• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Ու՞մ ստվերոտ ձեռքն է կոծկում խարդախությունը

    2001 թ-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ քննում է թիվ 1-132 քրեական գործը։

    Ամբաստանյալի աթոռին հայտնված Խոսրով Ավագյանը, տարիներ շարունակ  «սնխչու» կերպարով հանդես գալով, կարողացել էր մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերում ապրող միայնակ ու հիվանդ կանանց վստահությունն օգտագործելով յուրացնել նրանց բնակարանները։ Բուժելու ու ողջ կյանքի ընթացքում խնամելու պայմանով, Խ․ Ավագյանը որդու՝ Վահան Խոսրովի Ավագյանի անունով նվիրատվություններ է ձեւակերպել  տալիս իր զոհերին, այնուհետեւ՝ հետքերը վերացնելու նպատակով իր հարսների ու հեռավոր ազգականների վրա վաճառում այդ բնակարանները, իսկ իր հոգածության տակ հայտնված կանանց տարել է իր տուն, երբեմն նրանց տեղավորել վարձակալական հիմունքներով վերցված բնակարաններ ու կարճ ժամանակ անց չվճարելով վարձակալած բնակարնների գումարները, նրա հովանավորյալ զոհերը հայտնվել են փողոցում, իսկ որ ամենասարսափելին է՝ Խոսրով Ավագյանն իր խնամքի տակ մնացած կանանց ծեծել ու խոշտանգել է, ովքեր առողջության հետ անհամատեղելի վնասվածքներից կարճ ժամանակ անց մահացել են։

    8-ամյա կրթությամբ, հաշմանդամ ոճրագործ խաբեբային, ով դատապարտվում է 12 տարվա ազատազրկման եւ կալանավայրում էլ մահանում, միգուցե չանդրադառնայինք էլ, եթե չլիներ Խանջյան 31 շենքի 25 բնակարանը եւ այդ տան նախապատմությունը․․․

    Թիվ 1-132 քր գործի շրջանակներում, դատաքննության ժամանակ, Աբովյան քաղաքի բնակչուհի, վկա Զարուհի Լեւոնի Պողոսյանը նախաքննող մարմնին եւ դատարանում ցուցմունք է տալիս հետեւյալի մասին․

    «1997թ-ին բնակարան գնելու նպատակով գալով Երեւան գնացել է տան շուկա, որտեղ հանդիպել է Խոսրով Ավագյանին եւ վերջինիցս տեղեկացել է, որ նա վաճառում է Խանջյան փողոցի 31 շենքի թիվ 25 մեկ սենյականոց բնակարանը 7600 ԱՄՆ դոլարով։ Համաձայնելով գնել այդ բնակարանը ինքը Խոսրովի հետ գնացել է այդ բնակարանը տեսնելու, որտեղ տեսել է Տատյանա Բաղդասարյանին, իսկ Խոսրովն իրեն ասել է, որ իր որդուն այդ բնակարանը նվիրել է Տատյանան եւ վաճառելուց հետո կինը պետք է ապրի իրենց հետ, եւ իրենք խնամեն նրան»։ 

    Այն ժամանակ Սպանդարյանի շրջանի պետական նոտարը շրջանցելով օրենքը, Տատյանա Ալեքսանդրովնային պատկանող Խանջյան 31 շենքի 25 բնակարանը, ռուսերեն լեզվով տված համաձայնությունը հիմք ընդունելով ռուս կնոջ բնակարանը «նվիրում» է «սնխչի» Խոսրով Ավագյանի որդուն՝ Վահան Խոսրովի Ավագյանին։ Փոխարենը Ավագյան ընտանիքը պետք է խնամեր հոդացավեր ունեցող Տատյանային, պահեր իրենց տանը, սակայն Տատյանան կարճ ժամանակ անց հայտնվում է փողոցում, իսկ մի օր էլ մահանում դեղորայքային թունավորումից։

    Իսկ 1997թ-ին նոտարական կեղծ նվիրատվության պայմանագրով Վահան Խոսրովի Ավագյանի ու Զարուհի Պողոսյանի միջեւ կնքվում է առք ու վաճառքի պայմանագիր։ Հետագայում՝ դատարանում իր ցուցմունքներում վկա Զարուհի Լեւոնի Պողոսյանն ասում է՝

    «Բնակարանը հավանելուց հետո, նոտարում ձեւակերպվել է առք ու վաճառքի պայմանագիր, Խոսրովին վճարվել է 7600 ԱՄՆ դոլար, ապա դրանից հետո  որոշել ենք բնակարանը վարձով տալ եւ ստացված գումարը հավասարապես բաժանենք երկուսիս միջեւ․․․»։

    Այս փաստն իր ցուցմունքների մեջ հաստատել է նաեւ նրանց հարեւանուհին՝ Աիդա Խաչիկի Խաչատրյանը։

