«Միայն կրճատեք, կրճատեք, օպտիմալացրեք... իսկ ո՞վ կբուժի հիվանդին»

05/03/2018 19:00
«Միայն կրճատեք, կրճատեք, օպտիմալացրեք... իսկ ո՞վ կբուժի հիվանդին»

Մեծամոր քաղաքի բնակիչները դիմելով խմբագրություն, իրենց անհանգստությունն են հայտնում, որ արդեն քանի տարի քաղաքային հիվանդանոցը մատնված է անտարբերության:

Ստորեւ ներկայացնում ենք բնակիչների դժգոհությունները, առանց խմբագրման։

«Մեր քաղաքը, ատոմակայան ունեցող քաղաք է, որտեղ առողջապահությունը ողբալի վիճակում է։ Այստեղ ովքեր փող ունեն, գոնե հնարավորթւոյւն ունեն առաջին օգնություն ստանալու, ովքեր էլ որ փող չունեն՝ պետք է մեռնեն:

Հիվանդանոցի տնօրենն ու մարզպետը միասին համաձայնության են եկել, կրճատել են աշխատողներին էլ, աշխատավարձերն էլ, ասում են չենք կարողանում վճարենք, եթե աշխատող պահենք, լավ մասնագետները գնացին Հոկտեմբերյան։ 

Մեր հիվանդանոցը մտե՞լ եք, եթե գնաք մտնեք կտեսնեք, պայմաններ չկա, որ վստահենք՝ հիվանդ տանենք կբուժեն։

Քաղաքի պոլիկլինիկան փակեցին, տարան հիցվանդանոցի տակը 1-ին հարկում պոլիկլինիկա սարքեցին, 1 կմ հեռու։ Եթե քաղաքում թողնեին գործեր, բնակիչներիս համար ահագին, գոնե լավ պայմաններ կստեղծվեր, թոշակառուները, կարգով հիվանդները, հաշմանդամները այստեղ մոտիկ էր կգնային բժշկի, հիմա փող էլ չունեն, որ տաքսիներով գնան գան։

Որ մտնեք կբարձրանաք 3-րդ հարկ կտեսնեք, որ հիվանդանոցի վիճակը լավ չի, քանդված է։ Բուժաշխատողները գնացել են չկան, պատկերացնո՞ւմ եք երեկոյան ժամերին, հերթապահություն է, մեկ պատասխանատու բժիշկ է մնում եւ այդ պատասխանատուն բուժքույրը, ոչ վիրաբույժ է, ոչ էլ  նեւրոպատոլոգ, ոչ էլ  բան է հասկանում վիրաբուժությունից։

Հիվանդին բերում են, մինչեւ վիրաբույժին գտնում են բերում, այսինքն տանից են կանչում, երբ գալիս է բժիշկը հիվանդի վիճակը պատկերացրեք ինչ է լինում։

Շաբաթ-կիրակի օրերին էլ է այդ նույն վիճակը, իսկ աշխատանքային օրերին ոչինչ լավ է։ Հիվանդանոցի բակը մթության մեջ կորած, քարուքանդ։ Չգիտենք ո՞ւր գնանք բողոքենք, ո՞ւմ բողզոքենք, ի՞նչ անենք։ Մեզ ասում են հազիվ պահում ենք հիվանդանոցը։

Գլխավոր բժիշկը ասում է բաժանմունքները հազիվ եմ պահում, խոսում են, որ շատ պարտքեր ունի կուտակած հիվանդանոցը, լույսի պարտքն է, ջրի պարտքն է, դեղորայքային պարտքեր են ինչ են չգիտենք։

Սպասարկումը շատ վատ է, մեր հիվանդանոցի սանհանգույցներ մտնեք-տեսնեք, դուռը բացեք հետ կտաք, բաղնիք չկա, որ ծանր հիվանդին տանեն հիվանդանոց բաղնիքում այդ հիվանդին լողացնեն, տուալետների վիճակը շատ վատ է, նույնիսկ բուժաշխատողները չեն օգտվում էդ հաստատության տուալետներից։ Ով հասնի, իրանցից դուրս դեղեր են գրում տալիս, չգիտես ու՞մ հավատաս, ու՞մ լսես։ Միայն կրճատեք, կրճատեք, օպտիմալացրեք»,-գրում են մեր նամակագիրները:


Բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Վանյանը չցանկացավ պարզաբանում տալ քաղաքացիների դժգոհություններին, ասելով, որ միայն մարզպետի տեղեկալի թույլտվության դեպքում կպատասխանի հարցերին եւ կներկայացնի բուժհաստատության խնդիրները։