• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Սա տեղի ունեցավ պետական կառույցների հանցավոր անգործության ու մեր անտարբերության պատճառով

    Այսօր առավոտյան ժամը 5-ին հինգ հոգով գնացինք Խոսրովի արգելոց, որպեսզի մասնակցենք հրդեհի հանգցման աշխատանքներին: Երկու օր տևող հրդեհին այլևս անհնար էր տանը նստած հետևելը ու որոշեցինք, որ պիտի օգնենք: Պատկերացում չունեինք, թե ինչ իրավիճակ է այնտեղ, որովհետև պետական կառույցներից ոչ մի նորմալ ու ճիշտ ինֆորմացիա չի հրապարակվում: Իրենց բազայում արդեն պարզ դարձավ, որ անկազմակերպ վիճակ է: Մենք գնացել էինք առավոտ շուտ, որովհետև ասել էին, որ ամենահարմարը կրակը հանգցնելու համար լուսաբացին է, բայց մինչև հրամանատարները վերջապես մարդկանց ուղարկեցին հրդեհի կետերը, արդեն երևի ժամը իննի կողմերն էր: Ասեցին, որ վիճակը շատ վատ է:

     
    Մենք արգելոցի աշխատողների ուղեկցությամբ գնացինք մեքենայով հրդեհի օջախներից մեկը: Բազայից դուրս գալուց որոշ ժամանակ հետո սկսվեցին այրված տարածքները, հսկայական մոխրացած սարեր, ծառեր: Երկար տևեց ճանապարհը այրված տարածքներով, կիլոմետրեր: Հասանք մի օջախի, մի քանի հոգով թաց շորերով, բահով հանգցրեցինք կրակն ու գնացինք մյուս տեղը, որն ավելի ռիսկային էր, քանի որ մոտենում էր անտառին, իսկ անտառում կրակի դեմն առնելը թաց շորերով կամ ձեռքի ջրցաններով շատ բարդ է: Հասանք այդ տարածք, որտեղ լիքը մարդիկ կային, հիմնականում ԱԻՆ-ից, զինվորներ էին բերել ինչ-որ զորամասից: Ինձ զարմացրեց, որ մարդկանց մեծ մասը ուղղակի կանգնած էին, ոչինչ չէին անում: Ամեն դեպքում մենք սկսեցինք հանգցնելով իջնել:

     

    Մի բավականին մեծ տարածքում հաջողվեց հանգցնել կրակը ԱԻՆ-ի աշխատակիցներից մի քանիսի ու արգելոցի աշխատողների հետ միասին, բայց պետք էր շարունակել, քանի որ ներքևում շարունակվում էր ու մոտենում անտառին: Կամավորներով հանգցնելով հասանք ներքև, որտեղից հետո սկսվում էր անտառային տարածքը, էդ պահին ունեինք միայն թաց շորեր ու սպասում էինք, որ ջուր հասցնեն: Թաց կտորներով ինչքան կարողացանք հանգցրեցինք, համարյա չեզոքացրինք կրակը, հեռացրեցինք ծառերից, մնացել էին միայն մի քանի կետեր, որոնք միայն ջրի օգնությամբ էր կարելի հանգցնել, քանի որ շատ բարձր էր կրակը կտորների համար: Իսկ ջուրը չկար ու չկար:

     

    Ուժերս էլ սկսեցին սպառվել արդեն, ոտքերս չէին դիմանում թեքությանը ու ստիպված չոքած էի հանգցնում: Բայց եկավ մի պահ, որ էլ հնարավոր չէր ու կրակը հասավ ծառերին: Երբ ծառերը սկսեցինք արդեն վառվել, անզորությունից ու կատաղությունից չոքել էի գետնին ու չգիտեի ինչ անեի, հեկեկում էի ուղղակի, էնքան ցավոտ էր էդ ամենը: Մի պահ այնքան ընկճվեցի, որ չէի կարողանում վեր կենալ, շարունակել: Հետո հավաքեցի ինձ ու նորից անցանք գործի: Բայց առանց ջրի հնարավոր չէր դա պահելը ու հետ քաշվեցինք: Իսկ ջուր չկար, որովհետև աշխատող մարդկային ռեսուրսները շատ քիչ էին, որովհետև մեջքներին զինվորներն էին կրում ջուրը, որովհետև ԱԻՆ-ից քիչ մարդիկ էին սրտացավ ու աշխատող, որովհետև կազմակերպված չէր, համակարգող չկար, որովհետև ԱԻՆ-ի մարդիկ ծառերի տակ հանգստանում էին, որովհետև տեխնիկա չկար նորմալ, որովհետև պետական մարմինները չէին ուզում ջրցան ինքնաթիռ բերել, որն այս դեպքում միակ լուծումն էր, որովհետև մարդկանց մոբիլիզացիա չէին արել, որովհետև…..

