Արմեն Սարգսյանը երդմամբ կստանձնի ՀՀ նախագահի պաշտոնը, Հայաստանը կանցնի կառավարման նոր համակարգի

09/04/2018 05:12
Արմեն Սարգսյանը երդմամբ կստանձնի ՀՀ նախագահի պաշտոնը, Հայաստանը կանցնի կառավարման նոր համակարգի

Հայաստանի Հանրապետությունն ապրիլի 9-ից անցում է կատարում լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի: Լրանում է Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը: Նույն օրը կառավարման նոր համակարգում նախագահի լիազորությունները կստանձնի Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը:

Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը կստանձնի Ազգային ժողովի հատուկ նիստում կայանալիք երդման հանդիսավոր արարողությամբ, որը տեղի կունենա ժամը 12:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»,-կերդվի նորընտիր նախագահը:

Երդման արարողությունից հետո Արմեն Սարգսյանը պաշտոնապես կստանձնի ՀՀ նախագահի պոշտոնը, ինչին կհետևի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության հրաժարականը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը:

Ապրիլի 9-16-ը ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրման ժամկետն է, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանը բաց անվանական քվեարկությամբ կընտրի ՀՀ վարչապետին:

Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին և նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը դիմումը քննում և որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով:

Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: