• Categories

  • Քաղաքական հետապնդում մանկապարտեզի տնօրենի նկատմամբ. Նիկո՞լն է լարված պահում մթնոլորտը

    Հարցազրույց «Նոր Կյանքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ազատված տնօրեն Քնարիկ Ամիրյանի հետ:

     

    – Գյուղում նշում են, որ ձեր և նախկին գյուղապետ Մայիս Աբրահամյանի նկատմամբ հալածանքներն ու դատական գործընթացները պայմանավորված են ձեր քաղաքական գործունեությամբ, այսինքն` այս իրավիճակում եք հայտնվել, քանի որ ներկայացնում եք Հանրապետական կուսակցությունը, իսկ ներկայիս գյուղապետ Գարիկ Սարգսյանը` ԵԼՔ:  Ձեր մեկնաբանությունը վերոնշյալին։

     

    – Արդեն մեկ տարի է, ինչ իմ և նախկին գյուղապետի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում և հալածանք, փորձ է արվում հաշվեհարդար տեսնել մեզ հետ, անընդհատ մեղադրանքներ են հնչում և հոգեբանական ճնշում գործադրվում: Ստացվում է, որ մենք միշտ անիմաստ քաշքշուկների մեջ պիտի լինենք, ոստիկանության ու դատարանի դռներն ընկնենք, որպեսզի ինչ-որ բան ապացուցենք։ Քաղաքական, այժմ էլ արդեն անձնական վրեժխնդրության զոհ ենք դարձել: Խախտվել են մեր իրավունքներն ու շահերը, ոտնահարվել արժանապատվությունը, խաթարվել է մեր անդորրը, ինչի կապակցությամբ էլ ցանկանում ենք դիմել մարդու իրավունքների և շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներին։ Ես պարզապես պայքարել եմ իմ աշխատանքային իրավունքների համար, որը դեռևս շարունակվում է։

     

    – Գյուղապետ Գ. Սարգսյանը ձեզ աշխատանքից ազատեց ԱԺ ընտրություններից առաջ, իսկ մինչ այդ հայտարարել էր, թե մանկապարտեզում թերացումներ ու չարաշահումներ են եղել: Ի՞նչ չարաշահումների մասին է խոսքը։

     

    – Մեկ անգամ ևս նշեմ, որ մի քանի օր եմ աշխատել գյուղապետի հետ, նա չի տեսել իմ աշխատանքը: Չի եղել ոչ ծանուցում, ոչ էլ կոնկրետ աշխատանքի թերացման կամ չարաշահման փաստ է մատնանշվել, միայն ասել է, որ չի ցանկանում ինձ հետ աշխատել: Կարծում եմ, որ նրա նպատակն ինձ անհանգստություն ու լարվածություն պատճառելն էր, որպեսզի ես աշխատանքից ազատվելու դիմում գրեի: Երբ Քաղաքացիական դատարանն արդարացման վճիռ հրապարակեց, կարծում էի, որ աշխատանքի կգնամ, սակայն Գ. Սարգսյանը վերջին օրով Վերաքննիչ դատարան բողոք ներկայացրեց, ըստ իս՝ ժամանակ ձգելու նպատակով: Այժմ էլ իմ և Մ. Աբրահամյանի աշխատանքային գործունեության որոշ դրվագներ է կասկածի տակ առնում, կառչում մի քանի ստորագրություններից, դրանք իրավապահ մարմիններին տրամադրում, այսինքն՝ ամեն կերպ փորձ է արվում խոչընդոտել աշխատանքիս վերադարձը։ Ես նույնիսկ փաստաբան չունեմ, իսկ Գարիկ Սարգսյանին, որքանով տեղյակ եմ, կուսացությունն անվճար փաստաբաններ է տրամադրել:

     

    – Չե՞ք կարծում, որ իրենց ընդդիմադիր համարող ԵԼՔ-ականները, թեև քննադատում են Հանրապետականներին, բայց նույն կերպ են գործում։

     

    – ԵԼՔ-ականները շատ են սիրում օրենքից ու արդարությունից խոսել, բայց գյուղապետի քայլերը չեն քննադատում, հավանաբար իրենց կուսակիցն է, դրա համար: Ցանկանալով, թե՝ ոչ, Նիկոլ Փաշինյանն իմ ընտանիքին մեծ վնաս է հասցրել, բնականոն կյանքով չենք ապրում։ Մարդիկ եղան, որ առանց մեր գյուղին ծանոթ լինելու հայտարարեցին, թե մանկապարտեզն անմխիթար վիճակում է եղել։ Կարելի է ասել, որ զրոյական վիճակից ենք մանկապարտեզը կառուցել, միայն պատեր են եղել, շատերը կփաստեն։ Անհրաժեշտ ամեն բան ստեղծել ենք, միայն խոհանոցի նոր գույք պիտի գնեինք, ինչը նախատեսված էր առաջիկայում։ Ինչ վերաբերվում է բյուջեի ծախսերին, աշխատել եմ խնայողաբար տնօրինել։ Ցավալին այն է, որ ոչ միայն չի գնահատվում տարիների մեր գործունեությունը, այլև այնպես է ներկայացվում, որ թերացել ենք։ Ճիշտ չէ «դատել». լավ կամ վատ աշխատելը քո կարողությունների ու հնարավորությունների սահմաններում է, եթե կարող ես, դու ավելին արա…

