«Գրված ոչ մի օրենք այդպես էլ չծառայեց ժողովրդին»,- նեղսրտում են մարդիկ

26/03/2018 16:58
«Գրված ոչ մի օրենք այդպես էլ չծառայեց ժողովրդին»,- նեղսրտում են մարդիկ

Միավորված Մեծավան համայնքի կենտրոնում շուտով կտեղադրվի Զորավար Անդրանիկի արձանը,- հպարտությամբ տեղեկացնում են մեծավանցիները։ Զորավարի արձանի հարեւանությամբ տեղադրվելու է նաեւ հուշատախտակ արցախյան հերոսների եւ քառօրյա պատերազմում զոհվածների նկարներով։

Համայնքում հուրձանների տեղադրմանը համընթաց կկատարվեն լուսավորության եւ խմելու ջրագծերի նորոգումներ։ Ճանապարհաշինությունը համայնքի համար դարձել է թիվ մեկ խնդիրը, քանի որ գյուղի աշխարհագրական դիրքը ունի թեքություններ, այդ իսկ պատճառով է, որ անձրեւների ժամանակ հեղեղատարները քայքայում են գյուղի երկրորդական ճանապարհները։ 


Պաղաղբյուր բնակավայրի բնակիչները պատմում են, որ իրենց  առաջարկությամբ տեղում պետք է համայնքապետարանը կառուցի փոքրիկ մատուռ։ Պաղաղբյուրը նախկինում լինելով ադրբեջանաբնակ գյուղ մինչ օրս չի ունեցել եկեղեցի, եւ ֆինանսական սղության պատճառով մատուռը կառուցելը ավելի հավանական կլինի, որի կառուցման համար համապատասխան աշխատանքներ են տարվում համայնքապետարանի կողմից։ Այստեղ նույնպես խմելու ջրի խողովակները պետք է վերանարոգվեն եւ բարեկարգվեն ճանապարհները։ Նույն աշխատանքները կատարվում են Միխայլովկա, Ձյունաշող բնակավայրերում: Թեեւ կարճ ժամանակ է անցել միավորումից, բայց Մեծավանին միացված վերը նշված գյուղերի բնակիչները տեղեկացնում են, որ համայնքի ղեկավար Սերյոժա Վարդանյանը եւ համայնքապետարանի աշխատակիցները այցելել են գյուղեր ծանոթացել խնդիրներին:


Ինչ վերաբերվում է խոշորացման գործընթացին, տեղացիներն օրինակ են բերում՝ «Ծառը, որ տնկում են ու երկու, երեք տարին մեկ տեղափոխում ծառը լավ չի աճում, իսկ եթե ծառը մնում է իր տեղում  երկար է մնում, խորը արմատներ է գցում ու ամրանում։ Էդպես էլ գյուղերն են, պետք է թողնեին, որ գյուղերը մնան առանձին-առանձին ու օգնեին, որ գյուղերը, որպես մեկ միավորներ զարգանային ու շենանային։ 83 տարեկան մարդ եմ, երեք անգամ մասնակցել եմ գյուղերի միացմանն ու բաժանմանը, բայց ոչ մի բան չի փոխվել, հիմա էլ եմ մասնակցել մեր գյուղի միավորման, ի՞նչ պետք է փոխվի, ոչ մի բան։ Ամեն օր մեր ղեկավարությունը օրենք է փոխում, ամեն օր, թող մի օրենք գրեն ու էդ օրենքով առաջ շարժվեն, մնա էդ օրենքը, որ մարդիկ ընտելանան, հասկանան իրենց ինչ է կարելի օրենքով, ինչը չէ»,-ասում է Սարգիս անունով բնակիչը