Երաժշտական դպրոցի տնօրենի համար երաժշտությունն «աղմուկ» է

04/04/2018 18:01
Երաժշտական դպրոցի տնօրենի համար երաժշտությունն «աղմուկ» է

«Վանաձորի Գրիգոր Հախինյանի անվան երաժշտական դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթ այդպես էլ չկազմակերպվեց, քաղաքապետարանից ասացինՙ կարգն է այդպիսին, մեր հորդորները, որ գոնե ոլորտի մասնագետ, երաժիշտ, ինչ-որ չափով վաստակ ունեցող մարդ նշանակվիՙ չընդունվեց, իսկ ՀՀԿ-ի թեկնածուն նույնիսկ ծրագիր չի ներկայացրել ավագանու նիստում, բայց փոխարենըՙ արդեն հանձնում ընդունում են արել և նա ստանձնել է տնօրենի պարտականությունները, վստահ լինելով, որ ՀՀԿ, ՀՅԴ, ՀՎԿ մեծամասնությունը կքվեարկի և օրենքի պահանջը կկատարվի:


Հիմա կհարցնեքՙ ո՞վ է նա: Ինձ հասած տեղեկություններով մաթեմատիկայի ուսուցչուհի Տաթևիկ Բարսեղյանն է, ով ամուր թիկունք ունի ՀՀԿ վերնախավում, սկեսրայրի եղբայրը՝ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն է, սկեսուրը՝ նույն կառույցի Լոռու մասնաճյուղի տնօրենը:


Իրականում նշանակություն էլ չունի՝ ով ում բարեկամն է, եթե մասնագետ լինի ու մրցունակ: 


Երաժշտական դպրոց, ուսումնարան, կոնսերվատորիա գոնե մեկ անգամ մտած յուրաքանչյուր ոք գիտի, որ այդ շենքերի տարածքում նույնիսկ դրսից լսվում են տարբեր երաժշտական գործիքների, երգեցողության ձայներ, որոնք միախառնվում են ու աղմուկ հիշեցնում: Սույն տիկինը հավանաբար առաջին անգամն է մտել երաժշտական դպրոց ու անմիջապես դժգոհել «աղմուկից»՝ երաժշտական գործիքների ձայնից, ասելով, որ այդ «աղմուկն» իրեն խանգարում է, պատկերացնո՞ւմ եք, նա լռություն է պահանջում երաժշտական դպրոցում... 


Դպրոցի հիմնադիր-տնօրեն, թավջութակահար, Վանաձորի լարային նվագախմբի, ապա նաև լարային քառյակի դիրիժոր, տաղանդավոր երաժիշտ, լուսահոգի Խաչիկ Դնոյանի թողած ժառանգության լավագույն պահպանությունն է իրականացնում Հանրապետական կուսակցությունը: 


Հ.Գ. Ես այդ նույն դպրոցի սանն եմ եղել և սիրտս մղկտում է..


Նարինե Ավետիսյան