«Տանը սոված էրեխեքը սպասում են, հաց չենք կարողանում առնել...»

12/03/2018 05:29
«Տանը սոված էրեխեքը սպասում են, հաց չենք կարողանում առնել...»

2017թ-ի նոյեմբերին, Արագածոտնի մարզի հարեւան Լուսակն, Գետափ եւ Արտենի համայնքները միացան Արագածավան համայնքին:

Թեեւ կարճ ժամանակ է անցել, սակայն մարդիկ վստահ են, որ ծրագիրը  գյուղի մարդու հոգսը չի թեթեւացնի,  ըստ տեղաբնակների, օր-օրի ավելի է վատանում վիճակը:


Նախկին Արտենիի բնակչուհի Վարդիթեր Ալեքսանյանը  պատմեց, որ երեք օր է չի կարողանում հաց գնի, իր մեկ ու կես տարեկան թոռան համար։ «Ծիրանանոցների տերերը հայտնվել են ծանր կացության մեջ, եւ ոչ թե միջին կարգի, այլ ծայրահեղ ծանր ֆինանսական դրության մեջ»,- ներկայացնում է Վարդիթեր Ալեքսանյանը։


 -Գյուղացու կյանքը լացելու կյանք է դարձել, լացում ենք, ի սրտե լացում ենք,- լացակումաց պատմում է Վ. Ալեքսանյանը,- Կարկուտը ծեծեց տարավ, ցրտահարություն եղավ, չորս հեկտարից մի հատ ծիրան տուն չենք տարել, պետությունը ոչ մի զիջում չարեց, գոնե վարկերի տոկոսները մի տարով դադարեցնեին, հողի հարկերը զիջեին։ Մի մեքենա վերցրեցինք, որ հիվանդանոց գնանք ու գանք ամուսնուս համար, ինքը երկրորդ կարգի հաշմանդամ է, հիմա չենք կարողանում համարներ հանենք, էդ էլ ԴԱՀԿ-ը տարավ տոկոսների տեղ, էն տոկոսները, որ վերցրինք դրեցինք հողերի վրա ու եկամուտ չունեցանք։ Էս 4-5 տարի է չենք կարողանում բերք հավաքենք, վարկերը կուտակվավ վրեներս, մնացինք ժամկետանցի տակ, եղածն էլ սաղ պետությունը տարավ։ Ի՞նչ անենք 63 տարեկան ենք ընկել ենք դաշտերը։ Ծառերի կեսը ոռոգման ջրերի պատճառով չորացել են, վիճակներս լավ չի, սարսափելի վիճակ է, անչափահաս երեխաներ ունենք տանը, երեք օր փոքրիկները մնացել են տանը, մատղաշ 1,3 տարեկան երեխան մնացել է առանց հացի։ Գումար չունինք, որ հաց առնինք, այսպես սննկացել ենք էս հողերի երեսից։ Հող չլիներ, գործարան լիներ աշխատեինք, մեզ համար ավելի ձեռնտու էր, քան էսպես, չարչարվում ենք, բայց արդյունքի չենք հասնում։ Հիմա էսքան  էտում ենք, խնամում, տեսնենք էս տարի ջուր կլինի՞ որ ջրենք, անցյալ տարի չենք ջրել ծառները, գյուղացու վիճակը ահավոր վիճակ է։ Հույս էլ չունենք, որ մի անկյունից մի կոպեկ կգա, կապրենք։ Չգիտենք ոնց կլինի մեր վիճակը, Աստծու երեսից կախված ենք մնացել,-արտասվելով պատմում է Արտենի բնակավայրի բնակչուհի Վարդիթերը։



Ընթերցողին հիշեցնենք, որ միավորված Արագածավանի ղեկավարի ընտրություններում Անդրանիկ Պապիկյանը մրցակից չուներ։ Ինչպես մարդիկ են ներկայացնում նախընտրական շրջանում Անդրանիկ Պապիկյանը ամպագոռգոռ խոստումներ չի տվել համայնքների բնակիչներին։ Տարածաշրջանում համայնքների խոշորացման արդյունքներից կարծիքներ են հայտնում  մեր զրուցակիցները։

-Այս չորս գյուղերով իրար բարեկամ ու խնամի ենք, իրար տես ու ճանաչ, Անդրանիկ Պապիկյանին եթե չենք էլ տեսել, լսել ենք իր մասին, մինչեւ որ առիթ ունեցել ենք ընտրելու մեզ ղեկավար։ Ոչ մի բան չի խոստացել, երբ հանդիպման է եկել ասել  է միայն, որ կաշխատի նույն աշխատաոճով, ինչպես որ աշխատել է տարիներ շարունակ իր գյուղում։ Գյուղացի մարդուն պետք է էժան գներով ոռոգման ջուր տան, որ մենք էլ իրենց կերակրենք, միշտ էլ գյուղացին է պահել քաղաքը։ Թե չէ խոշորացնելով գյուղերը ի՞նչը պետք է փոխվի, մենք էլ գիտենք, որ կառավարության որոշումն է, պետք է միացնեին գյուղերը, բայց դեռ չենք տեսնում դրա դրական կողմը։ Հիմա, որ էդ կազմակերպիչները ամբողջ օրը, ասում են թե կզարգանան տնտեսությունները, ոնց, որ հեքիաթ պատմեն մեզ։ Լավ կլինի դեմքով դառնան գյուղերը, թե չէ, որ սենց շարունակեն աշխատեն, էդ սովը վաղը իրենց դուռը կչոքի սեւ ուխտի նման,-պատմում են մարդիկ, որոնք միակարծիք են իրենց բնակավայրերին եւ առօրյա հոգսերին վերաբերվող հարցերում։