    Իմ աշխատանքն ապրելակերպ է եղել ինձ համար, սիրով ու նվիրվածությամբ եմ կատարել, թե չէ միայն աթոռ ունենալուն ձգտելն ինձ համար նպատակ չէ:

     

    – Գ. Սարգսյանը հայտարարել էր, որ մանկապարտեզի ոչ մի աշխատակից չի ազատվի աշխատանքից, սակայն 7 հոգի դուրս մնացին: Նրանք ինչո՞ւ չբողոքեցին:

     

    – Երեք աշխատակից իրենց դիմումների համաձայն են աշխատանքից դուրս եկել, իսկ երեքն ազատվել են անտրամաբանական պատճառաբանությամբ, օրինակ` երաժշտության դաստիարակը մեր տուն էր եկել, տնտեսվարին էլ անձնական վիրավորանք է հասցրել, իսկ ֆիզ. արձակուրդից եկած դաստիարակին ասել են, թե դիմումը ուշ է ներկայացրել, թեև մանկապարտեզն այդ պահին չէր գործում։ Եթե ես բողոքեի, որ գյուղապետն իրավունք չունի աշխատողներին ազատելու, ինչը պաշտոնական դիրքի չարաշահում է, դա մանկապարտեզի տնօրենի գործառույթն է, կհայտարարեին, թե ինձ ազատել է, դրա համար եմ խառնվում։ Ես շատ կցանկանայի, որ նրանք համախմբվեին և մեկ միասնական թիմով պայքարեին ազատված աշխատակիցների համար, ցավոք այդպես չեղավ, չցանկացան կամ վախեցան:

     

    – Չե՞ք կարծում, որ ձեր տեղը զբաղեցրած ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Ղազարյանն արդար չի գտնվել ձեր նկատմամբ:

     

    – Եթե նա գտնում է, որ իր քայլերը նորմալ են, ապա ես չեմ մեկնաբանի, ինձ համար ավելի կարևոր է այն, թե ովքեր են եղել իմ կողքին:

     

    – Ավագանու անդամներն ինչո՞ւ այս հարցը չեն բարձրացնում, չէ՞ որ նրանք մեծ լիազորություններ ունեն։

     

    – Գուցե նրանք գերադասում են, այսպես ասած, վատամարդ չլինել, բայց ես տեղյակ եմ, որ փորձել են խոսել գյուղապետի հետ, հորդորել, որ թշնամություն չհրահրի, չքաղաքականացնի, սակայն ապարդյուն: Ավագանու անդամներից մեկն էլ նշում է, թե Նիկոլ Փաշինյանն է կանգնած այս ամենի հետևում, նա է ուղղորդում գյուղապետին։

     

    – Իսկ համագյուղացիներն ինչպե՞ս են արձագանքում այս ամենին:

     

    – Նոյեմբերի 6-ին կայացած դատական նիստին ես շատ հուզվեցի, երբ տեսա, թե որքան մարդ էր եկել ինձ ու նախկին գյուղապետին սատարելու: Իսկապես չէի սպասում, որ նման աջակցության կարժանանամ թե´ գյուղում, թե´ մարզում:

    Ցավոք, շատերն արդարության նկատմամբ այլ պատկերացումներ ունեն. իբր նորմալ է, որ եկողն իր թիմին է բերում։ Երբեմն էլ մեզ առանց ճանաչելու և մեր գործունեության մասին պատկերացում ունենալու կարծիքներ են հայտնում, գնահատականներ տալիս, ինչի պատճառով էլ խեղաթյուրվում է իրականությունը։

    Ինձ հարազատ մարդիկ մտավախություն են հայտնում, թե անընդհատ լսում են, որ ես հետ չեմ գնալու, իմ գլխին կսարքեն, բայց ես նրանց հանգստացնում եմ՝ ասելով, որ այնպիսի բան չեմ արել, որպեսզի վախենամ…

    Ես չարացած չեմ Գարիկ Սարգսյանի դեմ, վաղ թե ուշ կհասկանա, որ քաղաքական դաշտում աջակիցներ ու համախոհներ գուցե չունենաս, երբ զրկվես պաշտոնից, ուստի պետք է գնահատել և արժևորել ընտրողների տված քվեն, թե չէ հուսախաբությունն անխուսափելի է։ Պիտի ընտրողները տեսնեն, որ իրենց սպասելիքներն արդարանում են, հակառակ դեպքում՝ կրկին չեն վստահի։ Երիտասարդները ոչ թե պետք է նսեմացնեն ու փնովեն նախորդների արածը, այլ փորձեն ավելի լավը լինել։

     

     

    Անի Մադոյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « January 2018 »
    Mo Tu We Th Fr Sa Su
    1 2 3 4 5 6 7
    8 9 10 11 12 13 14
    15 16 17 18 19 20 21
    22 23 24 25 26 27 28
    29 30 31