Հրատապ. Քանդվող դպրոցի շենք, ուր մկները <<բուլկի են թռցնում>>

05/03/2018 17:59
Հրատապ. Քանդվող դպրոցի շենք, ուր մկները <<բուլկի  են թռցնում>>

Մեր կայքի օգնությանն  են դիմել Արմավիրի մարզի Պտղունքի բնակիչները, ովքեր բողոքում են քանդվող միջնակարգ դպրոցի իրավիճակից. «Ամեն  օր  Աստծուն  փառք ենք տալիս, երբ մեր երեխաները ողջ-առողջ են դպրոցից տուն վերադառնում, ջհանդամը թե պայուսակներով էլ մկներ չեն բերում տուն»,-պատմում էին մեզ  վախեցած  ծնողները:

-Արդարացի է ծնողների բողոքը,-ասաց դպրոցի տնօրեն Սիլվա Մկրտումյանը,-Դպրոցն օր-օրի վտանգավոր է դառնում մեր և աշակերտների կյանքի  անվտանգության համար, քարերը թափվում են, մոտակա հարևանությամբ անասուններ են պահվում, մկներն էլ մի կողմից են գրոհել դպրոց: Աշակերտների նստարանների վրայից  մկները տանում են բուլկիները, սննդի մնացորդները, դրանց դեմը առնել չկա, արհեստավարժ մկներ են, դեղն էլ են ճանաչում, ի՞նչ անենք չգիտենք…,- պատմում էր Ս. Մկրտումյանը:


Իսկ Պտղունքի բնակիչ՝ Մաքսիմ Մուրադյանի խոսքերով. «1968թ-ից ի վեր դպրոցում մատը մատին չեն տվել, դասասենյակների հատակի տախտակները փտած են, տակը մկներ են վխտում, դպրոցը քանդվում է,ոչ-ոք  այն չի ցանկանում նկատել: Դպրոցում 140 աշակերտներ են հաճախում, այդքանն էլ գնում են Էջմիածնի դպրոցները: Դպրոցում սան հանգույցներ չկան, ֆիզկուլտուրա առարկա չեն պարապում, որովհետև պատերին լայն ճաքեր կան, որոնք թեթև շարժումներից կարող են քանդվեl,-զայրացած ասաց Մ. Մուրադյանը:

 

Հ.Գ. Այս դպրոցի օրինակը այն վառ ապացույցն է, որ  իշխող ՀՀԿ-ն  երկրի  թալանից զատ ոչինչ չի տեսնում, անգամ Երևանի քթի տակ եղած դպրոցը: Հուսանք, որ  պատկան մարմիները հետևություններ կանեն թեմայի հանրայնացումից ու կայցելեն դպրոց, որտեղ կյանքի և մահվան խաչմերուկ է գծագրված, որտեղ մկների ու երեխաների սննդի պատճառով համաճարակի օջախ է ստեղծված: