Պոլիտեխնիկում բացվեց «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ»

12/02/2018 18:26
Պոլիտեխնիկում բացվեց «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ»

Ս.թ. փետրվարի 12-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 17-րդ մասնաշենքի 2-րդ հարկում տեղի ունեցավ «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակի» բացումը։

Կենտրոնի բացմանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Կրթական ծրագրերի կենտրոնի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը, պրոռեկտորներ, գիտության և գիտատեխնիկական համագործակցության գծով պրոռեկտոր, «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ» նախագծի ղեկավար Արեգ Գրիգորյանը, համակարգող Արմինե Ավետիսյանը, «Ինովացիոն ծառայության» բաժնի պետի պաշտոնակատար Տաթևիկ Հովհաննիսյանը, պրոֆեսորադասախոսական և ուսանողական համակազմի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ներկայացուցիչներ։

ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը ողջունեց հյուրերին՝ իր խոսքում մասնավորոպես նշելով. «Ուրախ եմ, որ իր տրամաբանական ավարտին է հասել «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ» ծրագիրը, որը մենք իրականացրել ենք Ծրագրերի իրականացման գրասենյակի հետ համագործակցության հուշագրի շրջանակներում: Ծրագիրը հեռահար նպատակներ ունի: Ծրագրի իրականացման շրջանակներում Պոլիտեխնիկը ձեռք է բերում ինժեներական տեսանկյունից կարևոր գործիքամիջոցների մի ամբողջ համալիր: Ըստ էության մեզ համար թիրախային խնդիրներից մեկը՝ Պոլիտեխնոպարկի հիմնադրման խնդիրը, լուծվում է համահավաք ձևով: Տեխնոլոգիական ինովացիոն հարթակը Պոլիտեխնիկի համար ունենալու է մեկ այլ նշանակալի ազդեցություն ևս՝ լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ բերելը»:

Հյուրերին ողջունեց նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ով կարևորեց կենտրոնի բացումն ու գործունեության ծավալումը Պոլիտեխնիկում՝ ընդգծելով, որ ծրագիրն իրականացվել է ԿԳ նախարարության Կրթական ծրագրերի կենտրոնի կողմից՝ Համաշխարհային բանկի հետ համատեղ: «Սա Պոլիտեխնիկի հերթական ծրագիրն է, որի շրջանակում բուհը ձեռք է բերել ինժեներական առաջատար գործիքակազմի մի ողջ համալիր՝ այսպիսով աստիճանաբար վերածվելով Հայաստանի համար շատ կարևոր կրթական և գիտական մտքի կարևորագույն կենտրոնի և շարունակելով պահել ինովացիոն առաջամարտիկի իր դերը: Ըստ էության՝ ինժեներատեխնիկական կրթության ուղղությամբ կարևոր քայլ է կատարվում երկու հարթության մեջ: Առաջինը տեխնիկայի, լաբորատորիաների ձեռքբերումն է տարբեր դրամաշնորհային ծրագրերի շրջանակում՝ այսպիսով ստեղծելով առաջավոր տեխնոլոգիական լաբորատորիաների համակարգ և երկրորդ՝ փորձ է արվում համադրվող հարթակ ստեղծել, որպեսզի տարբեր ուղղություններով առկա ռեսուրսները հնարավորինս ճիշտ ուղղորդվեն դեպի կիրառական գիտություն: Արդյունքում՝ ուսանողները միանգամից ձեռք կբերեն իրենց աշխատանքի հիմնական հմտությունները: Եթե մենք հաջորդ քայլը կատարենք և կարողանանք գիտական կենտրոններ և համալսարաններ կապել մեկ ցանցի մեջ, ապա աստիճանաբար կուտակված այս ողջ ռեսուրսը կկարողանա ծառայել ողջ հանրապետությանը՝ այսպիսով Հայաստանը դիտարկելով իբրև մեկ հարթակ: Արդյունքում՝ ուսանողները կստանան շարժունակություն և կկարողանան պտտվել այս գիտակրթական դաշտում»,-ընդգծել է նախարարը:

Ներկաներին կենտրոնի մասին ներկայացրեց «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ» նախագծի ղեկավար, պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը, նշելով կենտրոնի ուղվածությունը, գործառույթները և սպասվող ակնկալիքները:

Բացման արարողությունից հետո հյուրերը շրջեցին կենտրոնում, ծանոթացան կենտրոնի գործունեությանը, ծրագրերին և նորագույն սարքավորումներին:

«Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ» ծրագիրը մեկնարկել է 2015թ. դեկտեմբերի 24-ից ՀՀ ԿԳՆ Կրթական ծրագրերի կենտրոնի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ 274 մլն դրամ ընդհանուր ֆինանսավորմամբ:

«Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ» (ՏԻՀ) դրամաշնորհային ծրագիրը, միտված է Հայաստանի ու Պոլիտեխնիկի գիտական ու նորարարական աշխատանքների խթանմանը, դրանց արդյունքների ներդրմանն ու ապրանքայնացմանը:

Ծրագրի հիմնական նպատակը համալսարանի գիտակրթական, տեխնո­լոգիա­կան և ինովացիոն գործունեության զարգացումն ու խթանումն է մի շարք խնդիրների լուծման ճանապարհով, ինչպիսիք են ՀԱՊՀ գիտակրթական, ինովացիոն գործունեության երկարաժամկետ պլա­նի ձևավորումը, գիտատեխնոլոգիական զարգացմանը միտված ժամանակակից կրթա­գի­տական միջավայրի ստեղծումը, Հայաստանի և ՀԱՊՀ-ի գիտատեխնոլոգիական ոլորտի խնդիր­ների բացահայտմանն ու լուծմանը, փոխշահավետ համագործակցության նպա­տա­կով գործարար ոլորտի գործընկերների ներգրավմանը:

Տեխնոլոգիական ինովացիոն հարթակն ունի հետևյալ հիմնական կառուցվածքային օղակները.

