյան ծովում Կարդակ կղզի: Այս տարածաշրջանում չկա ոչ մի զինված ուժ, որը կարողանա դիմակայել թուրքական զինված ուժերին: Այնպես որ, բոլորը պետք է իրենց տեղն իմանան: Բոլոր իմպերիալիստները կհամաձայնեն, որ այս հողում բոլորը թուրքեր են և այս հողում ազգը իսլամական «ումմա» ազգ է և նրանք կհամբուրեն այն ձեռքը, որը չեն կարող կտրել»:


Մեկնաբան Ուզայը տեղեկացրել է, որ Էրդողանն անձամբ սպառնացել է Կիպրոսին՝ ևս մեկ ռազմական ներխուժմամբ. «Ճիշտ այնպես, ինչպես մենք խափանեցինք դավադրությունները Սիրիայում «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» գործողությունների միջոցով, և շուտով Մանբիջ և այլ շրջաններում, այնպես էլ կարող ենք և կխափանենք բոլոր նրանց դավադրությունները, որոնք սխալ հաշվարկներ են անում մեր հարավային սահմաններին: Մեր ռազմածովային և օդային ուժերը աչալրջորեն հետևում են տարածքին՝ ցանկացած պահի միջամտելու համար»:


Թուրքիայի հարևանները պետք է տեղյակ լինեն, որ Էրդողանը մտադիր է վերականգնել օսմանյան տարածքները: Նա բացահայտորեն սպառնացել է. «Նրանք, ովքեր կարծում են, որ մեր սրտերից ջնջել ենք այն հողերը, որոնցից մենք հարյուր տարի առաջ հեռացել ենք արցունքն աչքերիս, սխալվում են»:


Ուզայն իր հոդվածի վերջում արդարացիորեն մատնանշում է, որ արևմտյան երկրներն են հիմնականում պատասխանատու Էրդողանի չվերահսկվող վարքագծի համար. «Միջազգային անտարբերությունն ի պատասխան թուրքական հարցակողականության՝ խրախուսում է Էրդողանին՝ Արևմուտքի այսպես կոչված «դաշնակից» նախագահին, սպառնալու Կիպրոսին ևս մեկ ռազմական հարձակմամբ... Այն ինչը թույլ է տալիս նրան դուրս պրծնել իր ահաբեկող հռետորաբանությամբ և մշտական թշնամանքով, Արևմուտքի ակնհայտ թուլությունն ու շփոթմունքն է բռնի թուրքական գերակայության առջև»: