• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Վարդան Սրմաքեշը դիմել է մեր կայքին` «Իմ նպատակն է աշխատատեղեր ստեղծել հայրենիքում, ոչ թե դպրոցներ փակել…»

    Արթիկ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցի փակման չարչրկված թեման` թե փորձում են կրթօջախը փակել կարի արտադրություն բացելու համար, որի հեղինակն է շվեցարահայ բիզնեսմեն Վարդան Սրմաքեշը բավականին մեծ արձագանք գտավ տարածաշրջանում։ Աղմուկը աշխատատեղեր բացելու համար դպրոցի հաշվին, անհանգստացրել էր նաեւ Վարդան Սրմաքեշին, ով արձագանքելով լրատվամիջոցներում հոդվածներին, դիմել է մեր կայքին`  տեղեկացնելով, որ իր ցանկությունը հայրենիքում բիզնես գործունեություն ծավալելն է ու աշխատատեղեր բացելը եւ ինքը, բնավ, չի ցանկանում դպրոց փակել: Իսկ ընկերության մասնաճյուղերի համար տարածքներ գտնելու հարցում ապավինում է տվյալ տարածքի ղեկավարներին:

    Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանն էլ ասաց, որ դիտավորություն չկա դպրոցը փակելու, արտադրությունը կգործի դպրոցի մի մասնաշենքում։ Այն հարցին, թե ինչո՞ւ է ընտրվել հենց թիվ 4 դպրոցը, քաղաքապետը հիմնավորեց, որ դպրոցի այդ տարածքը չի գործարկվում քանի որ ունի վերանորոգման ջեռուցման եւ այլ խնդիրներ, իսկ ընկերության հետ պայմանավորվածություն կա, որ տարածքը տրամադրելուց հետո ընկերությունը այն վերանորոգելու է:

    Ողջունելով SASSTEX ընկերության նախաձեռնությունը, Մխիթար Վարագյանը թվարկում է մարզի տարածքում գործող ընկերության մասնաճյուղերն ու ասում, որ դրանց գործարկվելը հանապազօրյա խնդիր է լուծում մարդկանց համար:

    -Ցանկացած համայնքի ղեկավար պետք է ուրախ լինի ու շահագռգիռ կողմ, որ իր համայնքում արտադրություն եւ աշխատատեղ բացվի, հակառակ դեպքում սրվում է ազգաբնակչության սոցիալ-տնտեսական վիճակը, ինչն էլ բերում է զանգվածային արտագաղթի,- ասում է Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը:
    Իսկ թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Արուսյակ Ստեփանյանը հակադարձում է` ասելով, որ դպրոցում սովորում են 140 աշակերտներ, սակայն, չգիտես ինչու, ներկայացրել են, թե իբրեւ 90 երեխա է հաճախում դպրոց։
    -Ես չեմ հասկանում, թե ինչի՞ համար են սխալ թվեր տրամադրել: Քաղաքում կան էլի մի քանի թերբեռնված դպրոցներ` 8-ը, 7-ը։ Երբ քաղաքապետը եկել էր դպրոց, ասացի պարոն Վարագյան ինչի՞ եք ասում, թե դպրոցում 90 աշակերտ է հաճախում, ուսերը թոթվելով ասաց` մեզ այդպես են ասել։ Աշխատատեղ բացելը վատ բան չի, բայց ոչ դպրոցի հաշվին։ Տեղեկացրել եմ մարզային կառուցի պատասխանատուներին, այնտեղից պատասխանել են, որ կառավարության կողմից նման որոշում չկա,-ներկայացնում է տնօրենը։


    Ինչ մնում է դպրոցի անհարմարություններին, ապա, ըստ Արուսյակ Ստեփանյանի, տնօրինությունը մշտապես պաշտոնական գրություններով տեղեկացրել է համապատասխան գերատեսչություններին, սակայն մինչեւ օրս դպրոցի որոշակի հատվածները, սանհանգույցները, հատակը մնում են անբարեկարգ։ Անձրեւաջրերից հնարավոր չի խուսափել, դպրոցի մուտքը ողողվում է անձրեւային եղանակներին, տանիքի որոշ հատվածներ եւս նորոգման կարիք ունեն։ Տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ մամուլի հրապարակումներից հետո, դեռ դպրոց չեն եկել չափ ու ձեւ անելու։

    Ստացվում է, որ դպրոցի տնօրենն ամեն կերպ ցանկանում է պահել դպրոցի շենքի ամբողջականությունը` թեկուզ անբարեկարգ վիճակում, իսկ քաղաքապետն իրականացնում է իր նախընտրական ծրագրերից մեկը` աշխատատեղեր ստեղծել Արթիկում: Թե այս «հակամարտությունում» ումը կլինի հաղթանակը`  ցույց կտա ժամանակը, մնում է հուսալ, որ արդյունքում սփյուռքահայ գործարարը չի հիասթափվի ու որոշի ետ կանգնել իր ծրագրերից, ինչի արդյունքում կտուժեն աշխատանքի սպասող արթիկցիները:

    Հերմինե Մանուկյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Մայիս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
    1 2 3 4 5 6 7
    8 9 10 11 12 13 14
    15 16 17 18 19 20 21
    22 23 24 25 26 27 28
    29 30 31