     

    Էնքան շատ որովհետևներ կան, որ ուղղակի փորձում էինք չմտածել դրա մասին,, այլ ուղղակի անել այն, ինչ կարող ենք, մի փոքր կաթիլով օգնել արգելոցին: Հանգցնում էինք կրակը, մի քանի րոպեից այն նորից էր բռնկվում: Միջատները փախչում էին էդ տեղերից, մի փոքրիկ միջատ եկել էր ու թաքնվել թաց սրբիչիս ու ձեռքիս արանքում, երևի նրան դա ամենաապահով վայրն էր թվում: Օդում ճուռակներն էին ու նրանց ձայնն էր ականջներումս: Այրվող ծառերի տարօրինակ ձայնը, ոչ ճարճատյունը, այլ կարծես ճիչ, հառաչանք լիներ: Պուճուրիկ սկյուռանման մկնիկի տագնապահար վազքն այս ու այն կողմ, չգիտեր ուր փախչի: Այնպիսի տպավորություն էր, կարծես գդալով օվկիանոս ես դատարկում: Գիտես, որ դա լուծում չի, բայց չես կարող չանել, անում ես, եթե անգամ ընդամենը մի քանի րոպեով ես կանգնացնում կրակը:

     

    Ժամանակ ես ձգում, սպասելով ինչ-որ հրաշքի, որ վերջ կտա այս դժոխքին: Աշխատում ես չմտածել, այլ ուղղակի գործել, չես նայում հոգնածությանդ, ծնկներիդ ցավին, խեղդող ծխին, դեմքդ այրող կրակին, այնքան ես խփում, մինչև վերջին բողը հանգցնես ու անցնես մյուսին: Ու սա դեռ շատ փոքր մասն էր նրա, ինչ կատարվում է արգելոցում, մոտ 10 000 հեկտար արդեն կրակի բաժին է դարձել, դա արգելոցի գրեթե կեսն է:

     

    100-200-ամյա գիհիներն անդառնալի կորում են, մի պահ երևում է կրակը նրանց շուրջն ու արդեն հաջորդ վայրկյանին ամբողջական ծառը բոցավառվում է: Արգելոցի աշխատակիցները, որոնք արդեն երեք օր էին այս ամենի մեջ, անգամ քնելու ժամանակ չունեին, շատ էին օգնում գրագետ խորհուրդներով, թե ոնց ճիշտ անենք: Իսկ ԱԻՆ նախարարը հարցազրույցներ է տալիս, մարդկանց աչքերին թոզ է փչում, ասում է կարիք չունենք օգնության, ամեն ինչ վերահսկվում է: Սա տեղի ունեցավ պետական կառույցների հանցավոր անգործության ու մեր անտարբերության պատճառով:

     

    Գոնե սա դաս լինի մեզ, որ նորից չկրկնվի այս արհավիրքը, որ պատրաստ լինենք, որ սրտացավ լինենք, եթե մարդիկ շատ լինեին, ավելի հեշտ կլիներ պայքարել հրդեհի դեմ:
    Ասեցին, որ ինքնաթիռ է եկել, որ պիտի հանգցնի կրակը, անհամբեր սպասում եմ լավ լուրի, հուսով եմ շուտով կլինի, որովհետև ամեն րոպեն միլլիոնավոր կյանքեր է խլում:

     

    Անի Խաչատրյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Սեպտեմբեր 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30