Մարզային արվեստի դպրոցում ժողգործիքների պահանջ կա

03/04/2018 06:04
Մարզային արվեստի դպրոցում  ժողգործիքների պահանջ կա


Արարատի մարզի  Շահումյան, նախկին՝ Յուվայում,  արվեստի դպրոց է գործում, որը 20 տարի առաջ  32 երեխաներով հիմնադրել է  երաժշտագետ՝ Քրիստինե Հարությունյանը,  վերջինս  մինչեւ օրս  արվեստի դպրոցի տնօրենն է:


Ներկայումս կայացած արվեստի դպրոց են հաճախում 170  երեխաներ: Արվեստի դպրոցում գործում են՝ դաշնամուրի, պարի, վոկալի, էստրադային, աշուղագուսանական, քանոնի, դհոլի,դուդուկի, շվի,կիթառի,երգի և այլ խմբակներ:


Նախադպրոցական 6 տարեկան մանուկների համար կա նկարչական խումբ:


Արվեստի դպրոցի բոլոր մասնագետներն ունեն երաժշտական կրթություն, որոնց սաները մասնակցելով համապետական, միջազգային, հանրապետական, մարզային միջոցառումներին և փառատոներին՝ բերում են մրցանակներ, շնորհակալագրեր, գովասանագրեր:



2016թ-ին Ազգային Ժողովում «Փարաջանով» մրցանակաբաշխության ժամանակ, Շահումյանի արվեստի դպրոցին հանձնվեց լավագույն մրցանակ:


 ՀՀ ԿԳՆ  և գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ հայտարարված մրցույթ փառատոնում արվեստի սաները բազմաթիվ մրցանակներ են տարել Շահումյան՝ հրճվանք պատճառելով թե՛ ծնողներին, համայնքապետին և թե՛ դպրոցի տնօրեն Քրիստինե Հարությունյանին:


Վերջինս իր գործի լավ գիտակ է, մեզ՝ լրագրողներիս պատմում էր, որ. «Տեսնելով այս ամենը, համայնքապետ Ս. Բաբայանը կատակով ասել է. Քրիստինե, ես քո կիսանդրին  դնելու  եմ համայնքի խաչքարի կողքին (Ծիծաղում է: Հեղ.), որպես արժանի մեկը, ով այսքան երեխաների համար պայմաններ է ստեղծել բացահայտել  ունակությունները , զարգացնել իրեց տաղանդը: Մեզ շատ անգամներ է օգնել համայնքապետ Ս. Բաբայանը՝ քաջ գիտակցելով, որ մեզ մոտ  հաճախում են նաև հարակից համայնքների երեխաներ:  Թող անհամեստ չթվա, եթե ասեմ, որ մարզում միակն ենք ու անկրկնելին: Մեր  արվեստի դպրոց հաճախ է այցելում հանրաճանաչ քանոնահար Անժելա Աթաբեկյանը, ում անչափ ոգևորում է  դպրոցի երեխաների հաջողությունները՝ վաղվա շնորհալի երաժիշտների արժանի հերթափոխ  տեսնելով: Այնքան խանդավառվածությամբ է գալիս մեզ մոտ 85-ամյա  Անժելա Աթաբեկյանը, որ մենք երբեմն ամաչում ենք գանգատվել, որ գլուխներս ցավում է, կամ հոգնած ենք և այլն»,- պատմում է Քրիստինե Հարությունյանը:

 

Իր հիմնած դպրոցի հաջողություններով ոգևորված տնօրենի դեմքի վրայով մի պահ  տխրության ստվեր անցավ, երբ խոսքը վերաբերեց դպրոցի ժողգործիքներն: «Ժողգործիքների վերանորոգման խնդիր ունենք, ռոյալ չունենք, դահլիճի հիմնանորոգման հարց ունենք»,-ափսոսանքով ասաց տնօրենը և մեզ ցույց տվեց ամսագրեր, որտեղ շնորհալի երեխաներ՝ Էլեն Սայադյանը 9տ., Իրինա Սարգսյանը 9տ., Գրիշա  Բաղդասարյանը 14տ., Վարդուհի Ավագյանը 18տ., Քրիստինե Եղիազարյանը 14տ., Սուսաննա Մարտիրոսյանը 17տ., Գայանե Խացատրյանը 16տ. Մարիամ Սահակյանը 15տ.  գործերն էին, որոնք չէին զիջում արվեստի գործերից, որն էլ հանգամանք դարձավ, որպեսզի լուսաբանենք արվեստի դպրոցը, որտեղից կծնվեն վաղվա մեր մեծերը՝ հայ մշակույթն անմար  պահելով:

Հ.Գ. Հուսանք  պատկան մարմիները կայցելեն այս կարևոր  դպրոցը և կլուծեն այնտեղ առկա խնդիրները, որի առջև կանգնած են Արարատի տաղանդավոր երեխաներն ու էնտուզիազմով աշխատող տնօրենը: