Աղոթքով՝ ձմռանն ընդառաջ

23/03/2018 04:13

Հայկական Ժամ-ը մի խումբ ծնողների խնդրանքով, վերջերս՝ «Գյուղական վայրերում դեռ քյոխվությունն է տիրում» վերտառությամբ հոդվածում  անդրադարձել էր Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքում տիրող խնդիրներին։ Հոդվածին արձագանքելով բնակիչներն արադարցի բողոքում են, թե որքա՞ն ժամանակ պետք է իրենց երեխաները հաճախեն դեռեւս 1969 թվականին շահագործման հանձնված դպրոցում, որտեղ չեն գործում սանհանգույցները, կամ ինչու՞ է 21-րդ դարում դպրոցը ջեռուցվում  դիզվառելիքով։

-Մեր երեխաների բախտը բերեց այս տարի, որ տաք ձմեռ էր, անցյալ տարի գլխարկներով ու ձեռնոցներով էին դաս անում։ Հաջորդ տարվա համար էլ, արդեն աղոթում ենք,- տեղեկացնում են մեր զրուցակիցները։


Դպրոցի տնօրեն Հերիքնազ Հարությունյանը մոտ մեկ տարի է ինչ տնօրենի պաշտոնն է ստանձնել, ներկայացնելով դժվարությունները եւ ձեռքբերումները, Հ Հարությունը տեղեկացրեց, որ «Դպրոցի կարգավիճակի մասին տեղյակ են, եկել են ուսումնասիրել, եւ դպրոցը հրատապ ծրագրով պետք է վերանորոգվի, սպասում են։ Մեկ տարում տնօրինությունը հասցրել է նախակրթարանի, Տաք սննդի, առաջին հարկի պատուհանների խնդիրները լուծել։ Եւ քանի որ դպրոցի մի մասնաշենքը չի գործում, այստեղ մի քանի դասասենյակներ են ավելացրել, որպեսզի մոտ 205 աշակերտ ունեցող դպրոցի համար ապահով դասապրոցեսներ անցկացվի»:

Ինչ վերաբերվում է դպրոցում «Տաք սնունդ» ծրագրին, ծնողները ոգեւորությամբ նշեցին, որ այն բավականին դրական արձագանք է ունեցել համայնքում: