Քաղաքապետի համար եվրոպական ծրագրերը «ժամանակի բառադի ծախս» է

14/04/2018 13:36
Քաղաքապետի համար եվրոպական ծրագրերը «ժամանակի բառադի ծախս» է

Խոշորացված Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանին շատերն են «նախանձում»՝ «երանի պաշտոնիդ» քաղաքապետ, ով քաղաքի խնդիրների մասին բնավ չի հոգում։

 Տարածաշրջանում «կնոպկով քաղաքապետ»-ի համբավ վայելող Արշակյանը 2012 թ-ի ՏԻՄ ընտրություններին միակ թեկնածուն էր, ով հավակնում էր քաղաքապետի պաշտոնին: Ու քանի որ Տաշիրում Կարապետյան եղբայրներն են որոշում, թե ով որ պաշտոնը զբաղեցնի, նրանց անմիջական հովանավորությամբ Էդգար Արշակյանն ընտրվեց քաղաքապետ ու մինչեւ օրս ինքն է ղեկավարում այդ պաշտոնը:

Սակայն ընտրվելու առաջին իսկ օրվանից, Երեւանում գտնվող «Տաշիր» ընկերության գրասենյակի մոտ տաշիրցիների հերթեր են գոյանում, ովքեր գալիս հասնում են Կարեն Կարապետյանի դուռը, որ իրենց բողոքը ներկայացնեն քաղաքապետից:

Բանը հասել է անգամ նրան, որ Տաշիրում եղած ժամանակ Կարեն Կարապետյանը դժգոհել է, թե «Տաշիր քաղաքի բյուջեի չափ գումար մենակ մենք ենք քաղաքին հատկացնում, բայց էլի ժողովուրդը դժգոհ են էս ջահելից»:

Ըստ քաղաքի մեր լրատուի, Կարապետյան եղբայրների կողմից օր-օրի զարգանում ու գեղեցկանում է Տաշիր քաղաքը, սակայն այդ ամեն ինչից անմասն է մնում քաղաքապետը, ով Եվրոպա շրջագայությունների ժամանակ անգամ չի էլ հասցնում մասնակցել ԵՄ ծրագրերի քննարկումներին, նրան ավելի շատ հետաքրքրում են եվրոպական բուտիկները եւ ռեստորանների ճաշացանկերը:

Տաշիրում պատմում ու ծիծաղում են, որ Է. Արշակյանը եվրոպական վոյաժներից մեկից հետո Հայաստան գալով դժգոհել է. «Հավես ունին, կհավաքվին բառադա-բառադա կխոսան...»:


Հերմինե Մանուկյան