Պոլիտեխնոպարկ – միավորում է համալսարանի գիտատեխնոլո­գիա­կան ստորաբա­ժա­նումները՝ բազային գիտահետազոտական լաբորատո­րիա­ները, Միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնա­կան կենտրոնը, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատո­րիաները, Տեղեկատվա­կան տեխնոլոգիաների ուսումնահետազոտական և նորա­րա­րական կենտրոնը և այլ գիտակրթական-տեխնոլոգիական ենթակառուցվածքները: Պոլի­տեխ­նո­պար­կի հետազոտական և ինովա­ցիոն գործունեության վրա հիմնված կլինի ՏԻՀ-ը:

Ինովացիոն պորտալ – հետազոտական ու ինովացիոն գործունեությա­նը, արդյունքների ապրանքայնացմանը, ներդրմանը և տեխնոլոգիաների փոխանց­մանը նպաստող՝ տեղե­կա­տվա­կան և վերլուծական էլեկտրո­նա­յին միջավայր-շտեմարան:

Փորձագիտական կենտրոն – առաջնահերթ տեխնոլոգիական ոլորտ­նե­րում ինչպես հա­մալսարանի, այնպես էլ Հայաստանի գիտակրթական և գործարար ոլորտի կազմա­կեր­պությունների գիտահետազոտական խմբե­րին փորձարա­րական-փորձագիտական-չափա­գիտական և տեխնո­լո­գիական ծառայություններ մատուցող՝ արդիական գիտա­տեխ­նո­լոգիա­կան սարքա­վո­րումներով համալրված կառույց:

Ինովացիոն ծառայություն – ՏԻՀ-ի գործունեությունը՝ Պոլիտեխ­նո­պարկի ինովացիոն ու հետազոտական աշխատանքների արդյունքների ապրանքայ­նա­ցումը և ներդրումը, տեխնոլոգիաների փոխանցումը, ար­տո­նագրման աշխա­տանք­ները կազմակերպող և համա­կարգող, ինովա­ցիոն պորտալը և փորձա­գիտական կենտրոնը շահագործող, տեխնո­լո­գիական ինկուբատորի գործա­ռույթներ իրականացնող, մարքետինգային ուսումնա­սիրու­թյուններ կատարող վերլուծական-խորհրդատվական ենթակառուցվածք:

Ինովացիոն խորհուրդ – Հայաստանի ու համալսարանի գիտա­կրթա­կան ու գործարար ոլորտների առաջադեմ, ստեղծարար, փորձառու մասնագետներից կազմված հանձնախումբ՝ ՏԻՀ-ի գործունեությունը համակարգելու, մարտավա­րական ու ռազմավարական առաջնահերթու­թյունները սահմանելու նպատակով:

Ծրագրի կատարման ժամանակահատվածում ընդհանուր առմամբ կազմա­կերպվել ու հայտարարվել են 32 մրցույթներ, այդ թվում՝ անհատ խորհրդա­տուների, խորհրդատվական կազմակերպության, գնանշման և միջազգային մրցակցային գնման։ Կնքվել են 24 պայմանագրեր 16 խորհրդատուների, խորհրդատվական մեկ կազմակերպության և 6 կազմակերպությունների հետ։

Ծրագրի շրջանակում նաև գնվել է հայտնի «PANalytical B.V.» հոլանդական ընկերության ռենտգենյան դիֆրակտոմետրը։ Այս սարքը օգոստոսի 17-ին տեղադրվել է համալսարանի 1-ին մասնաշենքում։ Այն բավականին թանկարժեք է՝ 214625 եվրո։ ՀՀ կառավարությանն առընթեր Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը, նկատի ունենալով սարքի եզակի բնույթը և կրթագիտական կարևոր նշանակությունը, այն ազատել է հարկերից ու տուրքերից։ Սարքը հնարավորություն կտա մեծ ճշտությամբ և նյութերի լայն տիրույթում հետազոտել ինչպես Պոլիտեխնիկում մշակված, այնպես էլ Հայաստանի այլ կազմակերպություններում մշակվող ու կիրառվող տարաբնույթ նյութերի կառուցվածքները։ Ընդ որում, հնարավորություն կլինի հետազոտել նաև նանոչափային թաղանթները։ Այսօր արդեն ռենտգենյան դիֆրակտոմետրը կարող է լիարժեք շահագործվել՝ նպաստելով թե՛ համալսարանի ուսումնահետազոտական և նորարարական աշխատանքներին, թե՛ Հայաստանի գիտական ու արտադրական կազմակերպություններում կատարվող հետազոտություններին ու ճարտարագիտական մշակումներին։