    Եվ այստեղ է համոզմունք առաջանում, որ Խոսրով Ավագյանն ու Զարուհի Պողոսյանը գործել են հանցավոր համաձայնությամբ՝ հակառակ դեպքում, տունը գնելուց եւ դրա դիմաց պահանջված գումարը վճարելուց հետո ինչու՞ պետք է Զարուհի Պողոսյանը համաձայներ, որ բնակարանի նախկին տիրոջ հայրը բնակարանը հանձներ վարձակալությամբ, ավելին՝ դրանից ստացված գումարն էլ կիսվեր նրա հետ։

    Իսկ կասկածանքներն էլ ավելի են ամրապնդվում, երբ ուսումնասիրում ես այս բնակարանի հետագա ճակատագիրը՝ առ ու ծախերի հաջորդականությունը, որոնց արդյունքում միեւնույն է բնակարանի սեփականատերը մնացել է Զարուհի Պողոսյանը։

    Այսպիսով, Զարուհի Պողոսյանը բնակարանի ձեռքբերման հանցավոր հետքե՞րն է վերացրել, թե՞ բնակարանը մի քանի անգամ վերավաճառելով, նախօրոք տրված գումարներն է յուրացրել, թե՞ երկուսը միասին՝ թողնում ենք ընթերցողի դատին։

    2010 թ-ին Խանջյան 31 շենքի 25 բնակարանը վաճառելով տան շուկա միայնակ այցելած Արփինե Մայսուրյանին, նրան տալով 10 մլն 800 հազար դրամի ստացական, Զարուհի Պողոսյանը 5 ամիս հետո վերադառնում է թիմով ու երիտասարդ աղջկանից պահանջում եւս 7 հազար ԱՄՆ դոլար, սակայն որքան է լինում զարմանքը, երբ տեսնում է Արփինե Մայսուրյանի մորը՝ Կարինե Ասլանյանին։ Զ․ Պողոսյանի եղբորորդին անթաքույց զայրանում է․

    -Բա ասում էիք մենակ ապրող աղջիկ ա․․․

    Առք ու վաճառքից անցել է 7 տարի, այդ ընթացքում մահացել է Զարուհի Պողոսյանը, նրա գործը շարունակում է աղջիկը՝ Հասմիկ Պողոսյանը։

    Պողոսյանի իրավահաջորդները չեն նահանջում, իսկ Մայսուրյան ընտանիքը չի հանձնվում․․․

    Արփինե Մայսուրյանի պաշտպան Արթուր Ալիխանյանը պատմում է երիտասարդ աղջկա դեմ կազմակերպված  կեղծ հիմքերով կազմված քրեական գործի ընթացքի մասին։

    Ստացվում է, որ Զարուհի Պողոսյանի պահանջով քաղաքացիական վճիռ կա, որով բնակարանի առք ու վաճառքը ճանաչվել է օրինական, բացի այդ կա փորձաքննություն անցած երկու փաստաթուղթ, որ Զ․ Պողոսյանը Արփինե Մայսուրյանից ստացել է բնակարանի ողջ գումարը։ Այդ դեպքում ինչու՞ է հարուցվել քրեական գործը։ Հատկապես երբ այն հարուցվելուց հետո՝ 03/04/2012թ-ին հանցակազմի բացակայության պատճառով քր գործը մերժվում է։ Ապա որոշ ժամանակ անց նորից «գործի դրվում»։

    Ու այս օրերին, երբ ՀՀ նախկին ու ներկա գլխավոր դատախազներ Գեւորգ Կոստանյանն ու Արթուր Դավթյանը հրապարակային ու ստվերային պատերազմի մեջ են` միմյանց մեղադրելով անօրինական որոշումներ կայացնելու մեջ, երիտասարդ աղջիկը փնտրում է արդարություն ու իր անմեղությունը հաստատող փաստեր, որոնք այդպես էլ անտեսվեցին դատախազների կողմից, ավելին` հենց այս երկուսի թեթեւ ձեռքով մի քրեական գործ կարվեց երիտասարդ աղջկա համար, ով ստիպված է եղել անգամ 41 օր անցկացնել կալանավայրում:

    Զարուհի Պողոսյանն ընդդեմ Արփինե Մայսուրյանի դատական գործին Հայկական Ժամ-ը մի քանի անգամ անդրադարձել է: 7 տարի տեւող դատական այս քաշքշուկը, չէր լինի եթե ինչ-ինչ պատճառներով դատախազությունը շահագռգռված չլիներ կեղծ հիմքերով քրեական գործ հարուցել հօգուտ խարդախների խմբի:

    Այժմ գործը Վերաքննիչ քրեական դատարանում քննություն է անցնում, եւ հենց այս կառույցի կայացրած որոշումից հասկանալի կլինի, թե խարդախների խմբի հովանավորի ձեռքերը որքան են երկար եւ մինչեւ ուր են հասնում․․․

    Աննա Գրիգորյան

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Օգոստոս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
      1 2 3 4 5 6
    7 8 9 10 11 12 13
    14 15 16 17 18 19 20
    21 22 23 24 25 26 27
    28 29 30 31