• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Պաշտոնական դիրքի չարաշահում, բյուջեի յուրացումներ…

    Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի ղեկավար Արթուր Սուվարյանը Մարտունու տարածաշրջանի այն քիչ մարդկանցից մեկն է, ով խոպանից փող բերելու փոխարեն, երկիրն է խոպան սարքել ու երկրի փողերն է դուրս բերում ՌԴ:

    Պարզվում է, որ հիմնադրելով «Սուվար-Շին» ՍՊԸ-ն, գյուղապետ Արթուր Սուվարյանը, ՌԴ-ում ապրող իր համագյուղացի բարերար Հենդոյի կառուցած եկեղեցու տարածքում, այդ նույն ՍՊԸ-ով  7 խաչքարեր է տեղադրում:

    Առաջին հայացքից այս հայրենանվեր գործն  այդպես էլ կդրվատվեր, եթե աչքի չընկներ Վաղաշենի համայնքային բյուջեի ծախսերը:

    7 խաչքար տեղադրելու համար գյուղապետարանի բյուջեից 33 մլն դրամ է փոխանցվում «Սուվար-Շին» ՍՊԸ-ին:

    Հարցում անելով տարբեր շինարարական կազմակերպություններից ու քանդակագործներից, պարզեցինք, որ լուսանկարում պատկերված յուրաքանչյուր խաչքարը քանդակելու, տեղափոխելու ու տեղադրելու առավելագույն գումարը կազմում է 730 հազար դրամ: Ստացվում է, որ 7 խաչքարեր տեղադրելու համար անհրաժեշտ կլիներ ընդհամենը 5 մլն 110 հազար դրամ գումար:

    Հարց է առաջանում` որտե՞ղ է 27 մլն 890 հազար դրամը:

    Հավանաբար Սոչիում, որտեղ գյուղապետ Արթուր Սուվարյանը ջերմոցային տնտեսություն է ստեղծել: Կամ էլ` Վորոնեժում, որտեղ տարբեր մակնիշի բեռնատար մեքենաներ է գնել գյուղապետն ու վարձակալական հիմունքներով տվել տարբեր կազմակերպությունների ու անհատների:

     

    Ու ընդհանրապես, Արթուր Սուվարյանն այնքան խելացի է գտնվել, որ ունեցվածքը համագյուղացիների աչքից հեռու է պահում` օրինակ, Երեւան քաղաքի մերձակա Խարբերդ գյուղում 2 հարկանի հսկայական տունը գնելով` գյուղապետը չէր էլ պատկերացնում, որ օրերից մի օր վաղաշենցիները պարզելու են տան հասցեն էլ, ծախսված գումարների սկզբնաղբյուրն էլ:

     

    Պարզվում է, որ ՌԴ-ում ապրող շատ վաղաշենցիներ կան, ովքեր ցանկանում են ինչ-որ կերպ օգտակար լինել ծննդավայրին, նրանցից շատերն էլ գումարներ են փոխանցում, բայց…

    Մարդիկ պատմում են, որ իրենց համագյուղացի Վորոնեժում ապրող Հուսիկը մեծ գումար է փոխանցել Արթուր Սուվարյանին` գիշերային լուսավորությունը գյուղում ապահովվելու համար, բայց մինչեւ օրս էլ գյուղը թաղված է մթության մեջ:

     

    Բայց միայն ՌԴ հայրենակիցներին չէ, որ խաբել է գյուղապետը: ԱԺ նախորդ ընտրություններին պատգամավորության թեկնածու Հակոբ Հակոբյանը` Թունելի Հակոբը, Վաղաշենին գյուղտեխնիկա է տրամադրում, որ գյուղացիները միայն դիզվառելիք գնելով կարողանան վար ու ցանքը անվճար կազմակերպել, սակայն այդ տեխնիկան այսօր տնօրինում է գյուղապետի հայրը` Ագրիչա տարածքում վար ու ցանք կազմակերպելով:

     

    Վերադառնանք «Սուվար-Շին» ՍՊԸ-ին, որով Վաղաշենում իրականացվել է նաեւ ներքին ցանցի վերանորոգումը, այս դեպքում եւս արված գործի համեմատ անհավանական մեծ գումար ստանալով:

    Սակայն, ինչպես երեւում է, բյուջեի գումարների լվացման մեխանիզմը նոր չէ Վաղաշենում, օրինակ, գյուղի մանկապարտեզի շենքը եւս հիմնանորոգվել է Արթուր Սուվարյանին պատկանող շինարարական ՍՊԸ-ով, որը աշխատանքներն ավարտելուց հետո լուծարվել է: Ի դեպ, մանկապարտեզի կոսմետիկ վերանորոգման պատճառով, որը 130 մլն դրամ բյուջե ունեցող գյուղի համար մի չնչին ծախս է, գյուղի երեխաները զրկված են մանկապարտեզ հաճախելու եւ նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից: Սակայն գյուղում մարդիկ պատմում են, որ մանկապարտեզ չբացելն ունի իր ստվերային կողմը:

     

    Բանն այն է, որ մանկապարտեզի տնօրենը Վաղաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Արթուր Վարդանյանի քույրն է, իսկ գյուղապետ Արթուր Սուվարյանը դպրոցի տնօրենին չսիրելու շատ պատճառներ ունի, ու որպեսզի մանկապարտեզն էլ չանցնի Վարդանյան ընտանիքի տիրապետոթւյան տակ, մանկապարտեզը դեռ երկար կմնա փակված վիճակում: Ամեն Ընտրությունից առաջ մանկապարտեզի բացումը խոստանալով Արթուր Սուվարյանը տարիներ է գլորում, հավանաբար, ձգտելով հասնել մանկապարտեզի տնօրենի թոշակային տարիքին:

     

     

    Ինչ վերաբերում է ընտրություններին. ԱԺ համապետական ընտրությունները եւս առիթ էր, որ Արթուր Սուվարյանը ձեռքը մեկնի դեպի բյուջե: Ընտրություններից մեկ շաբաթ առաջ ավագանու նիստ է հրավիրվում, Օստներ կոչվող թաղամասի գազաֆիկացման համար 20 մլն գումար է դուրս գրվում բյուջեից, ապա գյուղապետը վաղաշենցիներին ասում է, որ թաղամասի գազաֆիկացումն անցկացնելու համար պատգամավորության թեկնածու Կարեն Բոթոյանը գումար է հատկացրել ու պետք է գյուղն իր ձայնը տա այդ թեկնածուի օգտին, եւ այստեղ էլ հնարամիտ գյուղապետը մի կլորիկ գումար է հաջողացնում գրպանել, բայց հստակ չէ, թեկնածուի՞ց, թե՞ այս անգամ էլ բյուջեից:

     

     

    Աննա Գրիգորյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « April 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
              1 2
    3 4 5 6 7 8 9
    10 11 12 13 14 15 16
    17 18 19 20 21 22 23
    24 25 26 27 28 29 30